Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզն ասես ինքնատիպ մի մագնիս լինի, որն անմիջապես գրավում է այցելուներին իր հիասքանչ բնապատկերներով, կենսունակ մշակութային ավանդույթներով ու դարերի խորքից եկող հարուստ պատմությամբ։
Պատմականորեն Զանգեզուր անունով հայտնի այս տարածաշրջանը մշտապես բացառիկ անվտանգային ու ռազմավարական նշանակություն է ունեցել ու դարերի ընթացքում ականատեսն է եղել տարբեր կայսրությունների վերելքին ու անկումներին՝ անձեռնմխելի պահելով իր ինքնությունը։ Պատահական չէ, որ այս օրերին ևս Սյունիքը տարբեր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում է։
Այսօր, այցելելով տարածաշրջան, կարող ես այնտեղ տեսնել ինչպես ծառայություն իրականացնող ռուս զինվորականների, այնպես էլ Եվրամիության դիտորդական առաքելության անդամների։ Ավելին, 2023 թվականից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները պաշտոնապես տեղակայված են Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացված Իրանի հյուպատոսարանում։ Ու թեև մարզի տարբեր հատվածներում ճանապարհների արգելապատնեշներից այն կողմ արդեն երևում են Ադրբեջանի դրոշները՝ Սյունիքի բնակիչներն իրենց շրջապատող լեռների պես ամուր կառչած են իրենց սուրբ հողից։
Տեղացի ձեռնարկատեր Գարիկ Վեզիրյանն իր հայրենակիցներին նկարագրելիս ասում է՝ նրանք բացառիկ ամրություն ու տոկունություն ունեն։ «Այստեղի սարերն ու ձորերն ապրելու մեծ ուժ են տալիս։ Սյունիքը մեծ էներգետիկա և հիասքանչ բնություն ունի»,- ասում է նա։
Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանն ավելի քան յոթ տարի հոգևոր ծառայություն է իրականացնում Վահանավանքում՝ Սյունիքի միջնադարյան վանական համալիրում։ Տարիներ առաջ Իրաքից Հայաստան տեղափոխվելով՝ նա անմիջապես հոգևոր ծառայության է անցնում Սյունիքում ու միանգամից սիրահարվում է ինչպես մարզի բնության հրաշքներին, այնպես էլ բնակիչներին։ Այս մասին խոսելիս նա միշտ շեշտում է. «Սյունեցին նման է այս սարերին՝ կոպիտ, չոր, քարքարոտ, բայց ներսում գանձ կա»։
Լեռներն իրենց ուղիղ ազդեցությունն ունեցել են սյունեցու բնավորության և ինքնության ձևավորման վրա։ Սյունեցիները պինդ, համառ, իրենց հողից կառչած, բայց դեպի նոր վերելքների ձգտող մարդիկ են։
Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ մարզի բնակչության թիվը 2023 թվականի տվյալներով 134,600 է։ Ըստ արդյունաբերության ծավալների՝ Սյունիքի մարզը երկրորդն է՝ Երևանից հետո: ՀՀ արդյունաբերության ընդհանուր ծավալում մասնաբաժինը 2023 թվականին կազմել է 18,8 %։ Մասնավորապես, զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը։ Դա պայմանավորված է մարզի հարուստ բնական պաշարներով՝ պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, արծաթի և այլ մետաղների հանքավայրերով։
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, որ ոչ միայն շքեղ բնապատկերները, այլև արդյունաբերական մեծ ներուժն է, որ Սյունիքն առանձնացնում է Հայաստանի մյուս մարզերից։ Նա նաև շեշտում է մեկ այլ առանցքային յուրահատկություն, որով առանձնանում է Սյունիքը. այն Հայաստանի միակ մարզն է, որ սահմանակից է Իրանին։ «Պատահական չէ, որ այսօր Սյունիքի շուրջ է կենտրոնացած աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ու տերությունների ուշադրությունը»,- ասում է նա։
2020 թվականի արցախյան պատերազմից հետո մարզի առաջնահերթություններն ամբողջությամբ փոխվել են, և առաջին տեղում է հայտնվել անվտանգության հարցը։ Պատգամավորը հիշում է, որ իր մանկության տարիներին միակ դրոշը, որ երբևէ տեսել է Սյունիքի սարերում, Հայաստանի դրոշն է եղել։ «Այսօր մարզի բնակիչներն ամեն օր տեսնում են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Եվրամիության, Իրանի դրոշները։ Այսօր ամբողջ Սյունիքը դարձել է սահմանամերձ։ Այն աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ է։ Եվ այս պայմաններում իմ խոնարհումն եմ հայտնում սյունեցիներին, ովքեր գիտակցելով օրհասական անվտանգային սպառնալիքը, հասկանալով, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սկսել, միևնույն է՝ մնում են իրենց տեղերում՝ պատրաստ զենք վերցնելու ու դիմակայելու ցանկացած հարձակման։ Կարծում եմ՝ լեռներն իրենց ուղիղ ազդեցությունն ունեցել են սյունեցու բնավորության և ինքնության ձևավորման վրա։ Սյունեցիները պինդ, համառ, իրենց հողից կառչած, բայց դեպի նոր վերելքների ձգտող մարդիկ են»,- ասում է Գրիգորյանը։
Անվտանգային մարտահրավերներին զուգահեռ, այսօր սյունեցին փորձում է ապրել լիարժեք կյանքով։ Քաղաքներում ու գյուղերում տեղացիները զբաղվում են իրենց ամենօրյա հոգսերով՝ հույսով, որ հաջորդ արևածագը ևս խաղաղ կլինի։ Վերին Խոտանան գյուղի 57 տարվա բնակիչ Կարեն Հայրապետյանի հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Նա նշում է՝ մարզի մյուս բնակիչների նման իրենց գյուղում էլ հարմարվել են նոր՝ հետպատերազմական իրողությանը։ Խոսելով Սյունիքի առանձնահատկությունների մասին՝ Կարենը հատկապես առանձնացնում է մարզի բնությունը՝ ընդգծելով, որ հենց դա է Հայաստանի ամենահարավային շրջանը դարձնում այդքան յուրօրինակ։ «Սյունիքը մեր հարստությունն է՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով»,- ասում է նա։ Կարենի կարծիքով՝ պատահական չէ, որ վերջին տարիներին մարզում հատկապես զարգացում է ապրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջությունը։
Սյունիքը հայտնի է իր լեռներով։ Դրանց շարքում է Հայաստանի՝ բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Կապուտջուղը (3904 մ), որը նաև Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, ինչպես նաև Խուստուփի լեռը (3214 մ), որը տեղացիները սուրբ լեռ են համարում։ Դրա լանջին են ամփոփված Գարեգին Նժդեհի մասունքները, և հենց այս լեռան պատկերն է գալիս աչքերիդ առաջ Կապան մտնելու ամենաառաջին իսկ րոպեից։
Տաթևի վանական համալիրն ու ճոպանուղին, Սատանի կամուրջը, Քարահունջի հնագույն աստղադիտարանը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը մի քանիսն են այն բազմաթիվ պատմական, մշակութային ու գեղատեսիլ վայրերից, որոնք գրավում են հատկապես զբոսաշրջիկներին։ Վերջին տարիներին կան նաև ծրագրեր՝ զարգացնելու էքստրեմալ զբոսաշրջությունն ու էկոտուրիզմը։
2023 թվականին շահագործման հանձնվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, որն այժմ իրականացնում է միայն ներքին՝ Երևան-Կապան-Երևան չվերթներ։ Թեպետ օդանավակայանը շատ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին և անմիջապես գտնվում է ադրբեջանական զինուժի նշանառության տակ, սակայն 2024 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը հայտարարեց օդանավակայանը նաև միջազգային չվերթների համար ծառայեցնելու ցանկության մասին։
Սյունիքի յուրահատկությունների մասին կարելի է անվերջ խոսել։ Խոհարարական առանձնահատկությունները ևս մարզի ինքնության անբաժան մասն են։ Օրինակ՝ Կապանի կուրկուտը (տավարի նուրբ մսից ու ցորենի հատիկներից պատրաստված ուտեստ), որը ներառված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, կամ խաշիլը (տեղական ուտեստ, որը պատրաստվում է բոված ցորենից և մատուցվում կարագով ու մածնով), Սիսիանի ավանդական պանիրը, Գորիսի ճախաթթուն (բազուկից պատրաստված թթուն) ու անգամ Քարահունջի թթի օղին։ Ամեն տարի հուլիսի 6-ին թթի փառատոնը Քարահունջ գյուղ է բերում մարդկանց Հայաստանի տարբեր շրջաններից։ Նրանք գալիս են՝ տեղացիներից սովորելու թթի տարբեր կիրառությունների մասին։ Իսկ ինչ վերաբերում է Մեղրիում աճող մրգերին, որոնց շարքում հատկապես առանձնանում են նուռն ու թուզը, դրանց հեղինակությունն արդեն վաղուց տարածվել է Հայաստանի սահմաններից անդին։
Սյունեցին նման է այս սարերին՝ կոպիտ, չոր, քարքարոտ, բայց ներսում գանձ կա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահեցնում է՝ մարզպետարանում ջանասիրաբար են աշխատում՝ օր առաջ լուծելու մարզի առաջ ծառացած խնդիրները։ Նա նշում է. «Սյունիքը դատապարտված է լինել միասնական։ Սա է պահանջում պատմությունը։ Սյունիքի սյուները պետք է ամուր լինեն, իսկ սյունեցիներն իրենց քաջ ոգով և աշխատասիրությամբ ընդգծում են, որ կա բնավորություն. լեռները կերտել են մեզ հատուկ բնավորություն»։
Հայաստանի հարավային մարգարտի ամեն անկյունում կարելի է գտնել աննկարագրելի գեղեցկություն, ոգեշնչում և անբացատրելի մի զգացում, որ մասնիկն ես մի բանի, որը սեփական անձից առավել է։ Ամեն անկյունում վեր խոյացող լեռներն ու հին պատմամշակութային և հոգևոր կոթողներն ասես անձայն պատմում են պատմական հայկական հողերի դիմացկունության և տոկունության պատմությունը՝ դառնալով Հայաստանի հարավային դարպասը կոչվող Սյունիքի և սյունեցու ոգու և կամքի ամրության համր վկաները։