Անկոտրում կամք

Կարին Հովհաննիսյանը՝ ստեղծագործական ուղի հարթելու մասին


Սերելով մտավորականների և ազգային առաջնորդների ընտանիքից՝ Կարին Հովհաննիսյանը մեծացել է մի միջավայրում, որտեղ միշտ մեծ նվիրում է եղել հայկական օրակարգին և անսահման ակնածանք՝ հայկական ժառանգության և պատմության նկատմամբ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ նա էլ որոշեց քայլել այս ազդեցիկ գործիչների հետքերով: Հայկական թեմաներով նրա գրվածքները տեղ են գտել The New York Times, The Los Angeles Times և The Atlantic պարբերականներում։ Նա նաև Հայոց ցեղասպանության, Արցախյան պատե-րազմի և հայաստանյան հեղափոխության մասին պատմող ֆիլմերի հեղինակ է։

Իր ազդեցիկ նախաձեռնությունների, այդ թվում՝ «Ստեղծարար Հայաստան»-ի (Creative Armenia) հիմքում ընկած է գրական և ռեժիսորական գործունեությամբ ու մտապատրանքով (իլյուզիա) լեցուն՝ Հովհաննիսյանի յուրահատուկ ստեղծագործական մոտեցումը։ Արվեստները խթանող «Ստեղծարար Հայաստան» նորարար հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ արվեստագետներին և ստեղծագործողներին օգնելու հաջողության հասնել կարիերայի ճանապարհին: Հիմնադրամի միջոցով Հովհաննիսյանը սատարում է Հայաստանի ստեղծագործ համայնքին՝ առաջարկելով հարթակ, որտեղ նրանք կարող են ցուցադրել իրենց տաղանդները և կյանքի կոչել գաղափարները:

Նկար
Behind the scenes during the filming of Hovannisian’s most recent film City of Cards.

Behind the scenes during the filming of Hovannisian’s most recent film City of Cards.
Caption
Կարին Հովհաննիսյանը City of Cards-ի նկարահանումների ժամանակ։

«Ես ծնվել եմ Լոս Անջելեսում և տեղափոխվել Երևան 1980-ականների վերջին, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր: Անկախության շարժումը մեծ թափ էր հավաքում, և ծնողներս որոշեցին թողնել իրենց փաստաբանական կարիերան և տեղափոխվել Հայաստան՝ մասնակցելու այնտեղ տեղի ունեցող պատմական փոփոխություններին: Դա իմ մանկության որոշիչ իրադարձությունն էր»,- պատմում է նա:

Երբ 1991 թվականին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Կարինի հայրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դարձավ երկրի առաջին արտգործնախարարը, իսկ մայրը՝ Արմինեն, ղեկավարում էր կրթական, քաղաքացիական և բարեգործական նախաձեռնություններ: Հովհաննիսյանին սեփական օրինակով են դաստիարակել ինչպես ծնողները, այնպես էլ տատն ու պապը: Նրա պապը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, եղել է ԱՄՆ-ում հայագիտության ականավոր պրոֆեսոր և ռահվիրա։

Նկար
Behind the scenes during the filming of Hovannisian’s most recent film City of Cards.

Behind the scenes during the filming of Hovannisian’s most recent film City of Cards.
Caption
Կարին Հովհաննիսյանը City of Cards-ի նկարահանումների ժամանակ։

Նրա ընտանիքի անսահման հոգևոր կապը Հայաստանի հետ սերունդներով է փոխանցվել և անմասն չի թողել նաև Կարինին, ով իր կյանքը նվիրեց արվեստին։ «Ես գրող եմ, կինոռեժիսոր և իլյուզիոնիստ, բայց պարտադիր չէ հենց այդ հերթականությամբ, քանի որ մտապատրանքն իրականում առաջին տեղում է: Մտապատրանքի թեմայով իմ առաջին հավաքածուն ծնողներս նվիրեցին, երբ ես հինգ տարեկան էի. դա ամբողջովին փոխեց իմ կյանքը: Միայն վերջերս եմ սկսել գիտակցել, թե որքան մեծ ազդեցություն է դա թողել իմ գրածների ու ֆիլմերի վրա: Նույնիսկ այն գործերը, որոնք կարող են թվալ, թե կապված չեն մտապատրանքի հետ, ինչպես իմ «Գերդաստան Ստվերաց» գիրքը կամ «1915», «Ես մենակ չեմ», «Ճշմարտությունը իշխանությանը» և «Անտեսանելի Հանրապետություն» ֆիլմերը, հիմնված են որոշակի այլաբանական մտածողության և մտապատրանքի վրա»:

Ես գրող եմ, կինոռեժիսոր և իլյուզիոնիստ, բայց պարտադիր չէ հենց այդ հերթականությամբ, քանի որ մտապատրանքն իրականում առաջին տեղում է: Մտապատրանքի թեմայով իմ առաջին հավաքածուն ծնողներս նվիրեցին, երբ ես հինգ տարեկան էի. դա ամբողջովին փոխեց իմ կյանքը:

Խոսելով ստեղծագործական գործընթացի ամենադժվար կողմերի մասին՝ նա ասում է. «Անկեղծ ասած, ստեղծագործական կյանքը դժվար է բազմաթիվ պատճառներով, մասնավորապես՝ աջակցության, խրախուսման, ֆինանսավորման և այլնի բացակայության: Բայց ինքնին դժվար է նաև հենց ստեղծագործելը: Ամենամեծ խոչընդոտը հենց ինքս եմ եղել՝ իմ ինտուիցիայի, խելքի և երևակայության սահմանափակումներով: Դա հաղթահարելը մշտական պայքար է»։

Արվեստագետների առջև ծառացած մարտահրավերները լիակատար ըմբռնելու գաղափարը հող նախապատրաստեց «Ստեղծարար Հայաստան»-ի ստեղծման համար: Սակայն գաղափարն իրականություն դարձավ, երբ Հովհաննիսյանն սկսեց աշխատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմի վրա։ «Քանի որ մոտենում էր 2015 թվականը, ես և իմ ստեղծագործական գործընկեր Ալեք Մուհիբյանը ցանկացանք գեղարվեստական ֆիլմ նկարել այդ թեմայով: Մենք երիտասարդ էինք՝ լի երևակայությամբ և մեծ ձգտումներով, ինչպես նաև մեր համայնքի աջակցության ակնկալիքով: Սակայն ակնկալիքները չարդարացվեցին: Միայն մեծ անձնական ջանքերի և ընկերների աջակցության շնորհիվ մենք, ի վերջո, ստեղծեցինք «1915» ֆիլմը՝ Սիմոն Աբգարյանի և Անժելա Սարաֆյանի դերակատարմամբ»: Խոսքը շարունակելով՝ նա նշում է. «Այնուամենայնիվ, այդ օրերին կային միայն մի քանի հայկական կազմակերպություններ, որոնք պարբերաբար մենթորություն կամ ֆինանսավորում էին առաջարկում գեղարվեստական հատուկ ոլորտների համար, օրինակ՝ ՀԲԸՄ Արվեստի բաժինը: Բայց չկար մեկ հաստատություն, որը նվիրված էր հայ տաղանդների բացահայտմանը, զարգացմանը և պաշտպանությանը: Այլ կերպ ասած՝ հայերը չունեին բացառապես արվեստին նվիրված հիմնադրամ, որը կգործեր ամբողջ տարվա ընթացքում և կներառեր բազմաթիվ ոլորտներ»:

Նկար
Hovannisian at the Creative Armenia Artbox Expo at the Sundukyan Theatre in Yerevan.

Hovannisian at the Creative Armenia Artbox Expo at the Sundukyan Theatre in Yerevan.
Caption
Հովհաննիսյանը «Ստեղծարար Հայաստան» Artbox ցուցահանդեսում, որը կայացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ինչպես ասում է Հովհաննիսյանը, «Այնպիսի հիմնադիր անդամների շնորհիվ, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Մայքլ Արամը և դր. Էրիկ Իսրայելյանը, «Ստեղծարար Հայաստան»-ը դարձավ արվեստի այն հիմնադրամը, որն այդքան խիստ անհրաժեշտ էր: ՀԲԸՄ-ն էլ ի սկզբանե եղել է ռազմավարական գործընկեր»:

«Ստեղծարար Հայաստան-ՀԲԸՄ» կրթաթոշակը, որն ամեն տարի շնորհվում է խոստումնալից հայ արվեստագետներին, դարձավ հենց այն հնարավորությունը, որը տարիներ առաջ փնտրում էին Հովհաննիսյանն ու Մուհիբյանը: Հիմնադրումից ի վեր «Ստեղծարար Հայաստան»-ն աջակցել է հարյուրավոր արվեստագետների՝ մենթորությունների, կրթաթոշակների և խոշոր դրամաշնորհների միջոցով: «Մինչ օրս մենք ունեցել ենք 38 կրթաթոշակառու՝ յուրաքանչյուրը բացառիկ երաժիշտ, գրող, կինոռեժիսոր, նկարիչ կամ ստեղծագործող: Նրանց ստեղծագործական նախագծերը կյանքի կոչելու համար մենք սերտորեն համագործակցում ենք ամբողջ տարվա ընթացքում՝ գտնելու մենթորներ և ստեղծելու կապեր ու հնարավորություններ, որոնք համահունչ են նրանց անհատական նպատակներին»:

Հովհաննիսյանը երկու օրինակ է բերում. գրող Օլիվիա Քաթրանջյանի մենթորն է եղել բեսթսելլերների հեղինակ Քրիս Բոհջալյանը, իսկ երաժիշտ Րաֆֆի Կարապետյանինը՝ ջազի լեգենդ Սոնի Ռոլինսը: Նրանց նման հարյուրավոր մենթորներ կան։ Կայացած և աճող տաղանդների փորձի փոխանակումը կրթաթոշակի հիմնարար բաղադրիչներից է։ «Անկասկած, մեզ համար, ինչպես նաև ՀԲԸՄ-ի, չափազանց արժեքավոր է տեսնել, թե ինչպես են մեր կրթաթոշակառուներն աճում մեր ծրագրի արդյունքում»,- նշում է Հովհաննիսյանը: «Վերջերս իմացա, որ Քրիստինե Հարությունյանի՝ ծրագրի ընթացքում ստեղծված ֆիլմը հրավիրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոն՝ պրեմիերայի, որը մեծ ձեռքբերում է և նրա մենթոր ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ աշխատանքի արգասիքն է:

Նկար
Hovannisian at the Creative Armenia Artbox Expo at the Sundukyan Theatre in Yerevan.

Hovannisian at the Creative Armenia Artbox Expo at the Sundukyan Theatre in Yerevan.
Caption
Հովհաննիսյանը «Ստեղծարար Հայաստան» Artbox ցուցահանդեսում, որը կայացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Մենք նաև սիրում ենք կապի մեջ մնալ մեր կրթաթոշակառուների հետ՝ հրավիրելով նրանց դառնալ մենթորներ: Բացի այդ՝ մենք շարունակում ենք աջակցել և առաջ մղել նրանց աշխատանքները և կարիերան: Անցյալ աշնանը ՀԲԸՄ-ի Նյու Յորքի գրասենյակում մենք համատեղ կազմակերպեցինք Սուրեն Թադևոսյանի «Ռենտգեն Երևան» հրաշալի ցուցահանդեսը»:

Հարց է առաջանում, թե ինչ ազդեցություն կունենա «Ստեղծարար Հայաստան»-ը արդի հայկական մշակույթի վրա։ Հովհաննիսյանի կարծիքով՝ «Մենք հաճախ կենտրոնանում ենք մեր մշակույթի «մահացած» կողմերը մեծարելու վրա: Մենք մեր փողոցներն անվանում ենք Սարյանի և Թումանյանի անուններով, տպում ենք Սարոյանի պատկերը մեր արժույթի վրա, իսկ երբ հարցնում են, թե որ հայերով ենք հիանում, նշում ենք Փարաջանովին և Ազնավուրին: Բայց ի՞նչ ենք անում՝ բացահայտելու և հզորացնելու այսօրվա տաղանդներին: Ովքե՞ր են դառնալու մեր ապագայի մեծանուն արվեստագետները: «Ստեղծարար Հայաստան»-ի նպատակն այդ հարցի պատասխանը գտնելն է»:

Իր մի հարցազրույցում Հովհաննիսյանը նշել էր. «Գաղափարի փայլուն լինելը բավարար չէ. յուրաքանչյուր գաղափար Artbox-ի կարիք ունի»։ Նա խոսում էր «Ստեղծարար Հայաստան»-ի վերջին ծրագրի՝ Artbox-ի մասին և մանրամասնում էր այն՝ ասելով. «Դուք նկարիչ եք,  ով ունի մտահղացում՝ մի հիանալի, փայլուն և ոգևորիչ գաղափար։ Բայց դա ընդամենը գաղափար է: Եթե ցանկանում եք, որ այն կյանքի կոչվի, պետք է հաշվի առնեք այն բոլոր հանգամանքները, որոնցից արվեստագետները հաճախ խուսափում են, ինչպիսիք են՝ բիզնես պլանավորումը, ներդրումային ռազմավարությունը, լսարանի վերլուծությունը, բաշխումը, մարքեթինգը: Դուք ձեր գաղափարի շուրջ պետք է փաթեթ ստեղծեք, այն է՝ Artbox»:

Նկար
An assortment of posters from films directed by Hovannisian.

An assortment of posters from films directed by Hovannisian.
Caption
Հովհաննիսյանի ֆիլմերի պաստառների ընտրանի։

Artbox-ն առանցքային ստեղծագործական ինկուբատոր է, որը նախատեսված է արվեստագետներին գաղափարից դեպի դրա իրականացում ուղղորդելու համար՝ դասընթացների, մենթորությունների և ֆինանսավորման միջոցով: Եվրոպական միության աջակցությամբ և ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ նրանք սկիզբ են դրել հարյուրավոր ստեղծագործական նախագծերի և բիզնեսների՝ նորաձևության ցուցադրություններից մինչև թատերական ներկայացումներ և արվեստի ցուցահանդեսներ:

Հովհաննիսյանը նաև շտապում է նշել. «Արվեստագետները գումարի կարիք ունեն, այլ ելք չկա: Սովորաբար դա է դառնում մեզ դիմելու պատճառը: Բայց մեզ հետ մնում են աջակցության, մենթորության, նվիրման և, ըստ էության, այն սիրո ու հարգանքի համար, որը մենք ցուցաբերում ենք նրանց կատարած աշխատանքի հանդեպ»:

Այնուամենայնիվ, երբ Հովհաննիսյանից անկեղծ խորհուրդ են հարցնում արվեստում կարիերա սկսելու վերաբերյալ, նա արագ արձագանքում է. «Մի՛ արեք դա: Սա այն պատասխանն է, որը պետք է տա ցանկացած ողջամիտ մարդ: Արվեստի ոլորտում գումար չկա, և քչերն են հարստություն դիզում: Բայց, իհարկե, իսկական արվեստագետները նրանք են, ովքեր մերժում են այս խորհուրդը և, գիտակցելով, թե առջևում իրենց ինչ քարքարոտ ճանապարհ է սպասվում, այնուամենայնիվ, ճամփա են ընկնում»:

Անդրադառնալով հայկական փորձին և իր ստեղծագործական գործընկերների անցած ուղուն՝ Հովհաննիսյանն ասում է. «Սահմանափակ բնական ռեսուրսներով ազգի մեջ երևակայությունը մեր ամենամեծ ռեսուրսն է, մանավանդ, երբ հայկական կյանքի շատ այլ ասպեկտներ վտանգված են։ Բայց քանի որ այն անտեսանելի է, հեշտ ենք մերժում: Այնուամենայնիվ, հայկական փորձն ինքնին արվեստագետների ստեղծագործությունն է, այդպես չէ՞: Ի՞նչ կմնա մեր ինքնությունից, եթե ջնջենք մեր երաժշտությունն ու հեքիաթները, մեր ավանդույթներն ու պարերը, մեր կտավներն ու ֆիլմերը»։ Սա մի հարց է, որին պետք է պատասխանի հայ արվեստագետների յուրաքանչյուր սերունդ, որը պատրաստ է ստանձնել ոչնչից ինչ-որ բան ստեղծելու մարտահրավերը:

Նկար
An assortment of posters from films directed by Hovannisian.

An assortment of posters from films directed by Hovannisian.
Caption
Հովհաննիսյանի ֆիլմերի պաստառների ընտրանի։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։