Ոճիր և գիտակցություն

Հունահայ գրող Պետրոս Մարկարիսը դետեկտիվ գրականության միջոցով բարձրաձայնում է հույն հասարակության արդի խնդիրները


Պոլսում ծնված ու հելլենացված ընտանիքում մեծացած հունահայ գրող, թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Պետրոս Մարգարեան) դեռ երեք տասնամյակ առաջ հեղափոխեց միջերկրածովյան դետեկտիվ գրականության ժանրը՝ համեմելով այն աթենքյան միջին խավի մի ընտանիքի պատմությամբ, բայց և անդրադառնալով ավելի լայն սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների։

Մարկարիսը Հունաստանի ժամանակակից ամենաազդեցիկ գրողներից է, ով թեև միշտ նշում է հայկական արմատներ ունենալու մասին, բայց նաև խոստովանում է, որ մեծացել է բացառապես հունական ընտանիքում։ Դրա պատճառը եղել է Մարկարիսի հորական պապի ռոմանտիկ ու արգելված սիրո պատմությունը, որը սերունդներին կտրուկ հեռացրել է իրենց հայկական արմատներից։

Գրողը պատմում է, որ իր պապը սերում էր Օսմանյան կայսրության հարուստ ու հայտնի Մարգարեան ազգանունը կրող հայկական ընտանիքից։ Մի օր, երբ նրանց հույն խոհարարը տուն է բերում իր զարմուհուն, պապը տեսնում ու առաջին հայացքից սիրահարվում է։ Բնականաբար հայրը դեմ է լինում, որ որդին ամուսնանա օտար աղջկա հետ, այն էլ՝ խոհարարի ընտանիքից։ «Այն ժամանակ տարբեր խավերի ու ազգությունների միջև ամուսնություններն ընդունված չէին», - պատմում է գրողը։

Մարկարիսի պապը, սակայն, դեմ գնալով բոլոր սպառնալիքներին, հրաժարվում է հոր ժառանգությունից, աշխատանք է գտնում, ամուսնանում սիրած աղջկա հետ, սովորում հունարեն ու, բախտից խռոված, երդվում այլևս հայերեն չխոսել։ Այսպես Մարգարեանների այս ճյուղի սերունդները մեծանում են որպես հույներ։

Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Պետրոս Մարգարեանը ծնվում է 1937 թվականին Ստամբուլում։ Սովորում է հունական ու ավստրիական դպրոցներում, այնուհետև մեկնում Ավստրիա՝ տնտեսագիտություն ուսումնասիրելու։ 1960-ականների կեսերին՝ Աթենք տեղափոխվելուց հետո, նա որդեգրում է Պետրոս Մարկարիս գրական անունն ու սկսում գրել պիեսներ ու կինոսցենարներ՝ համագործակցելով նաև անվանի հույն կինոռեժիսոր Թեո Անգելոպուլոսի հետ։

Մարկարիսի գրչին է պատկանում նաև հունական ամենահայտնի «Հանցագործության անատոմիա» հեռուստասերիալի սցենարը։ Չնայած ամենասկզբում նախատեսված էր, որ այն ընդամենը չորս սերիա ունեցող ֆիլմ կլինի, բայց Մարկարիսի բացառիկ տաղանդի շնորհիվ հեռուստասերիալը ձգվեց շուրջ երեք տարի։

Սակայն Մարկարիսին միջազգային ճանաչում բերեց նրա գլխավոր հերոս Կոստաս Խարիտոսի շուրջ հյուսված քրեական վեպերը։ Խարիտոսն Աթենքի միջին խավի ընտանիքից ոստիկան է, որը հետաքննում է առօրեական թվացող հանցագործություններ, որոնց հիմքում սակայն ավելի խորքային սոցիալական, քաղաքական կամ տնտեսական խնդիրներ են թաքնըված։ Վեպերը թարգմանվել են շուրջ 20 լեզուներով ու հրատարակվել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում և մի շարք այլ երկրներում ու տարածաշրջաններում։ Շուտով Մարկարիսին ընթերցելու հնարավորություն կունանա նաև հայ ընթերցողը։

Բացի անվանի գրող լինելուց՝ Մարկարիսը նաև վաստակաշատ թարգմանիչ է։ Նա Բերթոլթ Բրեխթի և Գյոթեի ստեղծագործությունների գիտակ է, ով հունարեն է թարգմանել բազմաթիվ գործեր, այդ թվում՝ Գյոթեի «Ֆաուստ»-ը։ Գրականության և թարգմանության ոլորտում ունեցած ավանդի համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ «Գյոթեի մեդալ»-ի և Գերմանիայի դաշնության «Վաստակի շքանշան»-ի։

Այսօր՝ գրեթե իննսուն տարեկան հասակում, Մարկարիսն իր ողջ ժամանակը շարունակում է տրամադրել գրելուն։ Բացի Խարիտոսի շարքն ընդլայնելուց՝ նա, դստեր խնդրանքով, սկսել է նաև իր կենսագրական հուշագրությունները, որտեղ պատմում է նաև հայկական արմատների ու պապի մեծ ու ինքնամոռաց սիրո մասին։

AGBU Magazine-ին տված բացառիկ հարցազրույցում Պետրոս Մարկարիսը խոսում է ինքնության բարդ շերտերի, ժամանակակից գրականության մեջ դետեկտիվ ժանրի կարևորության ու փոքր ազգերից սերող գրողների առջև ծառացած մարտահրավերների մասին։

Հ. Պարո՛ն Մարկարիս, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Դուք ծնվել եք Պոլսում՝ հելլենացված հունահայ ընտանիքում, հետո ապրել եք Ավստրիայում ու հաստատվել Աթենքում։ Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր ինքնությունը։

Պ. Ես կասեի, որ իմ ինքնությունը կապված է ոչ թե որևէ երկրի, այլ քաղաքի հետ։ Ես պոլսեցի եմ։ Մեծացել եմ կոսմոպոլիտան Պոլսում, որի դիմագիծն այն ժամանակ ձևավորում էին ավելի շատ ազգային փոքրամասնությունները, քան հենց թուրքերը։ Երբ քայլում էի Բեյողլու փողոցով՝ Իսթիքլալով, միաժամանակ լսում էի վեց լեզու՝ թուրքերեն, հունարեն, հայերեն, սեֆարդի հրեաների լեզուն, իտալերեն ու ֆրանսերեն։ Ես նույնիսկ չէի շրջվում՝ հասկանալու, թե ով է խոսում, որովհետև դա Պոլսի առօրյան էր։ Այսօր, իհարկե, շատ բան է փոխվել, բայց իմ կապը քաղաքի հետ դեռ շարունակում է ապրել, ու ինքնությունս ներկայացնելիս այն միշտ կապում եմ Պոլսի հետ։

Հ. Ե՞րբ բացահայտեցիք գրականության հանդեպ Ձեր սերն ու ինչպե՞ս որոշեցիք գրող դառնալ։

Պ. Ամենասկզբում ես կարդացել եմ թուրքական ժամանակակից գրականություն և կասեմ, թե ինչու։ 1942 թ.-ին, երբ հինգ տարեկան էի, Թուրքիայում հարստության հարկ սահմանվեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Մարդկանց ձեռքից խլում էին ամեն բան, նույնիսկ կահույքը։ Մինչև այսօր հիշում եմ հորս սարսափած դեմքը, երբ լսեց, թե որքան հարկ պետք է վճարի։ Նա վաճառեց մեր Պոլսի տունը, բայց կարողացավ պահպանել Իշխանաց կղզիներում Հեյբելիադայի մեր տունը և ստիպված եղանք տեղափոխվել այնտեղ։

Ամեն օր կղզուց մայրցամաք էի գնում-գալիս՝ ավստրիական դպրոց հաճախելու համար ու վերադառնալիս, երբ ընկերներս մնում էին Պոլսում, միայնության զգացում էի ապրում։ Մի օր դպրոցից դուրս գալիս մի ֆրանսիական գրախանութ գտա. ֆրանսերեն ու թուրքերեն գրքեր էին վաճառում։ Դե ֆրանսերեն չգիտեի, սկսեցի թուրք ժամանակակից գրողներին կարդալ։ Հետագայում, երբ վերադարձանք Պոլիս, բացահայտեցի նաև գերմանական և հունական գրախանութներ։

Այդ ընթերցանությունների ընթացքում նկատեցի, որ ինչպես թուրք, այնպես էլ հույն գրողները հաճախ գրականությունն օգտագործում էին քաղաքական հարցեր բարձրաձայնելու համար, քանի որ այլ կերպ բացահայտ դրանց մասին խոսել չէին կարող։ Գրականությունը նրանց համար կարծես դիմադրության ձև էր։ Ի տարբերություն՝ գերմանական գրականությունն ավելի շատ ներկայացնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված հավաքական մեղքի զգացումը, քան դիմադրություն։

Այսպիսով, հենց այդ շրջանի թուրք և հույն գրողներն ինձ օգնեցին հասկանալ, որ գրականությունը կարող է միջոց ծառայել՝ արձագանքելու սոցիալ-քաղաքական մթնոլորտին ու ինձ համար ուղի հարթեցին դեպի գրականություն։

Հ. Որքանո՞վ է դետեկտիվ ժանրը կարևոր ժամանակակից գրականության մեջ։ Սա հատկապես կհետաքրքրի հայ գրողներին, քանի որ հայ գրականության մեջ այս ժանրը պատմականորեն շատ տարածված չի եղել։

Պ. Սա շատ հետաքրքիր հարց է։ Իմ սերնդակիցները ու նույնիսկ ավելի երիտասարդ ընթերցողներ դետեկտիվ գրականությունը հաճախ կապում են բրիտանական ավանդույթի՝ օրինակ Ագաթա Քրիստիի հետ։

Սակայն իրականում ամերիկյան, միջերկրածովյան ու, վերջին տարիներին նաև, սկանդինավյան դետեկտիվ գրականությունները զարգացել են այլ ուղղությամբ։ Դրանց միավորող ընդհանրությունն այն է, որ վերջնանպատակը հանցագործությունը բացահայտելը չէ, այլ ժամանակակից հասարակությունը ներկայացնելն ու դեռ չլուծված խնդիրների վրա ուշադրություն սևեռելը։

Ես նոր վեպ եմ սկսում գրել, երբ որևէ խնդիր եմ նկատում, որն ինձ սկսում է անհանգստացնել։ Դրա շուրջ հանցագործություն եմ հորինում ու ողջ վեպի ընթացքում սկսում եմ քննարկել բուն խնդիրը։ Չեմ սիրում գրել արդեն լուծում ունեցող խնդիրների մասին։

Միջերկրածովյան դետեկտիվ գրականության մեկ այլ կարևոր առանձնահատկություն էլ քաղաքի դերն է։ Ինձ համար այդ քաղաքը Աթենքն է, Ժան-Կլոդ Իզոյի համար՝ Մարսելը, Մանուել Վասկեսի համար՝ Բարսելոնան։ Այս բոլոր գրողների վեպերում քաղաքը ոչ թե պարզապես գործողության վայր է, այլ ինքնուրույն կերպար, որի միջոցով ներկայացվում ու մեկնաբանվում է հասարակական կյանքը։

Եթե հայ գրականության մեջ դետեկտիվ գրականությունը դեռ նոր զարգացող ժանր է, ապա, անշուշտ, սա կարելի է ներկայացնել որպես բացթողում, բայց նաև՝ որպես հնարավորություն։ Դետեկետիվ գրականությունը հզոր միջոց է քաղաքի կյանքը ներկայացնելու, նոր ձևավորվող խնդիրները բարձրաձայնելու ու ընթերցողին մտածելու տեղիք տալու համար։

Նկար
Covers of Late-Night News and Deadline in Athens—London and U.S. editions of Petros Markaris’ debut novel originally published in Greek in 1995. Photo credit / Joseph Dolmadjian

Covers of Late-Night News and Deadline in Athens—London and U.S. editions of Petros Markaris’ debut novel originally published in Greek in 1995. Photo credit / Joseph Dolmadjian
Caption
Մարկարիսի առաջին գրքի շապիկները ամերիկյան և անգլիական հրատարակություններով։ Վեպն առաջին անգամ հունարեն է լույս տեսել 1995 թ.-ին։ Լուսանկարը՝ Ժոզէֆ Տոլմաճեան

Հ. Եկեք մի քիչ էլ խոսենք Ձեր գլխավոր հերոսի՝ Կոստաս Խարիտոսի մասին։ Ինչպե՞ս ստեղծեցիք նրա կերպարը։

Պ. 1990-ականների կեսերն էր։ Այդ ժամանակ աշխատում էի «Հանցագործության անատոմիա» սերիալի վրա, երբ մի օր համակարգչիս կողքին երեք հոգուց բաղկացած մի ընտանիք հայտնվեց աչքիս։ Դա սովորական միջին խավի հունական ընտանիք էր, ու իմ առաջին արձագանքն այդ մտքին բացասական էր, քանի որ սերիալի սցենարներում արդեն իսկ բավական նման ընտանիքներ ընդգրկել էի ու ձանձրալի միտք թվաց։

Բայց այդ մարդը համառ էր ու շարունակում էր հայտնվել, ու չէի կարողանում կենտրոնանալ։ Մի օր ինքս ինձ ասացի. «Եթե նա ինձ այսքան տանջում է, ուրեմն կա՛մ ոստիկան է, կա՛մ ատամնաբույժ» [ծիծաղում է]։

Ընտրեցի ոստիկանի տարբերակը, քանի որ հանցագործության համար դա ավելի բնական էր։ Այդպես ծնվեցին Կոստաս Խարիտոսն ու իր ընտանիքը. կինը՝ Ադրիանին ու նրանց միակ դուստրը՝ Կատերինան։

Ուրախ եմ, որ այս հարցը տվեցիք, քանի որ սա հենց այն նորամուծությունն էր, որը գրավեց ընթերցողին։ Սովորաբար նման վեպերում հանցագործություն բացահայտողը միայնակ, հանճարեղ մտքի տեր մի մարդ է լինում, բայց իրական աշխարհում հանցագործությունները կատարում են սովորական մարդիկ, ու դրանք բացահայտում են սովորական, միջին խավի ոստիկաններ, որ ունեն իրենց ընտանիքն ու անձնական կյանքը։

Հատկապես հարավային երկրներում, որտեղ ընտանիքին մեծ տեղ են տալիս՝ Իտալիայում, Իսպանիայում ու Լատինական Ամերիկայում, ընթերցողները հաճախ կապվում են հենց ընտանիքի հետ, այլ ոչ Խարիտոսի։ Լինում է, որ շնորհանդեսներին գրքեր մակագրելիս մոտենում են ու ասում. «Գիտե՞ք, Ադրիանին ճիշտ իմ մոր նման է»։ Դա ինձ ուրախացնում է, որովհետև ես Ադրիանիի կերպարը ստեղծել եմ հենց իմ մոր կերպարով։ Նա էլ էր սիրում հորս անընդհատ փշերի վրա պահել ու սուր արձագանքներ տալ։ Ու դա շատ ակնհայտ եմ արել։ Քույրս գիրքը կարդալուց հետո զանգեց. «Լսիր, էս Ադրիանին լրիվ մեր մաման է»։

Նույն կերպ այլ հերոսներ կերտելիս հիմնվում եմ իմ շրջապատի մարդկանց բնավորությունների վրա։ Երկրորդ վեպի մեջ մի կերպար կա, որը նյարդայնացնելու աստիճան կարգ ու կանոն ու մաքրություն է սիրում։ Հենց այդ գլուխը գրեցի, տվեցի քրոջս, որ կարդա։ Պտտվեց ու ամուսնուն ասաց՝ «լսի՛ր, վեպի մեջ ես հայտնվել» [ծիծաղում է]։

Հ. Ի՞նչ խորհուրդ կտաք հայ ժամանակակից գրողներին։

Պ. Անկեղծ կլինեմ։ Երբ գրում ես փոքր ազգերի լեզուներով, որոնք սահմանափակ քանակությամբ ընթերցողներ ունեն՝ ինչպես հունարենը կամ հայերենը, միջազգային ճանաչման հասնելը կախված է ոչ միայն տաղանդից, այլ նաև բախտից։ Իմ դեպքում բախտը վճռորոշ դեր խաղաց։

Մի գերմանուհի կարդաց իմ առաջին վեպը, հավանեց այն, երեք գլուխ թարգմանեց ու փոխանցեց Աթենքի Գյոթեի ինստիտուտին, որն էլ այն ներկայացրեց հրատարակչությանը։ Հրատարակիչը գնեց իրավունքները՝ պայմանով, որ եթե առաջին գիրքը չվաճառվի առնվազն 500 օրինակով, երկրորդը չի հրատարակվի։ Բարեբախտաբար, գիրքը հաջողություն ունեցավ։

Հետևաբար, իմ խորհուրդը հետևյալն է. գրեք այն հասարակության մասին, որտեղ ապրում եք ու հետևեք դրա զարգացումներին։ Բայց միևնույն ժամանակ հիշեք, որ միջազգային լսարանին հասնելու համար անհրաժեշտ են թարգմանություններ, մասնագիտական կապեր ու, երբեմն նաև, որ բախտը ճիշտ պահին ժպտա ձեզ։ 

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2026 թ.-ի հունիսյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։