Հավատքի ու դիվանագիտության եզրագծին

Պոլսո Հայոց պատրիարքության գործունեությունը Թուրքիայում


Ժամանակակից Թուրքիայի զարկերակը համարվող Ստամբուլի սրտում՝ ժամանակին հայերի ստվար զանգվածներով բնակեցված Գումգափու թաղամասի բանուկ փողոցներում այսօր էլ կարելի է զգալ հայկական ժառանգության շունչը։

Գումգափուն պատմականորեն կարևոր կենտրոն է եղել հայերի համար։ Թեպետ թաղամասում բնակվող հայերի թիվը ժամանակի ընթացքում անհամեմատ նվազել է, այսօր էլ այն պահպանում է իր մեծ նշանակությունը, քանի որ հենց այստեղ է գտնվում Թուրքիայում բնակվող հայերի կարևորագույն հանգրվաններից մեկը՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը։

1461 թվականին հիմնադրված Պոլսո Հայոց պատրիարքությունն այսօր ոչ միայն Թուրքիայում բնակվող հայության գլխավոր հոգևոր կենտրոնն է, այլև արևմտահայ մշակութային ժառանգության պահպանման կարևորագույն հիմնասյունը։ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում պատրիարքարանը նաև դիվանագիտական ու քաղաքական յուրօրինակ գործառույթ է իրականացնում։ Այն Թուրքիայում բնակվող հայության գլխավոր ներկայացուցիչն է: Այն նաև թուրքական պետության կողմից ճանաչված միակ հաստատությունն է՝ որպես ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական ժառանգության պահապան։

15-րդ դարից ի վեր, ի հեճուկս տարբեր խոչընդոտների, Պոլսո Հայոց պատրիարքները մեծ ներդրում են ունեցել ազգային ամենատարբեր ու կնճռոտ հարցերի լուծման գործում։ Մարտահրավերներով լեցուն այս ժամանակներում այդ դժվար գործը բաժին է ընկել Պոլսո 85-րդ պատրիարք Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանին։ 2019 թվականին ընտրվելով պատրիարք՝ Մաշալյանը, ինչպես և իրեն նախորդած պատրիարքները, ծառայություն է իրականացնում այնպիսի հասարակական-քաղաքական միջավայրում, որտեղ աշխատանքի կազմակերպումը խիստ շրջահայաց, լայնախոհ և պատասխանատու մոտեցում է պահանջում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական պետությունը զգոնությամբ հետևում է հայ պատրիարքների գործունեությանը։

Նկար
Bishop Sahak Mashalian was elected 85th Armenian Patriarch of Istanbul in Turkey on December 11, 2019.

Bishop Sahak Mashalian was elected 85th Armenian Patriarch of Istanbul in Turkey on December 11, 2019.
Caption
Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանը Պոլսո Հայոց պատրիարք ընտրվեց 2019 թվականի դեկտեմբերի 11-ին։ Լուսանկարը՝ Էրդեմ Շահինի։

 

Հ. Թուրքիայի հայ համայնքն առանձնահատուկ է իր պատմությամբ, համահայկական օրակարգում թողած մշակութային ու հոգևոր ժառանգությամբ։ Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանն ի՞նչ դեր ունի հայ համայնքի ներսում։

Պ. Պատրիարքական Աթոռն ավանդաբար Թուրքիայի հայ համայնքի, ինչպես նաև Հունաստանի Կրետե կղզու փոքրաթիվ համայնքի հոգևոր կենտրոնն է։ Որպես հոգևոր կենտրոն՝ հետաքրքրվում ենք համայնքային կյանքի ներսում գործող կրոնական, կրթական, բարեգործական և մշակութային հաստատություններով և դրանց գործունեությամբ։ Նաև հետաքրքրվում ենք նրանց հոգևոր կամ աշխարհիկ միջոցառումներով, տեղեկություններ ենք ստանում այդ հաստատություններ կատարած այցերի ընթացքում։ Համայնքային մարմինները ցանկանում են, որ իրենց գործունեությունը կամ ծրագրած միջոցառումները հանրությանը ներկայացնելիս ներկա լինենք ու գլխավորենք դրանք։ Մենք սիրով ընդառաջում ենք նրանց և ընդունում ենք հրավերները՝ մեր նախագահությամբ քաջալերելով նրանց։   

Նաև հետաքրքրվում ենք նրանց տնտեսական ու այլ հարցերով՝ փորձելով մեր ղեկավարությամբ կայացած ժողովների ընթացքում գտնել լուծման ճանապարհներ։

Մեր հովանու ներքո գործում է Սոցիալական օժանդակության հանձնախումբը, որի հիմնական գործառույթը համայնքի կարիքավոր անձանց խնդիրներով զբաղվելն է։ Հանձնախումբն իր գործունեությունն սկսել է կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ տարբեր անհատներ զրկվեցին կանոնավոր աշխատանքից և տնտեսական ճգնաժամի առջև կանգնեցին։ Հանձնախումբը զբաղվում է նաև Սիրիայից և Իրաքից Թուրքիայում ապաստանած գաղթականների կարիքներով։

 

Հ. Խոսենք Թուրքիայում գտնվող հայկական կրոնական ժառանգության մասին։ Այսօր քանի՞ եկեղեցի է գտնվում պատրիարքարանի հովանու ներքո, ի՞նչ կարգավիճակ ունեն դրանք և ի՞նչ վիճակում են գտնվում։

Պ. Պատրիարքական Աթոռի իրավասության ներքո գործում են Պոլսո երեսունհինգ եկեղեցի։ Գավառներում ունենք պաշտամունքի համար բաց հինգ եկեղեցի, որոնցից Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնահատակ ավերվել է Անտիոքի (Անթաքիա)՝ 2023 թվականի երկրաշարժից։ Պատրիարքական Աթոռի հոգևոր իրավասության ներքո է նաև Կրետե կղզու Հերակլիոն քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցին։

Պաշտամունքի համար բաց և համայնքապատկան եկեղեցիներում կարող ենք իրավասության սահմաններում արարողություններ անցկացնել, Սուրբ պատարագ մատուցել՝ առանց որևէ պաշտոնական մարմնից թույլտվություն ստանալու։ Պաշտամունքի համար բաց եկեղեցիները բարեկարգ վիճակում են, ունեն ազգընտիր պաշտոնական վարչություններ, որոնք իրենց կարողությունները գործի են դնում՝ ի բարօրություն եկեղեցու։

Ներկայիս Պատրիարքական Աթոռի հոգևոր իրավասության ներքո են գտնվում 9 կուսակրոն եկեղեցական՝ 2 եպիսկոպոս, 1 ծայրագույն վարդապետ, 3 վարդապետ, 3 աբեղա, ինչպես նաև 16 ամուսնացյալ քահանա։ Այս հոգևորականներն անում են ամենը՝ հասանելի լինելու ինչպես Պոլսո, այնպես էլ գավառների եկեղեցական համայնքներին։ Այն եկեղեցիներում, որտեղ մշտական հոգևոր հովիվներ չեն պաշտոնավարում, բացի կիրակի օրերից, Սուրբ Պատարագ է մատուցվում նաև իրենց ուխտի օրերին՝ ձեռամբ Պատրիարքական Աթոռից նշանակված հոգևոր հայրերի։ Բացի դրանից, գավառներում եկեղեցի չունեցող համայնքների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով նշանակում ենք հոգևորականների, որոնք հատկապես տոնական օրերին այցելում ու Սուրբ Պատարագ են մատուցում տներում։

Հոգևորականների դասին առընթեր ունենք սարկավագների, կիսասարկավագների, ուրարակրաց և դպրաց դասեր, երգչախմբեր, որոնք մեր եկեղեցիների ներսում իրենց սիրահոժար ծառայությամբ օժանդակում են հոգևոր հովիվներին։

Նրանց թվին է պատկանում նաև Գալֆայան Ուխտի միակ քույրը՝ Քույր Գայանե կիսասարկավագ Տուլքատիրյանը, ով ծառայում է Գալֆայան վարժարանում։

 

Հ. Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի պետության դերը այդ երկրում հայկական հոգևոր ժառանգության պահպանման գործում։

Պ. Հայկական հոգևոր ժառանգությունն ունի երկու կողմ. առաջինը համայնքապատկան կրոնական հաստատություններն են, իսկ երկրորդը՝ այն շենքերը, որոնք դադարել են լինել համայնքապատկան։ Առաջիններն ունեն իրենց հիմնարկները (վաքըֆ), որոնք ունեն եկամտաբեր կալվածքներ և ղեկավարվում են իրենց ազգընտիր վարչություններով, որոնց կոչում ենք հոգաբարձություն, խնամակալություն կամ թաղային, ծխական խորհուրդ։ Այս վարչությունները հոգ են տանում իրենց խնամակալության տակ գտնվող հաստատությունների մասին։

Իսկ երկրորդ խմբում գտնվող շենքերի սեփականատերը պետությունն է։ Հայտնի է, որ մեր համայնքի մեծամասնությունը բնակվում է Պոլսում։ Փոքրաթիվ համայնքներ ունենք նաև տարբեր գավառների կենտրոններում։ Ծանոթ իրողություն է և այն, որ մեր երբեմնի աղոթատները, որոնք կանգուն են մնացել կամ հետագայում վերանորոգվել են, մեզ համար կարևոր սրբավայրեր են։ Մեր տեղական համայնքներից ոչ մեկը, այդ թվում և պոլսահայ համայնքը, նյութական կարողություն չունեն՝ հանձնառու լինելու այս աղոթատների պահպանմանը։ Ուստի բավարարվում են լսելով «քարերից արձագանքող աղաղակը», որը խոսում է տվյալ կենտրոնում մեր ժողովրդի երբեմնի գոյության մասին։

Այս առումով կարող ենք նշել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը բարեկարգվել ու պահպանության է առնվել պետական միջոցների հատկացմամբ։ Ներկայիս տաճարն ունի թանգարան-եկեղեցու կարգավիճակ, որտեղ տարին մեկ անգամ մեր նախագահությամբ և Պատրիարքական Աթոռի պատասխանատվության ներքո Սուրբ Պատարագ է մատուցվում։

Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերանորոգվել է քաղաքապետարանի և այլ պաշտոնական մարմինների ներդրումներով՝ որպես մշակութային կենտրոն։ Տաճարը՝ փակված վարագույրով, օգտագործվում է լուրջ մշակութային միջոցառումների համար, բայց և այնպես եկեղեցու խորանը և սրբազան այլ հատվածներ մնում են անձեռնմխելի և հարկ եղած դեպքում օգտագործվում արարողությունների անցկացման համար։ Քաղաքի գերեզմանատանն է գտնվում Սուրբ Հարություն մատուռը, որը քաղաքի փոքրաթիվ համայնքի համար ծառայում է որպես աղոթատեղի։

Նկար
The office building of the Armenian Patriarchate of Istanbul, across the street from the Surp Asdvadzadzin Patriarchal Church.

The office building of the Armenian Patriarchate of Istanbul, across the street from the Surp Asdvadzadzin Patriarchal Church.
Caption
Պոլսո Հայոց պատրիարքական նստավայրը, իսկ փողոցի մյուս կողմում Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարն է։ Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի։

Տիգրանակերտի [այժմ՝ Դիարբեքիր] Սուրբ Կիրակոս և Սուրբ Սարգիս եկեղեցիներն ունեն տարբեր կարգավիճակներ։ Նրանք պատկանում են ազգին [պոլսահայ համայնքին] և ունեն ծխական խորհուրդ։ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվեց համայնքի և բարերարների նվիրատվություններով ու իր դռները բացեց հավատավոր ժողովրդի առաջ։ Սակայն տարիներ առաջ այդ հատվածներում բախումների հետևանքով մեծապես վնասվեցին և՛ եկեղեցին, և՛ այն թաղամասը, որտեղ այն գտնվում է։ Այս անգամ այն արդեն վերանորոգվեց պետական միջոցներով։

Եկեղեցու ներկայիս ծխական խորհուրդը լուրջ աշխատանքներ է ձեռնարկում համայնքապատկան Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման համար, որը դժբախտաբար գտնվում է անմխիթար վիճակում։ Խորհուրդը միջոցներ է փնտրում այն վերականգնելու համար։

Մենք գոհունակություն ենք հայտնում, որ երկրի ներկա իշխանությունների ցուցաբերած բարյացակամ մոտեցումների շնորհիվ համայնքային ու թաղային մարմիններին են վերադարձվել իրենց երբեմնի կորցրած կալվածքները, ինչը կարևոր է համայնքային հաստատությունների առողջ գործունեության համար։

 

Հ. Որո՞նք են մեր օրերում Թուրքիայի հայ համայնքի մեծագույն մարտահրավերները, և ի՞նչ դեր ունի պատրիարքարանը այդ մարտահրավերները հաղթահարելու գործում։

Պ. Ինչպես սփյուռքի մյուս համայնքները, այնպես էլ Թուրքիայի հայ համայնքը, երկրի ներսում փոքրամասնություն լինելով, ենթարկվում է մեծամասնության կենցաղի ու սովորությունների ազդեցությանը։ Այդուհանդերձ, համայնքի անդամները հստակ գիտակցում են իրենց ազգային և կրոնական պատկանելությունը։ Նրանք ջանում են վառ պահել դրանք, իսկ մենք եկեղեցական քարոզի ընթացքում հնարավորինս շեշտում ենք այդ ամենի կարևորությունն ու մեր հայրական թելադրանքն ենք անում։

Ներկայիս գլխավոր մտահոգությունը վարժարանները պահելն է, որը կապված է տնտեսական պայմանների հետ։ Երկրում տիրող սղաճը պատճառ է դառնում, որ վարժարանները կառավարող մարմինների եկամուտները անբավարար լինեն, որի պատճառով նյութական նեղության են մատնվում։ Նաև պետք է հաշվի առնենք աշակերտների քանակը, որը նվազում է երկու գլխավոր պատճառով. առաջինը ծնելիության մակարդակի նվազումն է, իսկ երկրորդը՝ ծնողների՝ իրենց զավակներին օտար վարժարաններ ուղարկելու միտումը։

Բնականաբար, մենք՝ որպես պատրիարքություն, չենք ցանկանում, որ մեր կրթական հաստատություններից որևէ մեկը փակվի, սակայն, երբ հաշվի ենք առնում առկա դժվարությունները, ակամայից սկսում ենք մտածել այդ ուղղությամբ։ Այդուհանդերձ, վերջնական որոշումը թողնում ենք համայնքային խորհրդակցությանը և բազմակողմանի քննարկմանը։

Բացի այդ, ունենք նաև հայերենի և կրոնի դասավանդման համար վերապատրաստված ուսուցիչների կարիք։ Չենք թերագնահատում այն նվիրյալներին, որոնք բարի կամեցողությամբ իրենց կարողությունների սահմանում գործի են դնում գիտելիքները դասավանդելու համար՝ նաև արդարացնելով մեր համայնքային վարժարանների գոյությունը։ Որպես Պատրիարքական Աթոռ՝ մեր կարողությունները գործի ենք դնում կրոնի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ՝ մի բան, որը սիրով ու գոհունակությամբ է ընդունվում ուսուցիչների կողմից։ Հետագայում ծրագրում ենք նույնն անել նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար։

Պատրիարքական Աթոռն ունի նաև եկեղեցիները պաշտամունքի համար բաց պահելու մտահոգություն։ Իրավ է, որ, եթե նույնիսկ եկեղեցու մեջ Սուրբ Պատարագ չի մատուցվում, այն միշտ բաց է հավատավոր ժողովրդի առջև մոմավառության ու անհատական աղոթքի համար։ Սակայն կարևոր է նաև բավական թվով հոգևորականներ ունենալը։
 

Հ. Տարիներ առաջ ահազանգ կար, որ Թուրքիայի հայ համայնքի անդամների թիվը նվազում է։ Այսօր ինչպե՞ս է փոխվել վիճակագրությունը և որո՞նք են այդ փոփոխության պատճառները։

Պ. Այո, իսկապես անցյալի ահաբեկչական շարժումները դուռ էին բացել արտագաղթի համար՝ մի բան, որը հատուկ չէ միայն փոքրամասնություններին։ Դա պատճառ էր դարձել, որ համայնքի անդամների թիվը նվազեր։ Թուրքիայի ներկայիս հայ համայնքի անդամների մեծամասնությունը բնակվում է Ստամբուլում, փոքրաթիվ համայնքներ կան նաև գավառներում։ Այսօր էլ համայնքի թիվը նվազում է, քանի որ մահացության և ծնելիության հարաբերակցությունը բացասական է։ Կան նաև տնտեսական կամ ուսումնական նպատակներով արտասահման մեկնողներ, որոնց թիվը, համեմատած նախորդի հետ, այնքան էլ մեծ չէ։

 

Հ. Թուրքիայի հայ համայնքն այսօր ի՞նչ կյանք է վարում։ Արդյոք անվտա՞նգ է ժամանակակից Թուրքիայում ազգային փոքրամասնություն լինելը։

Պ. Հայ համայնքի անդամներն ունեն երեք արժեք՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը, ազգային և կրոնական պատկանելությունները։ Թուրքիայում բնակվող հայերը մասնակցում են երկրի կրթական, բարեգործական, մշակութային կյանքին։ Համայնքի անդամների շարքում ունենք համալսարանի դասախոսներ, ակադեմիական անձինք, որոնք հաջողությունների են հասնում իրենց գիտական աշխատություններով։ Ունենք անհատներ, ովքեր իրենց նպաստն են բերում երկրի մշակութային կյանքին։ Համայնքն ունի գործարարներ ու արհեստավորներ, որոնցից առաջիններն իրենց ձեռներեցությամբ, իսկ երկրորդներն իրենց վարպետությամբ մեր ընդունելությունն ու հարգանքն են վայելում։

 

Հ. Վերջին տարիներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր աշխուժություն է նկատվում։ Ինչքանո՞վ է դա կարևոր Թուրքիայի հայ համայնքի կենսագործունեության տեսանկյունից, և ի՞նչ դիրքորոշում ունի Հայոց պատրիարքարանն այս հարցի վերաբերյալ։

Պ. Որպես Պոլսո Հայոց պատրիարքարան՝ մենք միշտ մեր գոհունակությունն ենք հայտնել, որ երկու հարևան երկրներ իրենց հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու կամք են դրսևորել։ Ուրախ ենք, որ երկու երկրների լիազոր ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում զանազան առիթներով։ Վստահ ենք, որ այդ հանդիպումները պետք է շարունակվեն բարիդրացիական հարաբերություններ մշակելու համար։ Այս առիթով առաջին հանդիպումից հետո պատրիարքարանում ընդունեցինք Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչին։ Հանդիպմանը գոհունակությամբ լսեցինք դեսպանի դրական տպավորությունները։ Մենք ևս հայտնեցինք, որ մեզ համար ուրախալի է բարիդրացիական հարաբերությունների մշակումը, գաղափարներ փոխանակեցինք։

Ցանկանում եմ նաև նշել, որ որպես Պատրիարքական Աթոռ լավ հարաբերություններ ունենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, որի արդյունքում վայելում ենք Հայրապետական հոգածությունն ու, ըստ անհրաժեշտության, մեր հրավերով և Նորին Սրբության տնօրինությամբ, Մայր Աթոռի միաբաններն այցելում են մեր քաղաք ու կարճատև հոգևոր ծառայություն են անցնում՝ հատկապես տոնական առիթներին. իրողություն, որը հարստացնում է մեր եկեղեցական կյանքը։ Թուրքիայի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների կարգավորումը բնականաբար իր անդրադարձն է ունենում համայնքի մշակութային կյանքի վրա՝ հատկապես հայոց լեզվի և գրականության բնագավառներում։ Հետևաբար, ես՝ որպես համայնքի հոգևոր առաջնորդ, սրտանց աղոթում եմ և մաղթում, որ Աստված մեզ պարգևի երկու հարևան երկրների փոխհարաբերությունների բնականոնացումը ողջունելու երջանկությունը։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։