Ստամբուլի հայկական այցեքարտը

Բալյանների ճարտարապետության մնայուն դրոշմը


Ստամբուլում Բալյան ընտանիքի թողած ճարտարապետական ժառանգությունը Օսմանյան կայսրության հայերի գեղարվեստական ձիրքի  վառ արտացոլումն է։ Մի քանի սերունդ շարունակ Բալյանները եղել են օսմանյան ճարտարապետության ամենաազդեցիկ վարպետներից՝ ուրույն դիմագիծ տալով Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) քաղաքային ճարտարապետությանն ու ինքնությանը:

Բալյանները սերում են Կեսարիայի նահանգից։ Տաղանդավոր արհեստավորների ընտանիքը նախագծել և վերահսկել է քաղաքի մի շարք առաջնակարգ շենքերի շինարարությունը: Մասնավորապես, Բալյանների ինը սերունդ իր ներդրումն է ունեցել պալատների, սրբազան գերեզմանատների, մզկիթների, եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների և հանրային շատրվանների նախագծման և շինարարության գործում։

Ճարտարապետական այս կոթողները փոխակերպել են Ստամբուլի դիմագիծը հատկապես ճարտարապետական նոր ոճի ներդրմամբ, որը միախառնում է եվրոպական բարոկկոն Օսմանյան կայսրության արևելյան գեղագիտական ավանդույթների հետ: Վերջինս աստիճանաբար դարձավ Բալյանների ճարտարապետության ինքնության բնորոշ գիծը և կայսրության վեհության խորհրդանիշը:

Նրանց աշխատանքներից ամենախորհրդանշականը՝ Դոլմաբահչե պալատը, օսմանյան ճարտարապետության գլուխգործոցն է: Պալատը, որը եղել է  Օսմանյան կայսրության գլխավոր վարչական կենտրոնը, իսկ հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի վերջին օրերի կացարանը, ամենամեծն է ամբողջ Թուրքիայում:

Նկար
Left: Büyük Mecidiye Mosque, Right: Dolmabahçe Clock Tower

Left: Büyük Mecidiye Mosque, Right: Dolmabahçe Clock Tower
Caption
Ձախից: Մեծ Մեջիդիյե մզկիթ

Աջից: Դոլմաբահչե պալատի ժամացույցի աշտարակ

Դոլմաբահչե պալատի կառուցումը սկսվել է 19-րդ դարի կեսերին սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պատվերով՝ փոխարինելու ավելի հին Թոփքափի պալատը կայսերական նստավայրով։ Արքունիքը նախագծվել և կառուցվել է 1843-1856 թթ.-ին Կարապետ Բալյանի և նրա որդի Նիկողայոսի կողմից: Պալատի բարոկկո, ռոկոկո և նեոդասական ոճերի ապշեցուցիչ խառնուրդը, զուգորդված ավանդական օսմանյան տարրերով, այն ժամանակ դեպի արդիականացում անցումն էր նշանավորում՝ ազդարարելով եվրոպական վեհությունը ընդօրինակելու՝ կայսրության ձգտումը: Բալյանների համար դա ոչ միայն ճարտարապետական​​ նվաճում էր, այլև տոկունության արտահայտման յուրօրինակ միջոց՝ ապացուցելու, որ, լինելով հայ, կարող էին այնպիսի աշխատանքներ ստեղծել, որոնք կբնորոշեին կայսրությունը:

Դոլմաբահչեից բացի՝ Բալյանների ձեռքին են պատկանում Ստամբուլի մյուս հիմնական տեսարժան վայրերը, այդ թվում՝ Բեշիքթաշ և Օրթաքոյ մզկիթները, Բայազետի աշտարակը և Չըրաղան պալատը: Այս կառույցները կայսրության շրջանում դարձել են պաշտամունքի, կառավարման և սոցիալական հավաքների համար հանրությանը հասանելի տարածքներ՝ նպաստելով կայսրության մշակութային և քաղաքացիական կյանքի ծաղկմանը։ Բացի գեղագիտական ուրույն լուծումներից՝ Բալյանների նախագծերն աչքի էին ընկնում նաև նորարարությամբ՝ համադրելով ֆունկցիոնալությունն ու արվեստը։ Չնայած Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած անբարենպաստ կարգավիճակին՝ Բալյանները իրենց բացառիկ տաղանդի և վճռականության շնորհիվ կարողացան մեծ համբավ ձևավորել իրենց շուրջ: Այսօր Բալյանների ընտանիքի ժառանգությունն ավելին է, քան իբրև ճարտարապետական կոթողները։ Այն մշակութային գոյատևման և հաղթանակի հզոր բնութագրիչ է:

Բալյանների ճարտարապետության մասին ավելին իմանալու համար դիտե՛ք երկու մասից բաղկացած The Balyans, Armenian Architects of the Sultans, և Sarkis Balyan: The First Star Architect of the Ottoman Empire AGBU WebTalks-ը։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։