Թվային շրջափակում

Ուժեղ ու թույլ ձայների անհավասար պայքար սոցիալական հարթակներում


2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանն Արցախից բռնի տեղահանեց ավելի քան 100 000 հայերի՝ ստիպելով նրանց լքել իրենց տները, մեկ այլ ճգնաժամ էլ ծավալվում էր առցանց տիրույթում։ Իրադարձություններն իրական ժամանակում փաստագրել փորձող հայ օգտատերերը սկսեցին նկատել տարօրինակ երևույթներ. գրառումներն անհետանում էին, օգտահաշիվները՝ արգելափակվում, իսկ հրապարակումների դիտումների քանակը՝ կտրուկ նվազում։ «Արցախ», «Հայոց ցեղասպանություն» և նույնիսկ «ցեղասպանություն» բառերը, կարծես, պատճառ էին դառնում, որ աշխատեն ինչ-որ ավտոմատացված մոդերացիոն համակարգեր։ Եվ հենց այն պահին, երբ համաշխարհային հանրության ուշադրությունն ու իրազեկվածությունն ամենաշատն էր անհրաժեշտ, հայկական ձայները խլացվում էին։

Սա եզակի դեպք կամ տեխնիկական սխալ չէր։ Սա ցույց է տալիս ավելի լայն կառուցվածքային խնդիր, որը գտնվում է հարթակների կառավարման, ֆինանսական շահերի և աշխարհաքաղաքական ճնշումների հատման կետում։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում լրագրողների, կազմակերպությունների և բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են խոսքի ազատությունը։

Միտումնավոր խափանում

Տարիների ընթացքում նկատելի է, որ հայկական թեմաներով բովանդակությունը համակարգվում է ոչ համաչափորեն։ 2022-2023 թթ.-ի Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում՝ 2023 թ.-ի օգոստոսի 26-ին կասեցվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան օգտահաշվի գործունեությունը։ Թվային իրավունքների խախտումները մշտադիտարկող հայկական CyberHUB-AM հասարակական կազմակերպության տվյալներով՝ կասեցումը ադրբեջանցի օգտատերերի տևական բողոքի ակցիաների հետևանք էր։ Կազմակերպությունն այսպիսի գործելակերպի մասին նախկինում ևս ահազանգել էր՝ արձանագրելով պատերազմի ընթացքում սոցիալական հարթակների չարաշահման դեպքեր։

«Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրասենյակը հաստատել էր, որ նրա ֆեյսբուքյան օգտահաշիվն ամիսներ շարունակ համակարգված բողոքների մեծ հոսքի տակ էր, ինչն աստիճանաբար սահմանափակել էր էջի հասանելիությունը ու նվազեցրել գրառումների տեսանելիությունը, մինչև օգոստոսի 26-ին էջն ամբողջությամբ անհասանելի դարձավ։

Խնդիրը չի սահմանափակվում առանձին օգտահաշիվներով։ Freedom House-ի «Ազատությունը համացանցում 2021» զեկույցի համաձայն՝ Facebook-ն արգելափակել էր կարծիք ձևավորող շատ հայ անհատների և լրատվամիջոցների էջեր՝ հարթակի կանոնները խախտելու հիմնավորմամբ։ Սակայն իրավապաշտպանները նշում էին, որ այդ որոշումների կայացման գործընթացը թափանցիկ չէր, իսկ որոշ արգելափակված օգտատերերի մեղադրում էին ատելության խոսքի տարածման մեջ՝ առանց այդ մեղադրանքները հիմնավորող հրապարակային ապացույցների։ Նույն զեկույցում արձանագրվել էր նաև, որ 2020 թ.-ի պատերազմի ընթացքում հայկական լրատվամիջոցների մի շարք YouTube-յան ալիքներ փակվել էին՝ Ադրբեջանի և Թուրքիայի օգտատերերի համակարգված բողոքի արշավների հետևանքով։

Որոշ լրագրողներ նաև հաղորդում են այսպես կոչված «ստվերային արգելափակման» (shadowbanning) դեպքերի մասին։ Նման դեպքերում բովանդակությունը տեխնիկապես շարունակում է տեսանելի մնալ, սակայն դրա տարածումը խիստ սահմանափակվում է ու այն չի հասնում լայն շրջանակների։ Որոշ դեպքերում նույնիսկ միայն «Արցախ» բառի օգտագործումն ակտիվացնում է այդ ավտոմատացված արգելափակող համակարգերը։

Հայկական կազմակերպությունների սոց. հարթակների օգտահաշիվներով զբաղվող մասնագետների համար այս խնդիրը պարզապես տեսական հարց չէ։ «Մենք ստիպված էինք սովորել աշխատել հարթակների անտեսանելի սահմանափակումների պայմաններում։ Այնպիսի բառերի օգտագործումը, ինչպիսին «ցեղասպանություն» եզրույթն է, հաճախ ակտիվացնում է սոցիալական հարթակների զգայունության ֆիլտրերը։ Արցախի մասին հրապարակումները պարբերաբար ունենում են նվազեցված տեսանելիություն՝ ոչ թե այն պատճառով, որ խախտում են որևէ կանոն, այլ հենց թեմայի համար», - ասում է ՀԲԸՄ-ի սոցիալական մեդիայի համակարգող Սթիվեն Քոլանջելոն։ Արդյունքում, ինչպես նշում է նա, ձևավորվում է անհրաժեշտությունից ծնված ինքնագրաքննություն։ «Դու վերաձևակերպում ես մտքերդ, մեղմացնում բառապաշարդ, հարմարվում պայմաններին, որովհետև եթե չափազանց հեռուն գնաս, հրապարակումներիդ հասանելիությունը նվազում է, օգտահաշիվդ սահմանափակվում է, իսկ ավելի վատ դեպքերում՝ ամբողջությամբ կասեցվում»։

Ամերիկայի հայկական համագումարի կոնգրեսի հետ հարաբերությունների տնօրեն Մարիամ Խալոյանը նմանատիպ միտումներ նույնպես նկատել է։ «2020 թ.-ի պատերազմի ընթացքում գնալով ավելի դժվար էր դառնում Հայաստանի և Արցախի վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ տարածումը։ Թեև բովանդակությամբ լայնորեն կիսվում էին, ես նկատում էի, որ դրա հասանելիությունը չէր համապատասխանում սովորական ներգրավվածության ցուցանիշներին, հատկապես երբ հրապարակումները տեղեկատվական բնույթի էին կամ կոչ էին անում գործողությունների», - նշում է նա։ «Ես մշտական օրինաչափություն եմ նկատել։ Ի տարբերություն սադրիչ կամ ալգորիթմների համար գրավիչ նյութերի՝ զուտ տեղեկատվական բովանդակությունը հաճախ ունենում է անհամաչափ ցածր տեսանելիություն»։

Յեյլի համալսարանի պրոֆեսոր Թաուհիդ Զամանը բացատրում է. «TikTok-ը և նմանատիպ այլ հարթակներ հենց իրենք են ընտրում՝ ինչ բովանդակություն ցույց տալ օգտատերերին։ Դրանք կարող են խթանել ցանկացած նյութ կամ նվազեցնել ցանկացած նյութի տեսանելիությունը։ Դա նշանակում է, որ դրանք կարող են ազդել հանրային կարծիքի ձևավորման վրա այնպես, ինչպես ցանկանան»։

Նկար
Mariam Khaloyan (middle) of the Armenian Assembly of America highlights how Armenian-focused content often struggles to reach audiences. Photo credit / Facebook: Mariam Khaloyan

Mariam Khaloyan (middle) of the Armenian Assembly of America highlights how Armenian-focused content often struggles to reach audiences. Photo credit / Facebook: Mariam Khaloyan
Caption
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդ-գծում է առցանց լսարանին հայկական թեմաներով նյութերը հասանելի դարձնելու մարտահրավերներին դիմակայելու կարևորությունը։ Լուսանկարը՝ Մարիամ Խալոյան/Facebook

Խթանների վրա հիմնված մոդել

Սոց. հարթակները կարող են ներկայացվել որպես հանրային բաց տարածքներ, սակայն դրանք, առաջին հերթին, գովազդային բիզնեսներ են։ Այս ֆինանսական հարաբերություններն ազդեցություն են ունենում այն բանի վրա, թե որ ձայներն են ավելի լսելի և որոնք են աննկատ մղվում երկրորդ պլան։

«Թուրքական ավիաուղիներ»-ի վերաբերյալ Meta-ի հրապարակած ուսումնասիրությունների համաձայն՝ ավիաընկերությունը տարիներ շարունակ լայնածավալ, թիրախավորված գովազդային արշավներ է իրականացրել Facebook-ում և Instagram-ում։

«Թուրքական ավիաուղիներ»-ի ինտերակտիվ մարքեթինգի ղեկավարը Reuters Events-ին տված հարցազրույցում նշել էր, որ ավիաընկերությունը Facebook-ում և X-ում ունի ավելի քան 20 տեղական օգտահաշիվ, ինչն այն դարձնում է համաշխարհային մասշտաբով սոցիալական մեդիայում ամենաակտիվ ավիաընկերություններից մեկը։

Ադրբեջանի ազդեցությունը արևմըտյան հաստատությունների վրա փաստագրվել է նաև հետաքննական լրագրության միջոցով։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) բացահայտել է «Ադրբեջանական լվացքատուն» (Azerbaijani Laundromat) անունով հայտնի 2.9 միլիարդ դոլարի փողերի լվացման սխեման, որը, ըստ հետաքննության, մասամբ օգտագործվել է Եվրոպայում և այլ տարածաշրջաններում քաղաքական և մեդիա հաստատությունների վրա ազդեցություն ունենալու համար։

OCCRP-ի ուսումնասիրությունների համաձայն՝ գումարներն օգտագործվել են արևմտյան քաղաքական գործիչներին վճարելու և մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի դեմ քննադատական ձայնն արտերկրում լռեցնելու համար։ Նույն հետաքննություններից պարզ է դառնում, թե ինչպես են ադրբեջանական կառավարության համար ցանկալի պատումները երրորդ անձանց՝ գիտնականների, վերլուծական կենտրոնների անդամների և մեկնաբանների միջոցով ուղղորդվել՝ ստեղծելու անկախ վերլուծության տպավորություն: Այս սխեմայի իրական հետևանքները հետագայում հաստատվել են նաև դատական գործընթացներով. ինչպես OCCRP-ն հաղորդել է, իսկ Deutsche Welle-ն լուսաբանել՝ Մյունխենի դատարանը մեղավոր է ճանաչել Գերմանիայի Բունդեսթագի նախկին անդամ Էդուարդ Լինթներին՝ Ադրբեջանի անունից պետական պաշտոնյաներին կաշառելու համար։ Սա առաջին դեպքն էր, երբ գերմանացի օրենսդիրը պաշտոնապես մեղավոր ճանաչվեց նման հանցանքի համար։

Թաքնված սահմանափակումներ

Բացի ֆինանսական հարաբերություններից՝ կարող են շահագործվել նաև հենց հարթակների համակարգերը։ Meta-ի Adversarial Threat Report-ի համաձայն՝ ընկերությունը պաշտոնապես ճանաչել և փաստագրել է, որ գոյություն են ունեցել կեղծ օգտահաշիվների համակարգված ցանցեր, որոնք ներգրավված են եղել լրագրողների, ակտիվիստների և քաղաքական գործիչների դեմ զանգվածային բողոքի արշավներում։

Կարևոր է նաև այն, որ Meta-ի զեկույցներում հստակ արձանագրվել են դեպքեր, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանում ընկերությունը հեռացրել է 589 ֆեյսբուքյան օգտահաշիվ, 7 665 էջ և 437 ինստագրամյան օգտահաշիվ, որոնք կապ ունեին «Նոր ադրբեջանական կուսակցության» երիտասարդական միության հետ։ Այս բացահայտված ցանցը հրապարակում էր բովանդակություն, որն առնչվում էր «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը» և «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ սրացումների ժամանակ Հայաստանի գործողություններին»:

Որոշ լրագրողներ նաև հաղորդում են այսպես  կոչված «ստվերային արգելափակման»  (shadowbanning) դեպքերի մասին։ Նման դեպքերում բովանդակությունը տեխնիկապես շարունակում է տեսանելի մնալ, սակայն դրա տարածումը խիստ սահմանափակվում է, ինչը խոչընդոտում է  հրապարակման լայն շրջանակներում տարածմանը։

Բարձր խաղադրույքներ

Սոց. հարթակներում հակամարտությունները փաստագրելու, տարածելու ու ականատես լինելու հնարավորությունը դարձել է հակամարտության անբաժանելի մաս։ Երբ մի կողմի օգտահաշիվները կասեցվում են, հեշթեգերը սահմանափակվում, իսկ հրապարակումները «թաղվում» ավտոմատացված համակարգերի կողմից, կատարվածը մոռացության մատնելու մի նոր մոդել է ձևավորվում։ Պատմություններով է պայմանավորված, թե ինչպես է աշխարհն արձագանքում ճգնաժամերին, ինչպես են կառավարությունները որոշում գործել և, ի վերջո, ինչպես է գրվում պատմությունը։

Պատմությունները կարողանում են ապրել միայն այն ժամանակ, երբ դրանց թույլ է տրվում շրջանառվել։ Երբ 2023 թ.-ի սեպտեմբերին Ստեփանակերտից հրապարակում անող հայի ձայնը սահմանափակվում է, դա արդեն իսկ որոշում է, թե ապագա սերունդներն ինչ են իմանալու կատարվածի մասին։ Սոց. հարթակներն այլևս չեզոք ենթակառուցվածքներ չեն, ու դրանք են որոշում, թե հակամարտության ժամանակ աշխարհն ինչ պետք է իմանա։

Բոտերի պայքար

Միայն հայերը չէ, որ նման մտահոգություններ են բարձրաձայնում։ Human Rights Watch-ի՝ «Meta-ի խախտած խոստումները. Instagram-ում և Facebook-ում պաղեստինյան բովանդակության համակարգային գրաքննությունը» վերնագրով 2023 թ.-ի դեկտեմբերի զեկույցը փաստագրել է Meta-ի հարթակներում պաղեստինամետ բովանդակության լայնածավալ սահմանափակումներ, ներառյալ հեռացումներ, օգտահաշիվների արգելափակումներ և տեսանելիության նվազեցում։ Նման մտահոգություններ բարձրաձայնել են նաև ույղուրական և քրդական համայնքները։

Այս մարտահրավերներն ավելի են բարդանում համակարգված բոտային ցանցերի և ապատեղեկատվական արշավների պատճառով, որոնք ակտիվորեն խեղաթյուրում են առցանց դիսկուրսը։ Բոտերը հիմնված են ավտոմատացված կամ կիսաավտոմատացված օգտահաշիվների ցանցերի վրա, որոնք ուժեղացնում են թշնամական պատումները, հեղեղում մեկնաբանությունների բաժինները և արհեստականորեն բարձրացնում կեղծ կամ մոլորեցնող բովանդակության տեսանելիությունը։ «ՍիվիլՆեթ»-ի հետաքննությունները փաստում են, թե ինչպես են բոտային արշավները թիրախավորում Հայաստանը կեղծ կայքերի միջոցով, որոնք նախագծված են՝ կրկնօրինակելով վստահելի միջազգային լրատվամիջոցների կայքերը։ ԱԲ-ով ստեղծված տեսանյութերը և հարյուրավոր անանուն օգտահաշիվները գործում են համատեղ՝ կեղծ պնդումներին վստահելիություն հաղորդելու նպատակով։

Այսպիսի ենթակառուցվածքները բնորոշ չեն միայն Հայաստանը թիրախավորող դերակատարներին։ Թուրքիան մշակել է պետական վերահսկողությամբ աշխարհի ամենալայն, փաստագրված թրոլային և բոտային էկոհամակարգերից մեկը։ Այս ցանցերը, որոնք հայտնի են AK Trolls անունով, օգտագործվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար քարոզչական նյութեր տարածելու և ընդդիմադիր ձայներին թիրախավորելու համար՝ օգտահաշիվները կոտրելու ու համակարգված ռեթվիթներ անելու միջոցով։ 2020 թ.-ի հունիսին Twitter-ը կեղծ գործունեության համար կասեցրել և հեռացրել էր 7 340 օգտահաշիվ, որոնք վերագրվում էին Թուրքիայի իշխող կուսակցության երիտասարդական թևին։ Stanford Internet Observatory-ի տվյալներով՝ այդ ցանցը բաղկացած էր նույն օրը ստեղծված կեղծ անձանց ու կոտրված օգտահաշիվներից։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ 2019 թ.-ին կեղծ օգտահաշիվներն ու բոտերը միջինում ապահովել են Թուրքիայի Twitter-ի ամենօրյա թոփ 10 թրենդերի մոտ 26.7%։

Թուրքիայի բոտային ենթակառուցվածքը կիրառվել է նաև միջազգային մակարդակով, այդ թվում՝ 2019 թ.-ին Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ներխուժումն արդարացնելու նպատակով՝ ցույց տալով, որ այս ցանցերը ծառայում են նաև Հարավային Կովկասի հետ ուղղակիորեն առնչվող ավելի լայն աշխարհաքաղաքական պատումների տարածմանը։

Ադրբեջանը գործում է այս մոդելին խիստ համահունչ։ Հետազոտող Գարէնա (Կարենա) Աւետիսեանը փաստագրում է, թե ինչպես է Ադրբեջանն իր պատումները լեգիտիմացնելու նպատակով փորձում ազդել արտաքին լսարանների վրա՝ օգտագործելով թրոլային գործարաններ, սոցիալական մեդիայի քարոզչություն, հանրային կապերի ոլորտում մասնագիտացած արևմտյան ընկերությունների ռեսուրսներ և ֆինանսավորվող ակադեմիական շրջանակներ։ Հատկանշական է, որ Twitter-ում ադրբեջանական թրոլները բազմիցս շրջանցվել են, մինչդեռ այլ պետական դերակատարների բոտային բանակների ցանցեր վերացվել են։ Այս բացը, ինչպես զգուշացնում է Աւետիսեանը, ավտորիտար վարչակարգերին թույլ է տալիս օգտագործել սոց. հարթակները՝ որպես ապատեղեկատվության, ահաբեկման և արտերկրում հետապնդման գործիք։

Ի տարբերություն սադրիչ կամ ալգորիթմների  համար գրավիչ նյութերի՝ զուտ տեղեկատվական բովանդակությունը հաճախ ունենում  է անհամաչափ ցածր տեսանելիություն։

Հաղթում են ալգորիթմները

Ալգորիթմներն արտացոլում են դրանք նախագծած հաստատությունների առաջնահերթություններն ու սահմանափակումները։ Երբ այդ համակարգերը հետևողականորեն անբարենպաստ պայմաններ են ստեղծում որոշակի օգտատերերի համար, հատկապես նրանց, ովքեր փաստագրում են հակամարտությունները կամ պատմական անարդարությունները, հետևանքները շատ ավելի լուրջ են լինում։ Խնդիրն այլևս միայն տեսանելիությունը չէ։ Խնդիրն այն է, թե ովքեր են կարողանում մասնակցել համաշխարհային քննարկումներին և ում պատմություններն են հնարավորություն ստանում ձևավորել հանրային ընկալումներ։

Խալոյանը նշում է. «Սա խորապես մտահոգիչ է։ «Ցեղասպանություն» բառի տեսանելիության սահմանափակումը խոչընդոտում է հանրությանը կրթելու և պատմությունը պահպանելու ջանքերին։ Եթե մարդիկ չեն կարող ազատ քննարկել այս իրողությունները, ավելի դժվար է դառնում բարձրացնել իրազեկվածությունը և կանխել ապագա ոճրագործությունները»։

Երբ հակամարտության կողմերից մեկը կարող է հարթակը ողողել համակարգված բողոքներով կամ ազդեցություն ձեռք բերել գովազդային կապերի միջոցով, բանավեճում հաղթելն արդեն նրա համար դառնում է երկրորդական։ Նրանք պարզապես պետք է ապահովեն, որ մյուս կողմի ձայնը լսելի չլինի։ Մի դարաշրջանում, երբ հանրային կարծիքը, միջազգային միջամտությունը և նույնիսկ իրավական ճանաչումն ավելի ու ավելի են առաջնորդվում առցանց տիրույթում գերիշխող նարատիվներով, լռեցնելու կարողությունը դառնում է հաղթելու կարողություն։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2026 թ.-ի հունիսյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։