Զե՞նք, թե՞ ալգորիթմ

Հայաստանի պաշտպանության ոլորտում ԱԲ կիրառումը որպես նոր առաջնահերթություն


Կայացած փաստ է, որ արհեստական բանականությունն անշրջելիորեն փոխել է պատերազմների բնույթը՝ զինված ուժերին տալով նոր հնարավորություններ հետախուզության, արագ կողմնորոշման ու ինքնավար համակարգերի կիրառման հարցերում։ Այս վերափոխումը հիմնականում տեղի է ունենում հանրության տեսադաշտից դուրս։ Ու չնայած միջազգային կազմակերպությունները նախազգուշացնում են այս գործընթացի էթիկական և իրավական ռիսկերի մասին, խոշոր պետությունները շարունակում են ներդրումներն ու փորձարկումները։ Արդյունքում ամբողջ աշխարհում ունենք սպառազինության նոր մրցավազք, որտեղ գլխավոր դերում ոչ միայն զենքերն են, այլ նաև ալգորիթմները։

Այս փոփոխություններն առաձնահատուկ կարևոր են Հայաստանի համար։ Շրջապատված լինելով գերզինված հարևաններով, բայց միևնույն ժամանակ զարգանալով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ երկիրը հայտնվել է մի խաչմերուկում, որտեղ նորարարությունն արդեն անվտանգության անբաժան մասն է։

Զինուժի վերազինումը 2020-ից հետո

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ձեռնամուխ եղավ իր պաշտպանական ռազմավարությունը վերաիմաստավորելու գործընթացին՝ սկսելով երկարաժամկետ կառուցվածքային վերափոխումներ։ Այս փոփոխությունների առանցքում բանակի կերպափոխման հայեցակարգն է, որի իրականացման ժամկետ է սահմանված մինչև 2035 թ.-ը։ 2024 թ.-ի նոյեմբերին հրապարակված հայեցակարգը ներկայացնում է բանակի աստիճանական վերափոխման ճանապարհային քարտեզ: Այս ճանապարհին ակնկալվում է, որ կօգտագործվեն նաև արհեստական բանականության հնարավորությունները՝ տվյալների հավաքագրման և մշակման, ինչպես նաև իրական ժամանակում մարտի ելքի վրա ազդող որոշումների ընդունման համար։

Նկար
Հայաստանի ռազմական ծախսերը, 2020-2025 թթ.

Հայաստանի ռազմական ծախսերը, 2020-2025 թթ.
Caption
Հայաստանի ռազմական ծախսերը, 2020-2025 թթ.

Հայեցակարգը նախատեսում է խորհրդային ժառանգություն հանդիսացող պարտադիր զինվորական ծառայության մոդելից անցում կատարել դեպի ավելի արհեստավարժ, ճկուն ու տեխնոլոգիապես զարգացած բանակի։ Դրա շրջանակում ակնկալվում է ընդլայնել պայմանագրային զինծառայությունը, ստեղծել արհեստավարժ սերժանտական համակարգ, արդիականացնել հրամանատարական, կառավարման և թվային համակարգերը, ինչպես նաև Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժն առավել արդյունավետ ինտեգրել պաշտպանության ոլորտ։

Միևնույն ժամանակ Հայաստանն ընդլայնել է պաշտպանական գործընկերությունները։ Թեպետ կառավարությունը որոշակի զգուշավորություն ու գաղտնապահություն է ցուցաբերում պաշտպանական համաձայնագրերի վերաբերյալ, սակայն տարբեր հրապարակումների ու զեկույցների համաձայն՝ 2025 թ.-ի դրությամբ Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է շուրջ 1.5 միլիարդ դոլարի, իսկ Ֆրանսիայի հետ՝ ավելի քան 250 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր։

Հնարավոր սցենարներ

Պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետները կարծում են, որ Հայաստանի ռազմական ապագան կախված է նրանից, թե արդյո՞ք արհեստական բանականությամբ աշխատող զինատեսակների մարտավարական առավելություններն են ձևավորում պատերազմի ռազմավարական պլանավորումը, թե՞ հակառակը՝ պլանավորումն է հանգեցնում այդ տեխնոլոգիաների կիրառմանը։

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի (ISA) ավագ գիտաշխատող է։ Ինստիտուտը հիմնադրվել է Երևանում 2023 թ.-ին։ Կենտրոնի նպատակն է ուսումնասիրել ազգային անվտանգության, պաշտպանական բարեփոխումների, տարածաշրջանային հարցերի և հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ թեմաներ։ Ինստիտուտն այս ուղղություններով կատարում և տրամադրում է վերլուծություններ։ Էդուարդ Աբրահամյանը նշում է, որ ԱԲ-ով աշխատող համակարգերը կարող են վերլուծել հսկայական քանակի տվյալներ՝ արբանյակային պատկերներից մինչև մարտադաշտի սենսորներ, և շատ արագ տալ գործողությունների օպտիմալ տարբերակներ մարտավարական ու օպերատիվ մակարդակի հրամկազմին, որոնք այդ պահին անմիջականորեն ներգրավված են մարտում։

«Փոքր պետությունների համար սա ստեղծում է հետաքրքիր պարադոքս։ Մի կողմից նրանք չեն կարող մրցել մեծ պետությունների ռեսուրսների հետ, բայց մյուս կողմից նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս փոխելու խաղի կանոնները՝ բարձրացնելով ճշգրտությունը, ավտոմատացումն ու արագ արձագանքելու կարողությունը։ Այսինքն՝ ԱԲ-ն կարող է փոքր պետություններին տալ «խելացի ուժի» գործիքներ, որոնք մասամբ փոխհատուցում են նյութական սահմանափակումները, և ապահովել ռազմաքաղաքական առավելություն նույնիսկ իրենցից ավելի լայն ռազմատեխնիկական կարողություններ ունեցող պետության նկատմամբ»,- ասում է Աբրահամյանը, ով վերջերս հեղինակել է «Փոքր պետությունները, Ռուսաստանն ու Արևմուտքը» գիրքը (Small States, Russia, and the West)։

Նկար
Dr. Eduard Abrahamyan, Senior Fellow at the Institute for Security Analysis, on AI’s role in modern defense.

Dr. Eduard Abrahamyan, Senior Fellow at the Institute for Security Analysis, on AI’s role in modern defense.
Caption
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդուարդ Աբրահամյան։ Լուսանկարը՝ Newsmag.com

Նրա խոսքով՝ ԱԲ-ն և նորագույն տեխնոլոգիաները կարող են օգնել նվազեցնել մեծ ու փոքր պետությունների միջև կարողությունների տարբերությունը հատկապես հետախուզության, անօդաչու համակարգերի, կիբեռպաշտպանության և գերճշգրիտ հարվածների հարցերում։ «Մեծ պետություններն էլ են ներդրումներ անում նույն տեխնոլոգիաների մեջ և հաճախ ավելի արագ են դրանք մասշտաբավորում։ Հետևաբար, հարցը ոչ թե միայն բարձր տեխնոլոգիաներով ապահովված լինելն է, այլ այն, թե որքան արդյունավետ է պետությունը կարողանում ինտեգրել տեխնոլոգիան ռազմավարության, կառավարման և ռազմական դոկտրինի մեջ և ինչպիսի գաղափարախոսության վրա է հիմնված ազգային մոբիլիզացիայի, դիմակայունության և երկարաժամկետ պատերազմական ռեժիմի մեջ լինելու կոլեկտիվ ազգային կամքն ու մոտիվացիան»,- ասում է Աբրահամյանը։

Պաշտպանական նորարարությունների մասնագետ Սևան Արազը, ով աշխատում է Վաշինգտոնում, կարծում է, որ տեխնոլոգիական առաջընթացն առավել արդյունավետ է, երբ զուգակցվում է ռազմական հիմնարար բաղադրիչների՝ պատրաստվածություն ունեցող անձնակազմի, ռազմական դոկտրինի, լոգիստիկայի և ռազմավարական պլանավորման հետ։ Նա նշում է, որ կարճաժամկետ հեռանկարում աշխարհի զինված ուժերը կփորձարկեն արհեստական բանականության հնարավորությունները և կօգտվեն դրանցից։ Սակայն Հայաստանի դեպքում, նրա համոզմամբ, միայն համահունչ և հստակ ազգային անվտանգության ռազմավարությունը կարող է օգնել հետ չմնալ մյուս երկրներից։

«Վտանգն այն է, որ արհեստական բանականությունը կարող է վերածվել «փայլուն խաղալիքի», որը շեղում է ուշադրությունը այն հիմնարար նախապայմաններից, որոնք իրականում ազդում են մարտադաշտի արդյունքների վրա։ Հայաստանը կարող է առավելագույն օգուտ քաղել, եթե իր անվտանգության և քաղաքականության վերաբերյալ քննարկումների հիմքում առաջնահերթությունը տա ազգային պաշտպանության առանցքային բաղադրիչներին»։

Խոցելիության աղբյուր

ԱԲ-ով աշխատող անօդաչու համակարգերը, սենսորային ցանցերը, գերճշգրիտ օդային ու հրթիռային կարողությունների կոմբինացիան և տվյալների արագ վերլուծությունը կարող են ուժեղացնել Հայաստանի պաշտպանական կարողությունները, ինչպես նաև դառնալ զսպման որոշակի գործոն։ «Հակառակորդը գիտի, որ իր գործողություններն ավելի հեշտ են հայտնաբերվելու և թիրախավորվելու՝ նույնիսկ մինչև վերջինիս ագրեսիայի պրակտիկ իրականացումը։ Բայց, միևնույն ժամանակ, այդ նույն տեխնոլոգիաները նաև մեծացնում են խոցելիությունը, քանի որ պատերազմն ավելի ու ավելի է տեղափոխվում կիբեռտարածք և տվյալների ենթակառուցվածքներ։ Եթե պետությունը չունի տվյալների պաշտպանության, կիբեռանվտանգության ու տեխնոլոգիական ինքնուրույնության մեխանիզմներ, ինչպես նաև հակահետախուզության լուրջ կարողություններ, ապա նույն այս համակարգերը կարող են դառնալ խոցելիության աղբյուր»,- ասում է միջազգային հարաբերությունների դոկտոր Աբրահամյանը։

Առաջիկա քայլեր

Թե՛ Աբրահամյանը, թե՛ Արազը համակարծիք են, որ տվյալների ենթակառուցվածքները, հետազոտական կենտրոնները, զարգացման ռազմավարությունն ու հստակ տեսլականն այն մասին, թե որն է Հայաստանի տեղն ու դերը ԱԲ-ով շարժվող աշխարհում, ինչպես նաև համագործակցությունը զինված ուժերի ու քաղաքացիական հաստատությունների միջև մեր երկրի երկարաժամկետ ինստիտուցիոնալացված քաղաքականության հիմնասյուներն են։

Նկար
Sevan Araz, defense innovation professional on balancing AI with core military strategy.

Sevan Araz, defense innovation professional on balancing AI with core military strategy.
Caption
Պաշտպանական նորարարությունների մասնագետ Սևան Արազ։ Լուսանկարը՝ Սևան Արազ

Արազը նշում է, որ Հայաստանը ուժերը պետք է կենտրոնացնի պաշտպանական հիմքերի՝ դոկտրինի, պատրաստվածության և պահեստազորի համակարգերի վերակառուցման վրա, առանց որոնց ԱԲ-ով աշխատող համակարգերը չեն կարող լիարժեք արդյունավետ լինել։ Ըստ նրա՝ հավասարաչափ կարևոր են պատրաստվածությունը և սցենարային պլանավորումը։ «Հսկողության և ԱԲ-ի դարաշրջանում հակառակորդները հստակ պատկերացնում են միմյանց հնարավորությունները։ Այս պարագայում կողմերից մեկը կարող է առավելություն ստանալ մյուսի նկատմամբ փորձարկումների ու մարտադաշտում տարբեր, անկանխատեսելի սցենարների կիրառման դեպքում՝ դժվարացնելով հակառակորդի գործողությունները»,- նշում է նա։

Խոսելով 44-օրյա պատերազմից՝ Արազը համարում է, որ կատարվածը կարևոր դաս էր տեխնոլոգիական զարգացումներին շարունակաբար ադապտացվելու և պատրաստված լինելու անհրաժեշտության մասին։

Նոր դաշնակիցներ

Համաձայն The Times of India պարբերականի՝ Հայաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողքին դարձել է Հնդկաստանի պաշտպանական տեխնիկայի խոշորագույն ներկրողներից մեկը՝ ձեռք բերելով հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականի։ Հայաստանը դարձել է Հնդկաստանի Akash հակաօդային պաշտպանության համակարգի առաջին օտարերկրյա գնորդը։ Սկսվել են նաև Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումները։ 2026 թ.-ի փետրվարին Հնդկաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Հայաստան կատարած այցի կենտրոնում երկկողմ համագործակցության ընդլայնումն էր կրթության, մասնագիտական վերապատրաստման, համատեղ զորավարժությունների և փորձի փոխանակման ուղղություններով։ Թեպետ Երևանը և Նյու Դելին հաստատում են 2020 թ.-ի պատերազմից ի վեր պաշտպանական երկկողմ համագործակցության աճի մասին տեղեկատվությունը , սակայն ձեռքբերումների հստակ շրջանակն ու ծավալը մեծապես մնում են չհրապարակված։

2023-2024 թ.-ին Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության մատակարարման պայմանագրեր։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության կողմից Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված զեկույցում։ Նշվում է, որ պաշտպանական համագործակցության դիվերսիֆիկացման ավելի լայն քաղաքականության շրջանակում Հայաստանը աջակցության համար դիմել է ֆրանսիական կողմին՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու և ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով։

Մասնավորապես, հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերել երեք GM-200 ռադար, 50 Bastion տիպի զրահամեքենա, 36 միավոր Caesar 155 մմ ինքնագնաց հրետանային կայան, ինչպես նաև փոքր չափի տարբեր զենքեր և այլ տեխնիկա։ 2026 թ.-ի մարտի վերջին Փարիզում բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենը բարձր էին գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։

Կողմերը քննարկել էին ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրեր՝ պայմանավորվելով խորացնել համագործակցությունը։

Հայաստանը նաև տարիներ շարունակ պահպանում է կարևոր անվտանգային հարաբերություններն Իրանի հետ, որը համարվում է որոշ ռազմական մատակարարումների տարանցիկ հիմնական ուղիներից մեկը, և մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

ԱՄՆ փոխնախագահ Վենսն ընդգծեց այս ամենի  ռազմավարական նշանակությունը. «Առաջին  անգամ մենք հայտարարում ենք ռազմական  տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին....  Այս կարողությունները կօգնեն Հայաստանին  պաշտպանել երկիրն ու աջակցել տևական  խաղաղության գործընթացին»։

ՆԱՏՕ-ի աջակցությունը

Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները աջակցություն են ստանում նաև ՆԱՏՕ-ի կողմից, մասնավորապես՝ ռազմական կրթության և ավելի լայն արդիականացման ոլորտներում։ ՆԱՏՕ-ն իր Ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում ուսումնասիրել է Հայաստանի ռազմական կրթական համակարգը և աջակցում է նոր հայեցակարգի մշակմանը, որը համահունչ կլինի արևմտյան չափանիշներին։

2025 թ.-ի դեկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան այցելեց Երևան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկելու Հայաստանի հետ համագործակցությունը զինված ուժերի արդիականացման, ռազմական կրթության բարելավման ոլորտներում։ Այս համագործակցություններն արտացոլում են Հայաստանի ռազմավարական ջանքերը՝ նվազեցնելու կախվածությունը անվտանգության մեկ մատակարարից և կառուցելու ավելի հավասարակշռված, բազմավեկտոր պաշտպանական քաղաքականություն։

Այս փոխակերպմանը զուգահեռ արձանագրվել է պաշտպանական ծախսերի կտրուկ աճ։ Ռազմական ծախսերը 2021 թ.-ին մոտ 608 միլիոն դոլարից աստիճանաբար աճել են՝ 2025 թ.-ին հասնելով մոտ 1.69 միլիարդ դոլարի։

Այդպիսով պաշտպանության ոլորտը դարձել է պետական բյուջեի ամենաարագ աճող ոլորտներից մեկը։ Թեպետ կանխատեսումների համաձայն 2026 թ.-ի հատկացումը կնվազի՝ հասնելով մոտ 1.44 միլիարդ դոլարի (մոտ 15% անկում), այդուհանդերձ այն կշարունակի 2024 թ.-ից առաջ որևէ այլ տարվա ցուցանիշից ավելի բարձր լինել, ինչն ընդգծում է, որ երկրում ազգային պաշտպանությանը կայուն առաջնահերթություն է տրվում։

Համագործակցություն ԱՄՆ-ի հետ

2025 թ.-ի հունիսին արհեստական բանականության լուծումներով ամպային տեխնոլոգիաներով զբաղվող Firebird ընկերությունը և Հայաստանի կառավարությունը, առաջատար ամերիկյան տեխնոլոգիական ընկերության՝ NVIDIA-ի աջակցությամբ հայտարարեցին 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պետություն-մասնավոր գործընկերության մասին, որի շրջանակում կկառուցվի Կովկասի առաջին ԱԲ սուպերհամակարգչային տվյալների կենտրոնը։ NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, խոսելով նախաձեռնության կարևորության մասին, նշել էր. «Արհեստական բանականության գործարանները 21-րդ դարի ենթակառուցվածքներն են։ Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնել արհեստական բանականության հիմնարար կարողությունները և կստեղծի նորարարության և տնտեսական աճի համար նոր հնարավորություններ ողջ տարածաշրջանում»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ողջունել էր նախագիծը՝ ասելով. «Մենք ողջունում ենք Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով NVIDIA-ի գործընկերությունն ու Firebird-ի հետ համագործակցությունը։ Սա կարևոր քայլ է մեր տեխնոլոգիական ոլորտի և միջազգային գործընկերությունների ամրապնդման ճանապարհին։ Կառավարությունը պատրաստակամ է աջակցել այս նախաձեռնությանը և նոր հնարավորություններ ստեղծել մեր ժողովրդի և տարածաշրջանի համար»։

Նկար
Through partnerships with global tech leaders like NIVDIA’s Jensen Huang, Armenia is positioning AI infrastructure at the center of its future security strategy.

Through partnerships with global tech leaders like NIVDIA’s Jensen Huang, Armenia is positioning AI infrastructure at the center of its future security strategy.
Caption
Համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների հետ գործընկերության օրինակով, ինչպիսին NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն է, Հայաստանն իր անվտանգության ապագա ռազմավարության հիմքում դնում է ԱԲ ենթակառուցվածքները։ Լուսանկարը՝ Artur Widak/AP

Այս հայտարարությունը հիմք ստեղծեց Հայաստան-ԱՄՆ հետագա համագործակցության համար։ 2025 թ.-ի օգոստոսին Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության մասին պատմական հուշագիր։

Արդեն 2026 թ.-ի փետրվարին Հայաստան այցելեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այցի շրջանակում հայտարարվեց Firebird-ի՝ արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի, դեպի Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին։

ԱՄՆ փոխնախագահ Վենսն ընդգծեց այս ամենի ռազմավարական նշանակությունը. «Առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին.... Այս կարողությունները կօգնեն Հայաստանին պաշտպանել երկիրն ու աջակցել տևական խաղաղության գործընթացին»։

Նկար
Armenia’s purchase of U.S.-built V-BAT drones signals a strategic move toward AIenabled surveillance and a deepening defense partnership with the United States.

Armenia’s purchase of U.S.-built V-BAT drones signals a strategic move toward AIenabled surveillance and a deepening defense partnership with the United States.
Caption
Հայաստանի կողմից ամերիկյան արտադրության V-BAT անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը վկայում է ԱԲ-ով կառավարվող դիտարկման համակարգերի ուղղությամբ արված ռազմավարական մոտեցման և ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության խորացման մասին։ Լուսանկարը՝ Adobe Stock

Firebird-ի սուպերհամակարգչային կենտրոնը 100 մեգավատտ հզորությամբ համալիր է, որը շահագործման հանձնվեց 2026 թ.-ի երրորդ եռամսյակում։ Դրանով նշանավորվելու է Հայաստանի մուտքը համաշխարհային ամենաառաջատար հաշվողական տնտեսություն։ Հատկապես ուշագրավ է սուպերհամակարգչային կենտրոնի ռեսուրսների բաշխման կառուցվածքը. հզորության 20 տոկոսը նախատեսված է հայկական կազմակերպությունների համար, իսկ 80 տոկոսը պայմանագրերով տրամադրվելու է տարածաշրջանում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերություններին։

Պաշտպանության և արտաքին քաղաքականության թեմաներով մասնագիտացած ամերիկյան The National Interest պարբերականի գնահատմամբ՝ այս մոտեցումը վկայում է ինչպես առևտրային, այնպես էլ աշխարհաքաղաքական շահերի մասին՝ Հայաստանը կապելով ԱՄՆ-ի արհեստական բանականության մատակարարման շղթաներին և միաժամանակ խթանելով տեղական տեխնոլոգիական զարգացումը։ Նախագիծը լրացուցիչ աջակցություն է ստանում նաև հայկական կազմակերպությունների և Amazon-ի միջև ամպային տեխնոլոգիաների ոլորտում ավելի լայն համագործակցության շրջանակում։ Այս համագործակցությունների առանցքում Հայաստանի դիրքավորումն է՝ որպես Հարավային Կովկասում արևմտյան ուղղվածություն ունեցող տեխնոլոգիական հաբ, և այս ամենը մի ժամանակաշրջանում, երբ երկիրը հստակեցնում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ։

Էդուարդ Աբրահամյանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացումն առաջին հերթին նշանակում է Հայաստանի արտաքին անվտանգության քաղաքականության բազմակողմանի ընդլայնում։ «Փոքր պետությունների համար սա շատ կարևոր ռազմավարական սկզբունք է՝ չկենտրոնացնել անվտանգությունը միայն մեկ գործընկերոջ վրա»,- նշում է նա։

Համադրելով պաշտպանության ոլորտում ԱԲ գործիքների ներդրումը, միջազգային համագործակցության ընդլայնումը և կառուցվածքային բարեփոխումները՝ կարող ենք ասել, որ Հայաստանը հստակորեն ի ցույց է դնում իր հավակնությունները՝ նորարարությունը վերածելու անվտանգության ապահովման գործոնի։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2026 թ.-ի հունիսյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։