Կամավորության արժեքը

Հայկազ Նահապետյանը ոգեշնչում է հայ երիտասարդությանը  նպաստել հայրենիքի զարգացմանը


ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ) Երևանի նախագահ Հայկազ Նահապետյանի մոտ հասարակությանն օգտակար լինելու մղումը ձևավորվել է դեռ զինվորական ծառայության տարիներից, երբ սահմանին անցկացրած պատասխանատու տարիներն էլ ավելի ամրապընդեցին նրա մեջ հայրենիքի հանդեպ սերն ու պարտքի զգացումը։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ հայրենիքին ծառայելու գործն իր կոչումն է։ Պարզապես դեռ չգիտեր, թե ինչպես պետք է դա աներ։

Տարիներ անց ՀԲԸՄ-ն դարձավ այդ հարցի պատասխանը։ Զինվորական ծառայությունից հետո Նահապետյանը վերադարձավ համալսարան ու սկսեց որոնել այնպիսի հնարավորություններ, որոնց միջոցով կարող էր ներգրավվել հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություններում՝ կամավորական աշխատանքներից մինչև համայնքային ծրագրեր։

Այս փուլում սկսեց աշխատել մի կազմակերպությունում, որը գործում էր ՀԲԸՄ Հայաստանի շենքում։ «Ամեն օր շենք մտնելիս անցնում էի ՀԲԸՄ-ի տարբերանշանի կողքով, ու մի օր կանգ առա ու կարդացի կազմակերպության առաքելությունը՝ «Նպաստել բոլոր հայերի բարօրությանն ու բարգավաճմանը»։ Մտածեցի, որ սա պատահականություն լինել չի կարող, ու ես պետք է այդ կազմակերպության մի մասը դառնամ»,- հիշում է նա։

Սկզբում տարիքային ու մասնագիտական որոշ սահմանափակումների պատճառով չկարողացավ միանալ ԵԱ Երևանին, սակայն չհրաժարվեց իր նպատակից։ Վեց ամիս անց, երբ աշխատանքի անցավ HSBC-ում, կրկին դիմեց, և 2016 թ.-ի աշնանը դարձավ վերաբացված ԵԱ Երևանի առաջին անդամներից մեկը։

Նրան կարճ ժամանակ էր պետք կամավորից առաջնորդի դերում հայտնվելու համար։ Մեկ տարի ու չորս ամիս անց Նահապետյանն ընտրվեց ԵԱ Երևանի փոխնախագահ, իսկ գրեթե մեկ տարի անց՝ նախագահ։

Image
Haykaz Nahapetyan. Photo credit / Rafayel Adamyan

Haykaz Nahapetyan. Photo credit / Rafayel Adamyan

Հետադարձ հայացք նետելով այդ տարիներին՝ նա հիշում է, որ, թեև ՀԲԸՄ-ն տրամադրում էր մեծ հնարավորություններ ու արժեքավոր կապեր, բայց այդ ճանապարհը հեշտ չէր։ 2016 թ.-ին խմբին միացած 14 անդամներն այն ժամանակ ավելի շատ պատախանատվության զգացում ունեցող մի խումբ երիտասարդներ էին, քան ձևավորված համայնք։ «Հետո հասկացա, որ մեր մեծագույն ռեսուրսը մեր անդամների ու ՀԲԸՄ-ի համաշխարհային համայնքի մասնագիտական բազմազանությունն է, ինչը, սակայն, ամբողջությամբ չէինք օգտագործում»։

Հետևաբար, նրա իսկ նախաձեռնությամբ ստեղծվեց Մասնագիտական զարգացման հանձնախումբը, որի միջոցով անդամները սկսեցին միմյանց աջակցել՝ գործնական հմտությունների զարգացման դասընթացների և աշխատարանների միջոցով։ Սա խթանեց ինչպես գործող, այնպես էլ նոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։

Հաջորդ քայլը հանրային միջոցառումների կազմակերպումն էր՝ նոր անդամներ ներգրավելու համար։ Նահապետյանը հիշում է, թե ինչպես էին անքուն գիշերներ անցկացնում միջոցառումներ կազմակերպելու համար, որոնց սկզբում ընդամենը մի քանի մասնակից էր միանում։ Սակայն նրա հաջողության գրավականը մասնակցության ցածր թվերից չհուսահատվելն ու ուժերը հետևողական աշխատանքի վրա կենտրոնացնելն էր։

Տասը տարի անց փոփոխություններն ակնհայտ են։ ԵԱ Երևանը մի քանի հոգուց բաղկացած փոքր խմբից վերածվել է բազմազան ոլորտներ ներկայացնող ավելի քան 200 երիտասարդ մասնագետներ ունեցող համայնքի՝ բժշկությունից ու իրավագիտությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ ու միջազգային հարաբերություններ։

Այսօր խումբը տարեկան կազմակերպում է ավելի քան քսան միջոցառում և կյանքի է կոչում մի շարք կարևոր նախաձեռնություններ, այդ թվում՝ մենթորական ծրագրեր ՀԲԸՄ «Գլոբալ առաջնորդության ծրագրի» հետ համագործակցությամբ, Art of X շարքը, ինչպես նաև աշխատարաններ, վարպետության դասեր ու համայնքային միջոցառումներ։

Անկասկած, այս տարիների ընթացքում աճել է նաև ԵԱ Երևանի հեղինակությունը։ Եթե գործունեության առաջին տարիներին խումբն էր շահագրգռված գործընկերներ փնտրելու հարցում, ապա այսօր տեղական ու միջազգային կազմակերպություններն են դիմում նրանց համագործակցության առաջարկներով։

Նրանց ջանքերը գնահատանքի արժանացան նաև կազմակերպության ներսում։ 2022 թ.-ին՝ ՀԲԸՄ-ի 92-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ, ԵԱ Երևանն արժանացավ ՀԲԸՄ «Ակնառու ծառայություն» նախագահական մրցանակին, որը Նահապետյանի համար ավելի բարձր նշաձող սահմանելու ևս մեկ ձեռքբերում էր։

Երեք տարի անց նրա գլխավորությամբ AGBU FOCUS-ը պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց Երևանում։ Վերջինս երկամյա միջոցառում է, որը համախմբում է աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդ մասնագետների մեկ վայրում՝ ծանոթանալու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու նպատակով։ Երևանյան միջոցառմանը ներկա էին 28 երկրից շուրջ 600 հայ մասնագետներ, որոնցից շատերի համար սա հայրենիք այցելելու առաջին հնարավորությունն էր։

«Եթե իմ սերունդը կարողանա կամավորությունը դարձնել բնական երևույթ, ապա հաջորդ սերունդը կապրի մի երկրում, որտեղ հասարակությանը  կամավորության միջոցով աջակցելը հաջողակ լինելու անբաժան գրավականը կլինի»։

FOCUS-ը Հայաստան բերելը Նահապետյանի համար նաև անձնական նշանակություն ուներ։ Սփյուռքահայերի հետ երկար տարիների շփումների ընթացքում նա նկատել էր, որ շատերը դեռ թերագնահատում են այսօրվա Հայաստանը՝ այն դիտարկելով որպես փոքր ու խոցելի երկիր, որը շարունակական օգնության կարիք ունի։ Այդ պատճառով FOCUS 2025-ի ծրագիրը կազմելիս թիմը ռազմավարական մոտեցում էր ցուցաբերել Հայաստանը ներկայացնելու որպես զարգացող տեխնոլոգիական երկիր՝ ամուր ֆինանսական համակարգով, ստեղծարար մշակութային կյանքով ու լի նորարար գաղափարներով։

Սակայն նա ընդունում է, որ սփյուռքահայ երիտասարդության մասին իր ընկալումներն էլ են փոխվել։ ՀԲԸՄ-ին միանալուց առաջ նա կարծում էր, թե երիտասարդ սերունդը Հայաստանով այլևս հետաքրքրված չէ։ Սակայն տարիների համագործակցությունը ցույց տվեց հակառակ պատկերը. շատերը հայրենասիրության խոր զգացում ունեն ու պատրաստ են իրենց ներդրումն ունենալ ու դրական փոփոխություններ բերել Հայաստանին։ «Այդ գիտակցումը փոխեց ԵԱ Երևանի մասին իմ պատկերացումը։ Այն ԵԱ խումբ լինելուց բացի՝ յուրօրինակ կամուրջ է սփյուռքի ներուժը հայրենիքում գործի դնելու համար»։

ԵԱ Երևանի ձեռքբերումների մեջ Նահապետյանը հատկապես հպարտ է Հայաստանում կամավորության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության համար։ Նրա համոզմամբ՝ իրենց օրինակը նպաստում է նոր մշակույթի ձևավորմանը։ «Երբ մեր երիտասարդ հայրենակիցները տեսնում են, որ կայացած մասնագետներն իրենց ժամանակն ու եռանդը կամավոր հիմունքներով նվիրում են համայնքին, նրանք վերաիմաստավորում են կամավորության արժեքը։ Եթե իմ սերունդը կարողանա սա դարձնել բնական երևույթ, ապա հաջորդ սերունդը կապրի մի երկրում, որտեղ հասարակությանը կամավորության միջոցով աջակցելը հաջողակ լինելու անբաժան գրավականը կլինի»։

Տասնամյա նվիրյալ աշխատանքից հետո Նահապետյանն այսօր հեռավար աշխատում է Դուբայում գործող ֆինանսատեխնոլոգիական Tabby ընկերությունում՝ որպես արտադրանքի և ծրագրերի ղեկավար։ Միևնույն ժամանակ նա շարունակում է նույն նվիրումով ու ոգևորությամբ իր ժամանակն ու փորձը ներդնել ՀԲԸՄ ԵԱ ցանցում։

Եվ երբ նրան հարցնում են, թե ինչն է շարունակում պահել իրեն ՀԲԸՄ-ում, նա կրկին վերադառնում է կազմակերպության առաքելությանը։ «ՀԲԸՄ-ի առաքելությունն ինձ հետ՝ որպես հայաստանցու, խոսեց նույն ուժգնությամբ, ինչ կխոսեր Փարիզում կամ Բուենոս Այրեսում ապրող հայի հետ։ Բոլոր հայերի բարօրությանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկությունը չպետք է պահանջի սփյուռքի անձնագիր»։

Originally published in the June 2026 issue of AGBU Magazine. end character

About the AGBU Magazine

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։