Երբ 25 տարի առաջ Նարեկ Հարությունյանը հիմնեց «Նարեկացի արվեստի միություն»-ը (ՆԱՄ), Հայաստանը դեռևս անցումային փուլում էր։ Տնտեսական և քաղաքական անորոշությունները շարունակում էին մթագնել երկիրը, և նա հասկացավ, որ արվեստը կարող է դառնալ ազգի նոր ինքնությունը սահմանող ոլորտներից մեկը։ Երևանի սրտում հիմնեց ՆԱՄ-ը՝ որպես արվեստագետների հարթակ, մշակութասերների ապաստան և Հայաստանի ու աշխարհի միջև կամուրջ։
Չնայած դժվարություններին, ռիսկերին և մշտական ֆինանսական մարտահրավերներին՝ Հարությունյանը երբեք չի շեղվել իր համոզմունքից, որ արվեստը պետք է ազատ և հասանելի լինի բոլորին։
Ի սկզբանե նա վճռական էր տրամադրված, որ ՆԱՄ-ը արվեստագետներից գումար չէր գանձելու նրանց հմտությունները հղկելու կամ ելույթներ ու ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով տարածքն օգտագործելու համար։ Նույն կերպ հանդիսատեսը մուտքավճար չէր վճարելու, քանի որ դա կարող էր զրկել նրանց հայկական մշակույթը զգալու հնարավորությունից՝ լիներ դա ավանդական, ժամանակակից, թե փորձարարական ժանրերում։ Այս մոտեցումը շարունակվում է մինչ օրս։
Որպես թատերական գործիչ և գեղարվեստական լուսանկարիչ՝ Հարությունյանի ստեղծագործական ուղու ըմբռնումն է ընկած ՆԱՄ-ի սկզբունքների հիմքում: «Լավագույն արվեստը ստեղծվում է հենց դրա հանդեպ մաքուր սիրո շնորհիվ: Եվ այդ ոգին փոխանցվում է հանդիսատեսին, որպեսզի այդ պահին սենյակը դառնա սուրբ տարածք, որը վեր է նյութական իրականությունից: Ահա թե ինչու ՆԱՄ-ում փողը մնում է դռան շեմից դուրս»:
Լիբանանում հայ նշանավոր գործարարների ընտանիքում ծնված Հարությունյանից սպասում էին, որ նույն ճանապարհը պիտի ընտրի։ «Կախված է, թե որ տեսանկյունից ես դրան նայում»,- ասում է նա: «Այո՛, իմ ընտանիքը ի սկզբանե ստեղծեց աչքի ընկնող միջազգային բիզնես: Բայց ամենակարևորն այն է, թե ինչպես են իմ պապն ու հայրը, երկուսի անունն էլ Կարապետ, և իմ ավագ եղբայրը՝ Սարոն, իմ մեջ սերմանել համայնքին ծառայելու առավելությունն ու պատասխանատվությունը»: Նա նաև բարձր է գնահատում Harco Industries ընկերության գործադիր տնօրեն Սարո Հարությունյանի դերը ՆԱՄ նախաձեռնությունը սկզբնավորման պահից կայուն պահելու գործում:
Հարությունյանի հայկական ինքնությունը խորապես արմատացած է նրա աշխարհայացքի մեջ։ Նա դա վերագրում է իր մշակութային մտածողություն ունեցող ծնողներին, ինչպես նաև ՀԲԸՄ-ի ազդեցությանը: Նա վերհիշում է Երվանդ Դեմիրճյան ցերեկային դպրոցի և Դարուհի-Հովակիմյան վարժարանի աշակերտ լինելու վաղ տարիները, մասնավորապես, թե ինչպես է տարրական դպրոցի իր ուսուցիչը հեքիաթի բեմականացման մեջ իրեն թագավորի դեր տվել, ինչն էլ իր մեջ դեռ շատ վաղ տարիքից արթնացրել է թատրոնի հանդեպ անմնացորդ սերը։ «Մեր անհոգ օրերն անց ենք կացրել նաև ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» կենտրոնում՝ սպորտով զբաղվելով և մշակութային միջոցառումների մասնակցելով»,- նշում է նա։
Ցավոք, այս դրախտը կտրուկ խաթարվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմով, որի պատճառով Հարությունյանի ընտանիքն ստիպված եղավ տեղափոխվել Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Նյու Յորքում։ Սակայն, երբ 1991 թ.-ին Հայաստանն անկախացավ, Հարությունյանը վերանայեց իր առաջնահերթությունները։ Ամբողջությամբ իրեն թատրոնին և լուսանկարչությանը նվիրելու փոխարեն նա կտրուկ անցում կատարեց դեպի բարեգործություն։
Չնայած արտաքին ճնշումներին ու դժվարություններին՝ Հարությունյանը ոչ միայն չհրաժարվեց իր նախաձեռնությունից, այլ կրկնապատկեց իր ջանքերը։ Օրինակ՝ միջազգային փոխանակման վարպետության դասերը դարձել են ՆԱՄ-ի ծրագրի հիմնաքարերից մեկը՝ հնարավորություն տալով թե՛ տեղացի, թե՛ միջազգային հանդիսատեսին ծանոթանալու արվեստի տարբեր ուղղություններին։ ՆԱՄ-ի հովանու ներքո կազմակերպված համերգների, արվեստի ցուցահանդեսների, թատերական ներկայացումների, գրական ընթերցումների և օրիգինալ երաժշտական ձայնագրությունների առատությունը Հարությունյանին դարձրել է մուսա և մենթոր՝ հայ տաղանդավոր սերունդների համար։
Ամեն տարի ՆԱՄ-ը կազմակերպում կամ հյուրընկալում է միջինում 200 մշակութային իրադարձություն, որոնք գրավում են թե՛ քաղաքացիներին, թե՛ զբոսաշրջիկներին։
Խաղացանկի և հեղինակության աճի հետ մեկտեղ ՆԱՄ-ն ստեղծեց իր մշտական խմբերը, ինչպիսիք են՝ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, ՆԱՄ-ի երգչախումբը, նկարչության մանկական խմբակը, «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը և այլն։ Այս խմբերը ելույթներ են ունենում ոչ միայն Հայաստանի առաջատար բեմերում, այլև շրջագայում են Եվրոպայում՝ իրականացնելով հայկական մշակույթը աշխարհին ներկայացնելու՝ Հարությունյանի մեծագույն երազանքը։ Բացի այդ, ՆԱՄ-ը հարթակ է դարձել նաև այն արվեստագետների համար, ովքեր ֆիզիկական սահմանափակումներ ունեն, օրինակ՝ «Ռոտոնդա» թատերախումբը և «Փարոս» կամերային երգչախումբը, որոնց միջոցով նրանք կարողանում են ինքնադրսևորվել։
Հարությունյանի ծավալած գործունեությունը Երևանով չսահմանափակվեց: 2006 թվականին նա ՆԱՄ-ի գործունեությունն ընդլայնեց՝ մասնաճյուղ բացելով Շուշիում։ Ինչպես նա է նշում՝ քաղաքն անուշադրության էր մատնվել արցախյան առաջին պատերազմից հետո, և ինքը ձգտում էր վերակենդանացնել քաղաքի գեղարվեստական սրտի բաբախը։
Նա Շուշիում գնեց և վերանորոգեց ընդարձակ, բացօթյա ամֆիթատրոնով կիսավեր մի շենք և այն վերածեց Արցախի երեխաների ու երիտասարդների համար համայնքային կենտրոնի: Այսկերպ նրանք ազատորեն կարողացան բացահայտել իրենց տաղանդները վիզուալ արվեստում, թատրոնում և երաժշտության մեջ, նույնիսկ հաճախել համակարգչային դասընթացների և սովորել օտար լեզուներ՝ բոլորն անվճար:
Հետո եղավ 2023 թ.-ի բռնի տեղահանումը, երբ 120 հազար արցախահայեր ստիպված եղան հաստատվել Հայաստանում։ «Նույն շուշեցի ընտանիքներից շատերը կամ նրանց հարազատները ուղիղ ՆԱՄ-ի երևանյան գրասենյակ եկան»,- ասում է Հարությունյանը։ «Դա դառնաքաղցր հանդիպում էր»,- հիշում է նա:
«Չնայած այդ պահին պատմության ընթացքը փոխելու համար ոչինչ անել չկարողացանք, բայց գիտեինք, որ մեր հանդեպ նրանց վստահությունը լուսավոր կետ էր այդ մութ օրերին»:
Հարությունյանը հաստատում է, որ Ադրբեջանի կառավարությունը բռնագրավել է ՆԱՄ Շուշիի կենտրոնը, սակայն փոխհատուցում պահանջելու համար նա չունի իրավական միջոցներ կամ հնարավորություն:
Հարությունյանի անցած ուղին՝ նշանավոր գործարարների ընտանիքից մինչև կայացած արվեստագետ, ապացուցում է, որ գեղարվեստական հաջողությունը չափվում է ոչ միայն հարստությամբ, այլ նաև թողած ազդեցությամբ: Քառորդ դար շարունակ ՆԱՄ-ը գործել է այն սկզբունքով, որ արվեստը չպետք է նահանջի առևտրային շահերի առջև։ Եվ եթե մի որևէ նախաձեռնության հետևում Նարեկ Հարությունյանն է, ապա ոչինչ չի կանգնի արվեստագետների և հանդիսատեսի միջև, որոնք միասին սերնդեսերունդ հարստացնում են հայկական մշակույթը: