Արցախը մենք ենք

Արցախահայերի ուրույն ինքնությունը Հայաստանում


Դարեր շարունակ արցախցին ինքնությունը պահպանել է իր մշակույթի, բարբառի ու ավանդույթների շնորհիվ: Չնայած օտարների՝ պարսիկների և թուրքերի տիրապետության տակ գտնվելուն ու տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կազմում խորհրդային կարգերին ենթարկվելուն՝ արցախահայությունը՝ որպես էթնոս, ինքնապահպանվել է առաջին հերթին իր բարբառի շնորհիվ։ Ահա թե ինչու, դարավոր պատմության ընթացքում առաջին անգամ զանգվածաբար բռնի տեղահանվելուց հետո, արցախցին առաջին հերթին կառչում է իր բարբառից։ Ճգնաժամային իրավիճակը դուրս է բերել նրանց ինքնության ամենակարևոր շերտերը՝ ստիպելով պահպանել իրենց բարբառը, խոհանոցն ու հաղթական ոգին:

Արցախյան բարբառ

Տասնմեկ տարվա ընկերներ Մարիամն ու Տաթևիկը լրագրողներ են։ Մարիամը ծագումով Մարտունիից է, իսկ Տաթևիկը՝ Շոշ գյուղից: Բռնի տեղահանումից հետո Երևանում հաստատվելով՝ նրանք որոշեցին արցախյան բարբառով փոդքասթ սկսել՝ անվանելով այն «Փոդքաթ» (Արցախի բարբառով «քաթ» նշանակում է հեքիաթ կամ զրույց): Ամեն նոր փոդքասթ նրանք սկսում են «եկ քաթ անինք» արտահայտությամբ, որը նշանակում է «արի զրուցենք»:

Մարիամը պատմում է, որ միշտ վախեցել է, որ տեղահանման պատճառով նրա դուստրը՝ Սաթեն, կմոռանա մայրենի բարբառը: Ճիշտ է, Սաթեն դեռ ընդամենը մեկ տարեկան է, սակայն քրոջ որդու օրինակով Մարիամը տեսնում է, թե ինչպես է երեխան օրեցօր գրական հայերեն բառեր օգտագործում՝ ետին պլան մղելով բարբառը:

Նույն երևույթը Տաթևիկը նկատել է իր վեցամյա Դենիի մոտ. ամեն անգամ մանկապարտեզից տուն գալիս որդին գրական հայրենով մի նոր բառ է ասում։ «Վախենում եմ՝ այդպես աստիճանաբար մեր համով-հոտով բարբառը մոռացության մատնվի»,- ասում է Տաթևիկը:

Հենց այդ մտահոգությամբ էլ գործընկերները, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի աջակցությամբ, փոդքասթ սկսեցին, որտեղ խոսում են միայն Արցախի բարբառով ու պատմում իրենց ցավի, ապրումների, մտահոգությունների մասին: Փոդքասթի ընթացքում պարբերաբար տալիս են այս կամ այն բառի ստուգաբանությունը, բացատրում իմաստն ու գործածությունը:

Աշոտ Ավանեսյանը, ով ծնունդով Մարիամի հարազատ Մուշկապատ գյուղից է, ասում է. «Նախագիծը բոլորիս է պետք։ Պետք է անընդհատ լսենք, որ չկորցնենք մեզ: Մենք չենք կարողանում մեր հույզերը, ապրումները բարձրաձայնել։ Աղջիկները դա անում են մեր փոխարեն»:

Սա մի հարթակ է, որտեղ հյուրերը ոչ միայն խոսում են բարբառով, այլ նաև կիսում են մտորումներն ու ապրումները։ Հյուրերից մեկը՝ Տաթև Ազիզյանը, «Փոդքաթ»-ի ժամանակ նշեց, որ չի հավատում, որ Արցախը կրկին հայկական կլինի։ «Այն պահին, երբ նկուղում վեցամյա աղջիկս ինձ ասաց «մա՛մ, չեմ ուզում մեռնել», հասկացա, որ եթե այս անգամ էլ փրկվենք, այլևս Արցախ չեմ վերադառնա»։ Այնուամենայնիվ, նա անմիջապես շարունակում է, «Չնայած իննամսյա շրջափակմանը՝ իմ հիշողությունները լուսավոր են: Նորակառույց եկեղեցին ու դրա բակում հեծանիվ վարող տղաներին եմ հիշում, դեպի աշխատավայր տանող իմ ճանապարհն եմ հիշում, Թումանյան փողոցը, որտեղով սիրում էի քայլել: Միակ ափսոսանքս այն է, որ շատ չեմ քայլել հարազատ քաղաքիս փողոցներով, որպեսզի հիշեմ ամեն մի անկյուն, ամեն մի մանրուք։ Ուր էլ լինենք, ուր էլ գնանք, պետք է հիշենք, որ արցախցի ենք։ Ես ցանկանում եմ, որ աղջիկս արցախահայ մեծանա»։

Հոգեբանական գիտությունների թեկնածու (ԵՊՀ) արցախցի Լուսինե Ղարախանյանն ընդգծում է, որ արցախյան ինքնության խորը և հնագույն շերտերը չեն թողնում իր ժողովրդին խաղաղվել՝ գցելով բարդ հոգեբանական վիճակի մեջ։ «Ամեն ինչ կորցրած մարդու համար իր ինքնությունը պահելը շատ կարևոր է: Արցախի մշակույթի և, հատկապես, բարբառի պահպանումը օրակարգ պետք է դառնա։ Այս պայքարը, այս բնագիծը շատ կարևոր է, բայց բարբառն առանց ֆիզիկական հայրենիքի աշխարհագրության, լանդշաֆտի ու հողի հետ մերձեցման չի կարող պահպանվել»,- ցավով նշում է մասնագետը։

Զգալի փոխադարձ աջակցություն կա նաև Հայաստանի հայերի կողմից։ Այդ մասին վկայում են նրանց արձագանքները փոդքասթին: Մի անգամ հայաստանցի Սեդա Պապոյանը ֆեյսբուքում գրել էր. «Երազիս արցախցի էի։ Արցախում էի, սեպտեմբերի վերջին շաբաթն էր… ավելին՝ տեղահանումից ու գաղթից հետո մի օր էին տվել, որ հետ գնանք ու կարևոր իրերը վերցնենք… մի խումբ մարդիկ էինք, շատ կարճ ժամանակ ունեինք, ու թշնամին գլխներիս կանգնած, ու մեր տունը՝ տոնը, ոնց կասեր արցախցին։ Այսպիսի երազների պատճառը դե պարզ է, բայց երևի շատ է նպաստում նաև արցախյան բարբառով փոդքասթը, որի ամեն մի թողարկմանը քար կտրած հետևում եմ»:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի մասնագետ Արփի Բեքարյանը կարծում է, որ ամենաքիչը ինչ կարող են անել մարդիկ արցախցիներին օգնելու համար, նրանց բարբառը փորձել հասկանալն է, որն արցախցիներին կօգնի հնարավորինս տանը զգալ։ «Նրանք պետք է իրենց բարբառով կարողանան խոսել ոչ միայն միմյանց, այլ նաև մեզ հետ: Հասկանալն էլ կօգնի պահպանել Արցախի բարբառը՝ անգամ եթե մենք ինքներս դրա կրողը չենք: Հավատացեք, որ մի քիչ լսեք, բոլորիդ էլ հասկանալի է լինելու, ու դուք էլ եք ցանկանալու այդ սիրուն բարբառով խոսել»,- նշում է Բեքարյանը, ով իր մեծ աջակցությունը ցույց տվեց Մարիամին և Տաթևին, երբ գաղափարը նոր էր ծնվել։

Նկար
Mariam Sargsyan and Tatevik Khachatryan, the founders of Podcut. Photo Credit / Hakob Hovhannisyan

Mariam Sargsyan and Tatevik Khachatryan, the founders of Podcut. Photo Credit / Hakob Hovhannisyan
Caption
«Փոդքաթ»-ի հիմնադիրներ Մարիամ Սարգսյան և Տաթևիկ Խաչատրյան: Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Ժենգյալով հաց

Պատերազմից և զանգվածային տեղահանումից հետո արցախցի կանայք, հարմարվելով նոր հանգամանքներին, ձեռնամուխ եղան ժենգյալով հաց թխելուն և վաճառելուն՝ իրենց ընտանիքների ֆինանսական դժվարությունները մեղմելու համար։ Այժմ սա շատ կանանց և նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներից մեկն է:

Ռուզաննա Աբրահամյանն այն անհատներից է, ով իր բիզնեսը սկսել էր դեռ Ստեփանակերտում։ Նա փոքր խանութ էր վարձել 8-րդ դպրոցի դիմաց, որտեղ հայոց լեզու էր դասավանդում, ու այն անվանել էր «Արցախի բրենդ՝ ժենգյալով հաց»։ Հետագայում կատարելագործեց բիզնեսի կառավարման հմտություններն ու ավելի ինքնավստահ դարձավ սեփական բիզնես նախաձեռնություններում:

Ինչպես նշում է Աբրահամյանը, ժենգյալով հացը արցախցիների պահքի ուտեստներից է։ Այն սովորաբար թխում և վայելում են ընկերների և հարազատների հետ՝ որպես հատուկ ծիսակարգի մաս՝ հաշվի առնելով, որ գործընթացը բավականին աշխատատար է: Դրա համար անհրաժեշտ է երեք տասնյակ տեսակի կանաչեղենը մանրակրկիտ լվանալ, մանր կտրատել, խմոր հունցել, հետո նոր միայն թխել։ Հին ժամանակներից եկող ավանդույթով տոհմի կանայք հավաքվում և օգնում էին միմյանց՝ ընթացքում էլ երգում ու գինով հացը վայելում։

Ռուզաննայի նոթատետրում գրված են մոտ վեց տասնյակ կանաչիների անուններ: Այնուամենայնիվ, եղանակով պայմանավորված, կանաչիների ոչ բոլոր տեսակներն են միշտ հասանելի, ինչի պատճառով ցուցակը հաճախ նոսրանում է: Այժմ նա արցախյան շատ կանաչիներ փոխարինում է Հայաստանում աճող կանաչիներով։ Իր խոսքով՝ «Այստեղ կարելի է գտնել 15 տեսակի բանջար»։

Ուր էլ լինենք, ուր էլ գնանք, պետք է հիշենք, որ արցախցի ենք։ Ես ցանկանում եմ, որ աղջիկս արցախահայ մեծանա։

Հարցին, թե կոնկրետ ինչու է ժենգյալով հացն այդքան տարածված արցախցիների շրջանում, Ռուզաննան պատասխանում է. «Այն պատրաստվում է պարզ բաղադրիչներով, սերտ կապված է բնության հետ։ Երբ ուտելու բան չէր լինում, հնարամիտ արցախցի կանայք իրենց այգուց կանաչի էին հավաքում, մի քիչ ալյուր շաղախում, խմոր հունցում, հաց թխում ու երեխաներին կշտացնում»։

«Օգտագործված կանաչեղենը հակաբորբոքային և սննդարար է», - ասում է Ռուզաննան, ով կարծում է, որ կարևոր է իմանալ, թե ինչ համամասնությամբ է  պետք խառնել բանջարեղենը, ինչպես է պետք խառնել այն, որքան ձեթ ու սոխ ավելացնել ու որքան պահել կրակին, որ իր օգտակար հատկությունները չկորցնի։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչի համար սա զուտ մեխանիկական աշխատանք չէ, այլ մի ամբողջ աշխարհ՝ հետաքրքրաշարժ բացատրություններով: Ռուզաննան բացատրեց ժենգյալով հացում օգտագործվող կանաչիների անվանումների ստուգաբանությունը. «Օրինակ` սա կոչվում է ճըռճըռոկ, որովհետև քաղելիս, լվանալիս ճըռճըռում է։ Գրական հայերենով՝ ջրջրուկ է, որովհետև միջի ջուրը շատ է: Թրթնջուկն իր անվանումն ստացել է իր թթու համի համար։ Ուտումտիտեմ՝ ուտեմ-նստեմ. սրա մեջ եղած բաղադրիչները թմրեցնող էֆեկտ ունեն, ուտելուց հետո ուզում ես նստել: Վերջապես, ժենգյալով հացի կանաչիների թագուհին՝ կնձմընձուկը։ Այն այդպես է կոչվում, քանի որ ուտելիս կարծես «կծի»։

Հայաստանում շատ են սիրում գնել արցախցի կանանց պատրաստած ժենգյալով հացը։ Ռուզաննան նշում է, որ Հայաստանում հացը սիրելուց զատ, այն հաճախ գնում են նաև սրտացավությունից դրդված՝ ի աջակցություն արցախցի կանանց:

Նկար
Ruzanna Abrahamyan selling fresh zhengyal bread at the Christmas market in Yerevan.

Ruzanna Abrahamyan selling fresh zhengyal bread at the Christmas market in Yerevan.
Caption
Ռուզաննա Աբրահամյանը թարմ ժենգյալով հաց է վաճառում Երևանի «Սուրբ ծննդյան տոնավաճառ»-ում: Լուսանկարը՝ Ռուբեն Օտյանի

«Արցախի ձայներ»

Ինչպես բարբառը, ժենգյալով հացն ու «Տատին ու պապին», Արցախի մեկ այլ խորհրդանիշ է «Արցախի ձայներ» նախագիծը։ Այն համախմբում է արցախցի տաղանդավոր երգիչներին՝ Արցախի ձայնը լսելի դարձնելու միջազգային հարթակներում։

Մինչ Արցախը կորցնելը նախագիծը խորհրդանշում էր ազատ ու անկախ ժողովրդի ոգին՝ ծառայելով որպես չճանաչված երկրի զինանշան: Նրանք արժանապատվորեն ներկայացնում էին Արցախը ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում ունեցած իրենց հյուրախաղերի ընթացքում՝ հպարտությամբ ու ինքնավստահությամբ ներկայացնելով երգեր, որոնք խորհրդանշում էին իրենց ժողովրդի ու երկրի հաղթական ոգին։ Նրանք նաև մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների՝ մեկը մյուսի հետևից հաղթանակներ գրանցելով։

«Արցախի ձայներ» նախագծի անդամ Վլադիմիր Արզումանյանի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Մանկական Եվրատեսիլ»-ը։ Նախագիծը նաև երեք անգամ Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ»-ում, երեք անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն երաժշտական նախագիծ և հաղթել «Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում։

«Շատ դժվար է այս ամենից հետո կրկին երգել։ Երբ հաշվապահ կամ բժիշկ ես, մեծ ողբերգությունից հետո կրկին քո գործով զբաղվելն ավելի հեշտ է: Բայց երբ նորից պետք է երգես, հատկապես, երբ գիտակցում ես, որ բոլոր երգերն արժեզրկվել են՝ այն ամենը, ինչին հավատացել ես, ինչին կյանքդ ես նվիրել, այսօր նախկին հնչեղությունը չունեն, շատ դժվար է»,- ասում է «Արցախի ձայներ» նախագծի հեղինակ և պրոդյուսեր Լիրա Քոչարյանը: «Ես մտածում էի, թե արդյոք արժե նորից սկսել: Հետո հասկացա, որ մեծ կարոտ կա Արցախի հանդեպ, Արցախի հետ կապված ամեն ինչի հանդեպ։ Շարունակելը կմիավորի բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են Արցախը, ովքեր իրենց կարոտը կառնեն «Արցախի ձայներ»-ից: Դա նաև վերականգնվելու համար յուրահատուկ թերապիա կլինի, որպեսզի այս սերունդը իրեն կռնատ, թևաթափ եղած չզգա: Ահա թե ինչու եմ աշխատում հատկապես փոքրերի հետ»։

Քոչարյանը նշում է, որ այժմ նոր երգերի, չափանիշների, կարգախոսների և նախագծերի մեծ անհրաժեշտություն կա։ Բայց, իհարկե, «Արցախի հորովելը» և մի շարք այլ երգեր կմնան իրենց երգացանկում՝ նոր մատուցմամբ ու հնչողությամբ։ «Հորովելը Արցախի երգ երգոցն է։ Այն սոսկ երգ չէ։ Այն գաղափար է, մի ամբողջ ժողովրդի պատմությունն ու մշակույթն է»:

Հետաքրքիր է, որ հենց պատերազմի օրերին փոքրիկ Միշան` Միքայել Գրիգորյանը, ով Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ»-ում, սկսեց երգեր գրել։ Տղայի հայրն ու եղբայրը ռազմի դաշտում էին, ու նրա ապրումներից ծնունդ առան նոր երգեր:

Մի ուրիշ աղջիկ Հադրութից սկսել է երգեր գրել Հադրութի կորստից հետո։ Նա նույնպես համալրել է «Արցախի ձայներ» նախագծի շարքերը: Նա գրում է «Նամակներ Հադրութից» և յուրաքանչյուր նամակ սկսում է «Բարև Հադրութ»-ով և ավարտում՝ «Քո, Վիկա»-ով: «Հադրութցի աղջիկն իր ցավն ու հույսն արտահայտում է էպիստոլյար ժանրում»,- ընդգծում է Քոչարյանը։

Քոչարյանի համար կարևոր է նաև նոր գաղափարների վրա կենտրոնանալը՝ ներառելով արցախյան բարբառն ու բանահյուսությունը։ «Ես չեմ ուզում՝ միայն պատերազմի մասին երգեն։ Ուզում եմ սիրո, բնության երգեր լինեն։ Նաև ժողովրդի իմաստությունն եմ ուզում բերել մեր երգացանկ, և կենդանացնել «Նախշուն բաջի» երգը, որը ղարաբաղցի կնոջ հավաքական կերպարն է՝ հումորով համեմված»:

Նախագծի հեղինակի խոսքով, թեև ոչ բոլորն են համակրում արցախցիներին, սակայն բարբառը սիրում են բոլորը։ Այն արցախցիների բնութագրիչն է և կլինի «Արցախի ձայներ» նախագծի երգացանկի անբաժան մասը:

Հորովելը Արցախի երգ երգոցն է։ Այն սոսկ երգ չէ։ Այն գաղափար է, մի ամբողջ ժողովրդի պատմությունն ու մշակույթն է:

«Արցախի ձայնը պետք է հնչի որպես հույսի ձայն, որպես հպարտ ու պայքարած ժողովրդի ձայն, որպես արցախցու ինքնության, ուժի խորհրդանիշ», - ասում է նախագծի հիմնադիրն, ով ունի աշխատելու մեծ ցանկություն, սակայն չունի դա անելու տարրական պայմաններ: «Արցախում կար ձայնագրման ստուդիա, փորձերի համար նախատեսված տարածք։ Տաղանդավոր երեխաների ծնողները գիտեին՝ ուր դիմել իրենց երեխայի մասնագիտական ապագան ապահովելու համար։ Հիմա այդ ամենը չկա, բայց մի բան անփոփոխ է. Արցախը տաղանդի պակաս չունի։ Հողի ուժը դեռ խոսում է»:

«Մենք զգալի ներուժ ունենք Արցախը համաշխարհային բեմերում և թվային հարթակներում ներկայացնելու համար։ Ժամանակի հրամայականն է այնպես անել, որ երգիչները հանապազօրյա հացի համար չթողնեն իրենց մասնագիտությունը: Իսկ ամեն ինչ կորցրած մարդու համար նման անցումը բնական է»,- հավելում է նա։

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ «Արցախի ձայներ»-ի տեսադարանը զգալի արժեք ունի: Երգերի տեսահոլովակների մեծ մասը նկարահանվել է Արցախի հրաշագեղ բնության, Ստեփանակերտի ու Շուշիի պատմական և մշակութային նշանակություն ունեցող վայրերում: Այս տեսանյութերը ծառայում են որպես կորսված հայրենիքի նվիրական հուշեր։

Այսօր արցախցու ինքնությունը վտանգված է, քանի որ նա հեռանում է հայրենիքից՝ ցիրուցան անելով իր յուրահատուկ ազգային ձուլվածքը: Ազգային դիմագիծը կորցրած բնակավայրերը վաղը կարող են վերականգնվել՝ մուղամի փոխարեն կրկին շարականներ հնչեցնելով։ Այս վերականգնումը կարող է լինել միայն այն դեպքում, եթե արցախցին պահպանի իր առանձնահատկությունները, իր ուրույն ժառանգությունը և չձուլվի օտարին։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է June 2024 ​issue of AGBU Magazine. end character

About the AGBU Magazine

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։