Հայաստանն օգտվում է ոչ միայն իր տեխնոլոգների, տաղանդավոր գիտնականների և ստարտափ ստեղծող հանճարների աշխատուժից, այլև բիզնեսի և այլ ոլորտներում սփյուռքահայ առաջատար գործիչների փորձառությունից։ Բազմաթիվ մրցանակների արժանացած և ողջ աշխարհում բարձր հեղինակություն վայելող այս հայ անհատները խոր գիտելիք ունեն տեխնոլոգիական հետազոտությունների, մշակման և նորարարությունների ոլորտներում։ Նրանք ոչ միայն ոլորտի առաջնորդներ ու առաջատարներ են, այլ նաև կիսում են համընդհանուր արժեք. նպաստել, որ հայրենիքը լիարժեք իրացնի իր ներուժն ու հասնի բարգավաճման ու անվտանգության ավելի բարձր մակարդակի։
Նուպար Աֆէյեան (Նուբար Աֆեյան)
Նուպար Աֆէյեանը գիտության, ձեռներեցության և համաշխարհային առողջապահության հատման կետում աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից է: Բեյրութում ծնված Աֆէյեանի ընտանիքը ստիպված է եղել փախչել Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով, երբ նա դեռ երեխա էր։ Ի վերջո հաստատվելով Մոնրեալում՝ նա ուսումը շարունակում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), որն ավարտում է 1987 թ.-ին և ստանում բիոքիմիական ինժեներիայի դոկտորի աստիճան։
Նա Flagship Pioneering ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ընկերությունը մշակել է ավելի քան 100 միլիարդ դոլար համախառն արժեքով 100 և ավելի գիտական նախագիծ, հազարավոր արտոնագրեր ու կլինիկական մշակման փուլում գտնվող ավելի քան 50 դեղամիջոց:
Աֆէյեանը 2009 թ.-ին համահիմնադրել է Moderna ընկերությունը և ներկայում զբաղեցնում է դրա խորհրդի նախագահի պաշտոնը։ 2018-ին Moderna-ն իրականացրեց բիոտեխնոլոգիական պատմության ամենախոշոր IPO-ն (արժեթղթերի հրապարակային առաջարկ), իսկ 2021 թ.-ին Աֆէյեանը հայտարարեց, որ Moderna-ն չի կիրառի իր արտոնագրային իրավունքները COVID-19-ի պատվաստանյութերի արտադրության համար։ 2025 թ.-ին ԱՄՆ նախագահի կողմից Աֆէյեանն արժանացավ ոլորտի բարձրագույն պետական պարգևին՝ ստանալով Տեխնոլոգիայի և նորարարության ազգային մեդալը։
Երեք տասնամյակների ընթացքում Աֆէյեանը ստեղծել է ավելի քան 70 կենսաբժշկական և տեխնոլոգիական ստարտափ և ընտրվել ԱՄՆ Ազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ։ Նա ավելի քան 20 տարի տեխնոլոգիական ձեռնարկատիրություն է դասավանդել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի կառավարման դպրոցում ու Հարվարդի բիզնես դպրոցում։
Նա IDeA հիմնադրամի և Հայաստանի Գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիրներից է։ Աֆէյեանը հանդես է գալիս որպես ռազմավարական խորհրդատու Հայաստանի 4 միլիարդ դոլարանոց արհեստական բանականության ենթակառուցվածքային նախաձեռնության համար, որը վարչապետ Փաշինյանն անվանել է երկրի «աստղային դարպաս»։ 2015 թ.-ին Աֆէյեանը համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ամեն տարի 1 միլիոն դոլար է շնորհում այն անհատներին, որոնք, վտանգելով սեփական կյանքը, փրկում են այլոց։
Երուանդ Զօրեան (Երվանդ Զորյան)
Երուանդ Զօրեանը ծնվել է Հալեպում, ապա բնակություն է հաստատել Սիլիկոնյան հովտում։ Նա նորարարական մտքի տեր ճարտարագետ է, կրթական գործիչ, հայ համայնքի առաջնորդ։ Նրա մասնագիտական գործունեությունը մեծ դեր է ունեցել կիսահաղորդիչների համաշխարհային արդյունաբերության ձևավորման վրա։ Միևնույն ժամանակ, Զօրեանն իր գործունեությամբ մնայուն ազդեցություն է թողել իր հայրենի երկրի՝ Հայաստանի վրա։
1990-ականների սկզբին նա առաջիններից էր, որ ՏՏ ոլորտում տեսավ Հայաստանի ներուժը՝ անկախությունից հետո օգնելով ներգրավել օտարերկրյա տեխնոլոգիական ընկերությունների։ Ներկայում նա «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետն է և նախագահում է ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Սինոփսիս Արմենիա»-ն։
Նա Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից ստացել է համակարգչային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան, Մաքգիլի համալսարանից՝ էլեկտրական ճարտարագիտության դոկտորի կոչում, ինչպես նաև Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնես դպրոցից՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում:
Նրա հիմնական մասնագիտական ուղղությունը կիսահաղորդչային չիպերի ինքնաթեստավորումն ու ինքնավերանորոգումն է։ «Այսօրվա կիսահաղորդիչների արտադրությունը բավականին ճշգրիտ է, բայց ոչ կատարյալ։ Արդյունքում շատ չիպեր արտադրվում են թերություններով։ Այդ պատճառով մենք ստեղծում ենք ինտելեկտուալ համակարգեր, որոնք թույլ են տալիս չիպին ինքնուրույն թեստավորում իրականացնել և վերականգնվել»,- այս մասին նշել է Զօրեանը։ Նա ունի ավելի քան 40 ամերիկյան արտոնագիր, չորս գրքի և ավելի քան 350 գիտական հոդվածի հեղինակ է։
Զօրեանը 2005 թ.-ին արժանացել է «Արդյունաբերության առաջամարտիկ» մրցանակին (Industrial Pioneer Award)՝ ներկառուցված ինքնաթեստավորման տեխնոլոգիայի ոլորտում ունեցած ներդրման համար, 2006 թ.-ին՝ Հանս Կարլսոնի անվան դիվանագիտության մրցանակին (Hans Karlsson Award for Diplomacy), իսկ 2014 թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության Գիտության ազգային մեդալին։ Նա 2008 թ.-ին ընտրվել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ։
Զօրեանը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահն է։ Հիմնադրման օրվանից ի վեր աշխարհի տարբեր անկյուններից 39 000 ուսանող մասնակցել է համալսարանի դասընթացներին։ Նա նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքը սեպտեմբերի 1-ը հռչակել է որպես «Դոկտոր Երուանդ Զօրեանի օր»՝ ի նշան առաջնակարգ գիտնականի և մանկավարժի՝ առցանց ուսուցման ոլորտում ունեցած ակնառու նվաճումների:
Ռեվ Լեբարեդեան (Ռև Լեբարեդյան)
Ռեվ Լեբարեդեանը համակարգչային գրաֆիկայի, սիմուլյացիոն տեխնոլոգիաների և արհեստական բանականության առաջատար վարպետներից է, ով ավելի քան երեք տասնամյակ գործունեություն է ծավալում թվային նորարարությունների ոլորտում։
Ներկայում նա զբաղեցնում է NVIDIA-ի Omniverse և Simulation Technology-ի փոխնախագահի պաշտոնը։
Նա իր մասնագիտական ուղին սկսել է Հոլիվուդում` Warner Brothers Digital-ում և Disney Dream Quest Images-ում` մասնագիտանալով ռենդերինգի ոլորտում և աշխատելով «Օսկար»-ի նոմինացված «Ամենակարող Ջո Յանգ» ֆիլմի համար։ Ավելի ուշ Լեբարեդեանը հիմնադրել է Steamboat Software ընկերությունը՝ ստեղծելով մրցանակի արժանացած Jig ռենդերային համակարգը, որը կիրառվել է խոշոր տեսողական էֆեկտների ստուդիաների, այդ թվում՝ Sony ImageWorks-ի, Walt Disney-ի և Rhythm & Hues Studios-ի կողմից։ Նրա մշակած ծավալային ալգորիթմները կիրառվել են այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ստյուարտ Լիթլ»-ը, «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» և «Իքս-մարդիկ 2»-ը։
2002 թ.-ին նա տեղափոխվել է NVIDIA, որտեղ մասնակցել է Cg shading ծրագրային գործիքի ստեղծմանը, այնուհետև տեղափոխվել Մոսկվա՝ նոր գրասենյակ բացելու նպատակով։ Այստեղ նա մշակել է NVIDIA-ի GeForce Experience հարթակը։ Տարիների ընթացքում Լեբարեդեանի թիմերը լուծեցին բազմաթիվ մարտահրավերներ՝ 3D հավելվածների ավտոմատ թեստավորումից մինչև իրական ժամանակի ֆիզիկական սիմուլյացիա (PhysX), խաղային լուսանկարչություն (Ansel), ռոբոտաշինական սիմուլյացիա (Isaac Sim) և իմերսիվ արտադրանքի դիզայն։
Վերջին տարիներին Լեբարեդեանն առաջնորդում է NVIDIA-ի ռենդերինգի, ֆիզիկայի և ԱԲ կարողությունների ինտեգրումը մեկ միասնական հարթակում՝ NVIDIA Omniverse-ում։
Ռև Լեբարեդեանը դարձել է NVIDIA-ի և Հայաստանի միջև պատմական գործընկերության շարժիչ ուժը։ 2022 թ.-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո NVIDIA-ի ռուսական գրասենյակը Երևան տեղափոխելով՝ նա նպաստել է NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունների ձևավորմանը։ 2025 թ.-ի հունիսին՝ NVIDIA GTC Paris միջոցառման ընթացքում, նա ներկա գտնվեց Firebird-ի և Հայաստանի կառավարության միջև 500 միլիոն դոլար արժողությամբ պետական-մասնավոր գործընկերության մեկնարկի պաշտոնական արարողությանը։
2026 թ.-ի փետրվարին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ներկայությամբ, ծրագիրն ընդլայնվեց մինչև 4 միլիարդ դոլար և 50 000 NVIDIA GPU՝ դիրքավորելով Հայաստանը որպես աշխարհի հինգ ամենախոշոր արհեստական բանականության GPU կենտրոններից մեկը։ Լեբարեդեանն այս առթիվ նշել էր. «Հայաստանը կլինի աշխարհում առաջին երկրներից մեկը, որը կունենա նմանատիպ ԱԲ գործարան, իսկ նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես կառուցել և շահագործել ԱԲ գործարաններ, ունեն հստակ համաշխարհային առավելություն»։
Լեբարեդեանը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի և ԹՈՒՄՈ-ի խորհըր-դատվական խորհրդի անդամ է։
Սէմ Սիմոնեան (Սեմ Սիմոնյան)
Սէմ Սիմոնեանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ էլ մեծացել է նախքան բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ԱՄՆ տեղափոխվելը։ Նա էլեկտրատեխնիկի մասնագիտացմամբ բակալավրի աստիճան է ստացել Տեխասի համալսարանի Արլինգթոնի մասնաճյուղում, ինչից հետո սկսել է գործունեություն ծավալել հեռահաղորդակցության և ճարտարագիտության ոլորտներում։
1989 թ.-ին Սիմոնեանը Էլի Աքըլեանի և Մարկ Վայնցիրլի հետ համահիմնադրել է INET Technologies, Inc. ընկերությունը, որը մասնագիտացած էր հեռահաղորդակցության ցանցերի կառավարման և բիզնես գործառնական համակարգերի մշակման գործում։
1990-ականների սկզբին նորարարությունների և սրընթաց աճի շնորհիվ INET-ը հայտնի դարձավ հեռահաղորդակցության ոլորտի խոշոր օպերատորներին և տեխնոլոգիական ընկերություններին մատուցած լուծումներով։ Սիմոնեանի առաջնորդական կարողությունները լայն ճանաչում ստացան։ 1994 թ.-ին նա Inc. ամսագրի, բրիտանական Ernst & Young խորհըրդատվական ընկերության և ամերիկյան Merrill Lynch ընկերության կողմից ճանաչվեց «Տարվա ձեռնարկատեր»։ Հետագայում նա արժանացավ նաև Ellis Island պատվո շքանշանի և Հայաստանի «Անանիա Շիրակացու մեդալ»-ի՝ հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին մեծապես նպաստելու համար։
INET-ից բացի, Սէմ Սիմոնեանն առավել հայտնի է որպես Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր։ Երևանում ԹՈՒՄՈ-ի գլխամասը բացվեց 2011 թ.-ին, իսկ տարիներ անց արդեն ընդլայնվեց՝ հասնելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարբեր քաղաքներ։
Սիմոնեանը նաև նախագահում է «ԹՈՒՄՈ» հիմնադրամի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի խորհուրդները՝ կրթական նորարարությունը կապելով ազգային զարգացման հեռանկարներին։ ՀԲԸՄ ղեկավար կազմում երկար տարիներ ծառայելուց հետո 2024 թ.-ին նա ընտրվեց ՀԲԸՄ 8-րդ նախագահ։