Նամակներ կաթողիկոսին

Համիդյան ջարդերը վերապրածների աչքերով՝ Խրիմյան Հայրիկին ուղղված նամակներում


Համիդյան ջարդերն (1894-1896) Օսմանյան կայսրության հայերի դեմ զանգվածային բռնությունների և սպանությունների շարք էր, որը 19-րդ դարում հող նախապատրաստեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանության համար։ Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք իրականացված այս դաժան գործողությունները խլեցին 88000-ից (ըստ՝ Յոհաննես Լեփսիուսի տվյալների) 300000 (ըստ՝ Ֆրանսիայի դեսպանատան) հայի կյանք, իսկ ավելի քան 500000 հայ մանուկ մնաց անտուն ու անծնող՝ որբանոցների հույսին։ Նրանցից շատերը հետագայում որդեգրվեցին ու թրքացվեցին, իսկ հարյուր հազարավոր այլ հայեր տեղահանվեցին իրենց հայրենի հողերից ու զրկվեցին ունեցվածքից։

Հարյուր երեսուն տարի անց այս հոգեմաշ իրադարձություններին առավել հաճախ անդրադառնում ենք որպես պատմական փաստ, այլ ոչ անհատների ու ընտանիքների ողբերգություն, գուցե նաև այն պատճառով, որ գրեթե ոչինչ չգիտենք մեր հայրենակիցների ապրածի ու անցած դժվարին ճանապարհի մասին։

Սակայն 2019 թվականին ժամանակի միջով ճանապարհորդելու և ավելի քան մեկ դար անց իրադարձությունները վերապրածների աչքերով նորից տեսնելու ու զգալու մի դուռ բացվեց։ Մատենադարանում պահվող Ամենայն Հայոց 125-րդ Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանի արխիվում տեղ են գտել ավելի քան 8000 փաստաթուղթ և նամակ, որոնք գրվել են հայության կողմից 1893-1907 թթ.-ին և բացահայտում են Համիդյան կոտորածների ողջ էությունը։

Ըստ նամակների՝ հազարավոր տառապյալներ, անասելի դժվարություններ հաղթահարելով և դաժանություններին դիմակայելով, Արևմտյան Հայաստանից ձեռնունայն փախել են Ռուսահայաստան և ապաստան գտել նախ Սբ. Էջմիածնի բակում, ապա կաթողիկոսի հրահանգով ժամանակավորապես հաստատվել են մի որևէ գյուղում։

Նկար
Mkrtich I Khrimian, Catholicos of All Armenians

Mkrtich I Khrimian, Catholicos of All Armenians
Caption
Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապավինելով իրենց հոգևոր առաջնորդին՝ նրանք նամակներ են գրել՝ խնդրելու բավարարել ամենատարբեր կարիքներ՝ ապաստան, հագուստ, գումար ու հաց աղերսելուց մինչև գյուղերում շրջելու և դրամական օգնություն խնդրելու թույլտվություն, որպեսզի կարողանան ապօրինաբար ձերբակալված իրենց հարազատներին ազատել բանտերից։ Սակայն գրեթե միշտ, խնդրանքը շարադրելուց զատ, նամակագիրները մանրամասն պատմել են իրենց անձնական ու ընտանեկան պատմություններն ու երբեմն նույնիսկ լույս սփռել ողջ գյուղով մեկ իրագործված հանցագործությունների վրա։

125-րդ կաթողիկոսի արխիվը ոչ միայն փաստագրում է կոտորածների ժամանակ հայերի կրած անհատական ​​վիթխարի կորուստը, այլ նաև լույս է սփռում ժամանակի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի ու զարգացումների վրա։

Բացի այդ, այս նամակների շնորհիվ Խրիմյան Հայրիկին բացահայտում ենք նոր լույսի ներքո և ևս մեկ անգամ համոզվում, որ ժողովուրդը նրա մեջ տեսնում էր և՛ գոյություն չունեցող պետությունը, և՛ հոգևոր առաջնորդին, և՛ աջակից ծնողին։

Առհասարակ, Մկրտիչ Խրիմյանը Կաթողիկոս ձեռնադրվեց հայերի համար անասելի դժվարին ժանակաշրջանում և ոչ միայն դարձավ ժողովրդի հույսն ու ապավենը, այլև լայնածավալ հայամետ գործունեություն ծավալեց։ «Թղթե շերեփ» արտահայտության հեղինակը, որի միջոցով ընդգծում էր հայ ժողովրդի նկատմամբ ժամանակի անարդարությունները, անասելի ու աներևակայելի թիկունք է եղել իր զավակների համար։

Նկար
Original sample letters from Catholicos Mkrtich I Khrimian’s archive preserved at Matenadaran.

Original sample letters from Catholicos Mkrtich I Khrimian’s archive preserved at Matenadaran.
Caption
Մատենադարանում պահվող  Մկրտիչ Ա Խրիմյան  կաթողիկոսի արխիվից բնօրինակ նամակներ։ Արխիվը պարունակում է ավելի քան 8000 նամակ և փաստաթուղթ՝ գրված Համիդյան կոտորածներից մազապուրծ հայության կողմից։ 

Այս ողբերգական իրողությունը վերապրածների աչքերով տեսնելու հնարավորություն տալուց բացի՝ նամակներն ունեն նաև գիտական մեծ արժեք։ Մատենադարանի գիտաշխատող պ.գ.թ. Վերա Սահակյանը նշում է, որ դրանք կարող են ուսումնասիրության առարկա դառնալ մի շարք ոլորտներում և գիտակարգերում, այդ թվում՝ պատմագրության, ցեղասպանագիտության, տեղանվանագիտության, բարբառագիտության և այլնի մեջ։

2020 թ.-ին Խրիմյան կոթողիկոսի 200-ամյակին նվիրված իր գրքում Վ. Սահակյանն անդրադարձել է Մուշի Բուլանուխ գավառի 28 գյուղերից մեզ հասած նամակներին և դրանց միջոցով վերստեղծել ջարդերի ժամանակ և դրանից առաջ գյուղերում տիրող իրավիճակը։ Օրինակ՝ Յոնջալու գյուղի համար նա գրում է. «Այս բազմաթիվ նամակներից հասկանալի է, որ 1893-ից գյուղում մեծ թափ են առել մանկահասակ երեխաների առևանգման դեպքերը, բնակչությունը ենթարկվել է հարստահարման, թրքացման և կրոնափոխության հարկադրանքի՝ որպես հարկերից ազատվելու միջոց»։

Վ. Սահակյանը նշում է, որ հատկապես Օսմանյան կայսրությունում հայաբնակ գյուղերի բացահայտման ու հայ բնակչության թվի ճշգրտման համար սա բացառիկ արխիվ է։

19-րդ դարում Օսմանյան իշխանությունները պաշտոնական աղբյուրներում հաճախ նվազեցնում էին հայ բնակչության թիվը և ավելացնում մուսուլմաններինը՝ այս կերպ կայսրության արևելյան հատվածներում աստիճանաբար ջնջելով հայկական ներկայությունը։ «Նամակագիրները վերջում նշել են իրենց հայրենի տների հասցեները՝ ներառյալ գյուղը և գավառը, որտեղից գաղթել են։ Այս առումով նամակներ կան, որ եզակի արժեք ունեն, քանի որ բացահայտում են, որ նախկինում հայաբնակ չհամարվող որոշ գյուղեր իրականում ունեցել են ինչ-որ քանակի հայ բնակչություն։ Դեպքեր են եղել, որ ամբողջովին նոր գյուղի անուն է բացահայտվել, օրինակ՝ Կաղանջը։ Այն նախկինում մեզ բոլորովին անհայտ գյուղ է։ Այս գյուղից արխիվում մեկ նամակ կա, որը վկայում է, որ Խրիմյանի կաթողիկոսության օրոք այնտեղ առնվազն երկու հայ ընտանիք (15 մարդ) է ապրել։

Օսմանյան իշխանությունների կողմից հաճախ այս կամ այն հատվածում վերաբնակեցումներ էին լինում՝ հայկական համայնքներին մի գավառից մյուսը տեղափոխելով։ Դա վառ արտացոլված է նույն գյուղից տարբեր բարբառներով գրված նամակներում, որը կարող է օգնել հասկանալ, թե կայսրության որ հատվածներից են եղել վերաբնակեցումներ դեպի տվյալ գյուղ։ Սա էլ արժեքավոր աղբյուր է բարբառագիտության տեսանկյունից։

Նամակների ուսումնասիրությունն ու հրապարակումը մեկ այլ միտում ևս ունի։ Վ. Սահակյանը վստահ է, որ այն հնարավորություն կտա հայկական սփյուռքին վերադառնալու իրենց արմատներին և լրացնելու տոհմածառի բացերը։ Դրան ուղղված առաջին քայլերից էր գրքում տեղ գտած հարյուր նամակի թարգմանությունն անգլերենի, որպեսզի բովանդակությունը հասանելի լինի նաև անգլիախոս հանրությանը։

Ջանքերը նպատակին ծառայեցին, քանի որ նա աստիճանաբար սկսեց նամակներ ստանալ սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներից, ովքեր խնդրում էին գտնել այս կամ այն գավառից իրենց հարազատի նամակները։ Սակայն մի դեպք Վ. Սահակյանն առանձնահատուկ հուզմունքով է հիշում։ «Մի օր Մատենադարանում ինձ ասացին, որ մի երիտասարդ է ինձ փնտրում։ Պարզվեց նամակների հետքերով Հայաստան եկած մի գերմանահայ էր, ով եկել էր ինձ իր երախտագիտությունը հայտնելու։ Ասաց, որ թարգմանված նամակներից մեկն իրենց ընտանիքին է պատկանում ու օգնել է մոտենալ արմատներին։ Սիրտ մաշող բովանդակությամբ այդ նամակների հետ օր ու գիշեր աշխատելուց հետո դա լավագույն գնահատականն էր, որին արժանացա։ Կարծես անցյալի ձայները կապած լինեի ներկա սերնդի հետ», ասում է Վ. Սահակյանը։

Հատընտիր նամակներ

Նամակները խմբագրված չեն և ներկայացնում են 130 տարի առաջ Արևմտյան Հայաստանի տարբեր գյուղերում գործածված հայերեն խոսքն՝ իր ողջ հմայքով

_________________

Նորին Վեհափառութեան Աստուածընտիր Կաթուղիկոսի եւ Ծայրագոյն Պատրիարքի Ամենայն Հայոց Տեառն Տեառն Մկրտիչ Հայրիկին Մշոյ Նահանգի Բուլանլուխ Գաւառի Թաքեարլու Գիւղիացի Այրի Նուբար Մարկոսեանէ

Աղերսանօք խնդիր

Ո՛վ Տէր, Ահա երեք տարի է, որ ամուսինս մեռած [է]։ Իւր մահից յետ թողուց ոչ միայն մերկ եւ քաղցած զաւակներ, այլեւ մէկ պարտամուրհակ, որով պարտ ենք ութ մէճիթեայ ոսկի. մինչեւ ցայժմ հարկաւ անտէր, անօգնական լինելով, չեմ կարողացել յիշեալ պարտքն վճարել։ Յիշեալ պարտատէր քուրդ Իսայ աղան, սոյն հանգամանքից օգտուելով, քանիցս բռնաբար առաջարկութիւն է արած. կ[ա]մ յիշեալ պարտքը վճարեմ, կ[ա]մ եթէ ոչ՝ իմ աղջիկս կնութ[եան] տամ իրեն։ Սորա համար էլ մէկ ամիս հազիւ ինձ միջոց է տուել. որովհետեւ մի քանի անգամ հարձագուեց տանս վր[ա] սրերով եւ ատրճանակներով։ Ուստի ո՞ւր կարող էի դիմել, եթէ ոչ Ձեզ՝ միակ Տիրոջդ, որէվ յոյս եւ ապաւեն ինձանման նեղելոց եւ անճարից։ Աղաչո՛ւմ եմ Տէ՜ր, բարեհաճէ՛ք ողորմանալ եւ փրկել իմ աչքիս լոյս աղջկանս անմեղ կեանքը՝ քուրդ բարբարոս եւ արիւնարբու պարտատիրոջ ճիրան[ն]երից, որի յոյսով բոկոտն ճանապարհ եկի։
 

1894 ամի, 5ն Փետրվարի Վաղարշապատ

_________________

Նորին Վեհափառութեան Կաթուղիկոսի Ամենայն Հայոց Տեառն

Տեառնե Մկրտչի Ա. Տաճկահպատակ Բուլանուղ Գիւղի Մատթէոս Քահանայէ Տէր Գէորգեան եւ Կարակիլիսա Գիւղի Սահակ Սերովբեանէ

Աղերսանօք խնդիր

Վեհափա՛ռ Տէր, 1893 թուի սեպտեմբեր ամսից Տաճկաստանի քուրդ եւ տաճիկներն ամենասաստիկ նեղութեան եւ վնասուց են տանջում մեր հայերին։ Այն է՝ հորած ցորեանն տիրում են, ամբարած ցորեանն տիրում են։ Գիշերներն մեր կին ընտանեաց հետ կատարում են իւրեանց շնութիւնն եւ սպանում են։ Օտարութիւնից երբ վերադառնում են հայ մշակներն, նրանց աշխատած դրամն եւ տունն կողոպտում են եւ սպանում։ 18 տուն Համզաշեխ գիւղից փոխում են ստիպմամբ թուրք կրօնի, որոնց 3-ին սպանել են, եւ այժմ 28 հայ հոգու կախաղանի հրաման է արձակուած։ Վարդենիս գիւղի Մարգար վարժապետին 3 օր կախած պահեցին, որին, Բաղիշու Կարմրական եկեղեցին դրած ժ[ա]մ[ա]ն[ա]կին, գիշերապահ թուրքերն տեսել են նորա վ[րա]յ լոյս իջնելուս եւ վկայել են։ Այս պատճառաւ վկայ թուրքերին նշանակուեց 3 ամիս բանտ։ Էֆենդիքն եւ աղաներն ստիպմամբ հայ գիւղերից պահանջում են 40–50 ոսկի կամ սպանում։ Առաջնորդ Ներսէս վ[ա]րդ[ա]պ[ետ]ին 2 տարի նշանակած է բանտ, որից 450 ոսկի թաբախ շրջելով ստիպմամբ պահանջեցին, եւ այժմ բանտարկուած է նա։ Էֆենտիքն եւ աղաներն նստում են զօռով հայ գիւղերում եւ վնասուց են տանջում, եկեղեցիքն ոչխար են լցնում, այնպէս, որ հայի համար լաւ է մեռնել, քան թէ այսպէս՝ կիսակենդան մնալ։ Վեհափա՛ռ Տէր, հայերին արգելում են հեռագիր տալ, որով լինի գուցէ օգնութիւն։ Այս նեղութեանց եւ սպանմանց պատճառաւ դիմելով Սուրբ Հօրդ գարշապարն՝ երեսանկեալ եւ արտասուոք աղաչեմք մեր խեղճ հայոցը մի փրկութիւն եւ օգնութիւն։

Վեհափառութեանդ ամենախոնարհ ծառայ՝

Մատթէոս Քահանայ Տէր Գէորգեան եւ Սահակ Սերովբեան

19 Ապրիլի, 1894 ամի

_________________

Նորին Սուրբ Օծութեան Տեառն Տեառն Մկրտչի Ա.

Կաթուղիկոսին Ամենայն Հայոց

Ամենախոնարհ խնդիր

Յայտնի է Ձերդ Վեհ[ափառ] Օծութեան, որ այս քանի ժամանակներս Տաճկահայաստանում [բառացի՝ Թրքահայաստան], մասնաւորապէս Սասունի եւ Մշոյ կողմերում ոչ մի հայ ապահովութիւն չունի իւր կեանքի համար. ոչ ոք չէ կարողանում դուրս գալ իւր տնից առանց թուրքերին կամ քրդերին զոհ դառնալու։

Այդ տարաբաղդ զոհերից եղաւ Մշոյ գաւառի (Բուլանըխ) Ատկօն գիւղի ութսունամեայ Տէր Առաքէլ Աւագեան քահանայի ընտանիքը։ Սասունի կոտորածի առիթով նորան եւ ինձ, որ նորա որդին եմ, տարան ձգեցին Կոփա բանտը, ուր պահեցին չորս ամիս ժամանակ։ Այս միջոցին իմ եղբօրս՝ Գասպարին, կրօնափոխ արին բռնի կերպով։
 

Չարաբաղդ հայրս ստիպուած եղաւ իւր բոլոր կարողութիւնը ծախել, իւր ունեցած-չունեցածը ծախել, որով կարողացաւ ազատել բանտից՝ թէ իրեն եւ թէ՝ ինձ։ Բայց այժմ էլ նորան ամենեւին հանգիստ չեն թողնում։ Չեն թողնում, որ գոնէ եկեղեցի գնայ եւ ստիպում են, ինքն էլ իւր ընտանիքով ուրանայ իւր սուրբ հաւատը, ընդունի մահմէտականութիւն եւ թուրքի մօլլայ դառնա[յ], ասելով. «Ինչպէս որ Ապրօյեան Գասպարը մահմէտական դարձաւ, այնպէս էլ դու պէտք է մահմէտական դառնաս, որ Գասպարին եւ միւս դարձած հայերին մօլլայութիւն անես»։

Իսկ ես մի կերպ կարողացայ Համիդիէյի հարիւրապետ Ասսադ աղա անուն քրդից պարտքով առնել եօթանասուն օսմանեան լիրա եւ ազատել մահմէտականացած եղբօրս քրդերի ձեռից, եւ նորան իւր ընտանիքով հետս առած՝ անցայ Ռուսաստան՝ Ղարսի գաւառի Քիւրէք դէրէ գիւղը, ուր եւ թողի եղբօրս ընտանիքը։ Իսկ իմ ընտանիքը միւս եղբօրս հետ մնացել է հայրենի գիւղումս, ուր իբրեւ պատանդ ծառայում են իմ երկու եւ այդ եղբօրս երկու աղջիկները, որոնք անկասկած զոհ կը գնան մահմէտականութեան, եթէ չկարողանամ վճարել այդ եօթանասուն լիրա պարտքս։ Այդ գումարն էլ քիւրդը տուեց ինձ այն պատճառաւ, որ կարծում էր, թէ ես էլ եղբօրս նման մահմէտական եմ դարձել եւ կամ հակուած եմ դառնալու։ Ես էլ, քաղցին եւ ամենատեսակ զրկանքներին համբերելով, շտապեցի Ղարսից գալ Նոր Նախիջեւան առ ոտք Ձերդ Ս[ուրբ] Օծութեան արկանելու իմ ամենախոնարհ աղերսագիրը եւ խնդրելու, որ շնորհէք ինձ մի կոնդակ, որով միջոց ունենամ ազգայնոցս մէջ պտտելով հանգանակել հարկաւոր գումարը, որով կարողանամ ազատել թուրքերի եւ քրդերի ձեռքերից իմ ընտանեաց եւ մատաղ կոյսերի հոգիները։ Մի՛ մերժէք, Վեհափա՛ռ Տէր, տառապեալիս աղերսը, որ եկել եմ այսքան ճանապարհ կտրելով, հազար տեսակ նեղութիւնների համբերելով եւ այն յուսով, որ ձեռնունայն պիտի չմնամ։

Ձերդ Սուրբ Օծութեան ամենախոնարհ ծառայ՝ Մուշի Ատկոն գիւղի բնակիչ Սէրոբ Տէր Ապրօեան

1895 ամի, 9 Մայիսի Նոր-Նախիջեւան

_________________

 

Խրիմյան Հայրիկի մասին ավելին իմանալու համար դիտե՛ք նրա կյանքի և թողած ժառանգության մասին պատմող AGBU WebTalk-երը:

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։