Աշխատանք 2.0

Ինչպես է վերափոխվում Հայաստանի աշխատաշուկան


Վերջին տարիներին արհեստական բանականությունը դարձել է համաշխարհային քննարկումների առանցքային թեմաներից մեկը՝ առաջ քաշելով լուրջ հարցադրումներ աշխատաշուկայի ապագայի վերաբերյալ։ Ոմանք կանխատեսում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, մյուսները՝ նոր մասնագիտությունների և հնարավորությունների աննախադեպ աճ։ Եթե թվերի վերածենք, ապա Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատմամբ՝ մինչև 2030 թ.-ը աշխարհում կստեղծվի շուրջ 170 միլիոն նոր աշխատատեղ, իսկ 92 միլիոն աշխատատեղ էլ կանհետանա ավտոմատացման արդյունքում։ Հետևաբար, այս կանխատեսումները վկայում են ոչ թե աշխատաշուկայի վերացման, այլ խորքային վերափոխումների մասին։

Համաշխարհային փոփոխություններից անմասն չի մնում նաև Հայաստանը, որն այս համատեքստում ունի իր ուրույն պատմությունը։ Թեև նոր հնարավորությունները երկիրը դիրքավորում են որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն, իսկ Համաշխարհային բանկն էլ կանխատեսում է, որ մինչև 2027 թ.-ը Հայաստանի տնտեսական աճը կկայունանա 4.7%-ի շուրջ, աշխատաշուկայում առկա կառուցվածքային խնդիրները շարունակում են գերակշռել՝ խոչընդոտելով ոլորտի համաչափ զարգացմանը։ Հետևաբար հարց է առաջանում. ԱԲ-ի օրեցօր զարգացմանը զուգահեռ ի՞նչ աշխատատեղեր կստեղծվեն տնտեսական աճի պայմաններում և ո՞ւմ համար։

Նկար
Credit / Pete Ryan

Credit / Pete Ryan
Caption
Փիթ Ռայան

Միտումներ և ցուցանիշներ

Ըստ staff.am-ի տարեկան զեկույցի՝ 2025 թ.-ին երկրի աշխատաշուկան հարաբերական կայուն է եղել։ Ամենապահանջված 20 մասնագիտական ոլորտների ցանկը գրեթե չի փոխվել և առաջատար դիրքերում շարունակել են մնալ ֆինանսաբանկային, վաճառքի և սպասարկման ոլորտները։ Աշխատանքի ընդունման հիմնական պահանջների շարքում գերիշխող տեղ են զբաղեցնում հաճախորդների հետ անմիջական շփում ենթադրող հաստիքները։ Միևնույն ժամանակ, երբեմնի գերիշխող ՏՏ ոլորտի ակտիվության որոշակի նվազումը և ոչ տեխնիկական մասնագիտությունների պահանջարկի աճը նոր հնարավորություններ են ստեղծում տնտեսության այլ ճյուղերի համար։

Այսօր Հայաստանի ՏՏ ընկերությունները նախքան նոր հաստիք բացելը նախ փորձում են հասկանալ՝ արդյոք տվյալ աշխատանքը հնարավոր է ավտոմատացնել, թե ոչ, ինչի արդյունքում, նույնիսկ ՏՏ ոլորտում այսօր ավելի շատ ազատ հաստիքներ կարելի է գտնել հենց ոչ տեխնիկական ուղղություններով՝ հաճախորդների սպասարկում, աջակցություն, վաճառք և գործառնական աշխատանքներ։

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Հայաստան» (LEAP) ծրագրի ղեկավար Ասթինե Բադեյանը, անդրադառնալով ՀԲԸՄ-ի կողմից իրականացված աշխատաշուկայի ուսումնասիրությանը, նշում է. «Այսօր Հայաստանի ՏՏ ընկերությունները նախքան նոր հաստիք բացելը նախ փորձում են հասկանալ՝ արդյոք տվյալ աշխատանքը հնարավոր է ավտոմատացնել, թե ոչ, ինչի արդյունքում, նույնիսկ ՏՏ ոլորտում այսօր ավելի շատ ազատ հաստիքներ կարելի է գտնել հենց ոչ տեխնիկական ուղղություններով՝ հաճախորդների սպասարկում, աջակցություն, վաճառք և գործառնական աշխատանքներ։ Տվյալների վերլուծաբանների և որակի ապահովման մասնագետների պահանջարկը ևս շարունակում է արդիական մնալ, սակայն այդ մասնագիտությունների համար էլ նախապես սերտած տեխնիկական հիմք է անհրաժեշտ»։

Թաքնված մարտահրավերներ

Զբաղվածության 2025-31 թթ.-ի ռազմավարական ծրագրի համաձայն՝ աշխատաշուկայում մի շարք բնագավառներից մասնագետների պակաս կա, մասնավորապես հաշվապահության, ֆինանսական ծառայությունների, հաճախորդների սպասարկման, վաճառքի, ռիսկերի կառավարման և վարկային վերլուծությունների ոլորտներում։ Ի հակադրություն հաստիքների առկայությանը՝ Հայաստանում 2025 թ.-ին գործազրկության մակարդակը եղել է մոտ 12%։

Այս հակասությունը ցույց է տալիս ոչ այնքան աշխատատեղերի, որքան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքի և հմտությունների պակաս։ ԱԲ-ի զարգացմանը զուգընթաց այս բացն էլ ավելի է ընգծվում, քանի որ առաջ են գալիս հավելյալ ԱԲ հմտություններին տիրապետելու պահանջներ ևս։

Հայաստանի աշխատաշուկայի ամբողջական պատկերը հասկանալու համար staff.am-ի զեկույցը ներկայացնում է նաև աշխատույժի աշխարհագրական բաշխվածությունը։ 2023-25 թթ.-ին աշխատատեղերի գրեթե 90%-ը կենտրոնացած է եղել Երևանում։ Մարզային կենտրոններից առավել ակտիվ են եղել Աբովյանը, Գյումրին և Մասիսը։ Փորձագետների կարծիքով՝ հեռավար աշխատանքի հնարավորություններն ու ԱԲ-ի գործիքների լայնածավալ կիրառումը կարող են նպաստել, որ աշխատատեղերի բաշխվածության աշխարհագրությունն ավելի համաչափ դառնա Հայաստանում։

Նկար
 Մարզերի և Երևանի աշխատանքների բաշխվածությունը, 2023-2025

Մարզերի և Երևանի աշխատանքների բաշխվածությունը, 2023-2025
Caption
Մարզերի և Երևանի աշխատանքների բաշխվածությունը, 2023-2025

Արագ հարմարվողականությունը՝ հաջողության գրավական

Ըստ staff.am-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Լուիզա Ավետիսյանի՝ աշխատաշուկայում աշխատանքները ոչ թե անհետանում, այլ վերափոխվում են։

«Օրինակ՝ հաշվապահի կամ ՄՌ մասնագետի աշխատանքը չի վերանում, սակայն դրա զգալի մասը ավտոմատացվում է։ Գործողություններ, որոնք նախկինում օրեր էին պահանջում, այսօր հնարավոր է կատարել րոպեների ընթացքում»,- նշում է Ավետիսյանը, - «Սա չի նշանակում, որ հաշվապահներ այլևս պետք չեն լինելու։ Պարզապես նրանցից ակնկալիքներն են այլ լինելու։ Նույնը վերաբերում է տեսանյութերի արտադրությանը։ ԱԲ-ն չի փոխարինել օպերատորներին կամ մոնտաժողներին, սակայն իրենց աշխատանքում նոր տեխնոլոգիաների հնարավորությունները կիրառող մասնագետներն ավելի մրցունակ են դառնում»։

Ավետիսյանի կարծիքով՝ այս փոփոխությունները նաև նոր հնարավորություններ են ստեղծում անհատների և փոքր թիմերի համար։ Այսօր մեկ մարդուց կամ փոքր խմբից բաղկացած նախաձեռնությունները կարող են ապահովել այնպիսի արդյունք, որ նախկինում հնարավոր կլիներ ստանալ միայն տասնյակ աշխատողներ ունեցող կազմակերպություններում։ Այս պայմաններում հատկապես շահեկան դիրքում են հայտնվում ստեղծարար ոլորտի ներկայացուցիչները, քանի որ, ավելի քան երբևէ, նրանք կարող են նվազագույն ֆինանսական ռեսուրսներով հանրությանը մատուցել իրենց տաղանդն ու գաղափարները։

Նկար
2025 թ.-ի 20 ամենաակտիվ ոլորտները

2025 թ.-ի 20 ամենաակտիվ ոլորտները
Caption
2025 թ.-ի 20 ամենաակտիվ ոլորտները

Կրթական նոր պահանջներ

Աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունները նոր պահանջներ են դնում նաև կրթական համակարգի առջև։ Ըստ Լուիզա Ավետիսյանի՝ բակալավրի որոշ ծրագրեր կարող են կրճատվել մինչև երեք կամ նույնիսկ երկուսուկես տարի տևողության չորսի փոխարեն՝ երիտասարդներին ավելի արագ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն տալու նպատակով։

Թեև նման մոտեցումը չի կարող կիրառվել բոլոր մասնագիտությունների հատկապես՝ գիտական ուղղությունների դեպքում, սակայն Ավետիսյանը կարծում է, որ տեխնոլոգիական ոլորտներում նախկինում գոյություն ունեցող երկար ուսուցումն աստիճանաբար կորցնում է արդիականությունը։ Բացի այդ, կարիք կլինի նաև, որ համալսարանները ուսանողներին պատրաստեն ոչ միայն մեկ մասնագիտություն ունենալու ու կիրառելու, այլև կարիերայի ընթացքում մի քանի անգամ մասնագիտական ուղղություն փոխելու ուղղությամբ։

reArmenia-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանն էլ ընդգծում է Հայաստանի ներուժը. «Մենք ասում ենք, որ թանգարան ենք բաց երկնքի տակ։ Ես կավելացնեի, որ մենք լաբորատորիա ենք բաց երկնքի տակ», - նշել է նա Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովի (PSI Forum) ժամանակ՝ ընդգծելով Հայաստանի ներուժը՝ դառնալու փորձարկումների և նոր մոդելների մշակման հարթակ տարբեր ոլորտներում ԱԲ-ի ընդլայնման ներկայիս պայմաններում։ «Արդեն այսօր տեսանելի են գիտական հետազոտությունների նոր ուղղություններ, ինչպիսիք են՝ ԱԲ-ն և նեյրոգիտությունը, ԱԲ-ն ու խելացի համակարգերը, ԱԲ-ն ու ռոբոտաշինությունը, որոնք առաջացնում են նոր աշխատուժի, նոր տաղանդների ու նոր մասնագիտությունների պահանջարկ»։

Նկար
2025 թ.-ի 20 ամենապահանջված սոֆթ (փափուկ) հմտությունները

2025 թ.-ի 20 ամենապահանջված սոֆթ (փափուկ) հմտությունները
Caption
2025 թ.-ի 20 ամենապահանջված սոֆթ (փափուկ) հմտությունները

Պողոսյանը նաև ընդգծում է, որ ԱԲ-ի լայնածավալ կիրառման արդյունքում փոխվում է նաև «գրագիտության շեմի» ընկալումը։ «Մեկ դար առաջ գրագետ լինել նշանակում էր կարդալ և գրել իմանալ, և պետությունները լայնածավալ արշավներ էին իրականացնում անգրագիտությունը վերացնելու համար։ Այսօր գրագետ լինել նշանակում է տիրապետել նաև ԱԲ-ի հիմունքներին ու կիրառել դրանք»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է պետական և մասնավոր հատվածների համակարգված համագործակցությունը։

Ազգային մակարդակում Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թ.-ի վերջը ԱԲ կրթություն ներդնել երկրի հանրակրթարանների մեծ մասում՝ այն հասանելի դարձնելով շուրջ 80% դպրոցականների համար։ Այս որոշումը գալիս է լրացնելու Հայաստանում Կովկասյան տարածաշրջանի խոշորագույն տվյալների կենտրոններից մեկի ստեղծման նախաձեռնությանը, որն, իր հերթին, կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր։

Արդեն այսօր տեսանելի են գիտական հետազոտությունների նոր ուղղություններ, ինչպիսիք են՝ ԱԲ-ն և նեյրոգիտությունը, ԱԲ-ն ու խելացի համակարգերը, ԱԲ-ն ու ռոբոտաշինությունը, որոնք առաջացնում են նոր աշխատուժի, նոր տաղանդների ու նոր մասնագիտությունների պահանջարկ։

Ստեղծարարություն և ինքնատիպություն

Գեներատիվ ԱԲ-ն ստեղծարար ոլորտի համար բազմաթիվ նոր դռներ է բացում՝ հնարավորություն տալով ստեղծել և տարածել բովանդակություն՝ անկախ ֆինանսական կարողություններից։ Սակայն այն նաև մտահոգությունների տեղիք է տալիս հեղինակային իրավունքի, ինքնատիպության, մշակութային արտահայտման հնարավոր միօրինակություն տարածելու և նմանատիպ այլ հարցերի շուրջ։ Վերջիններս հատկապես արդիական են Հայաստանում, որտեղ ստեղծարար ոլորտը մեծապես հիմնված է անհատական գործունեության վրա։

Ռազմավարական լուծումներ

Թեև Հայաստանում աշխատաշուկայի փոփոխության նախադրյալներն արդեն նկատելի են, հետագա զարգացումների ընթացքը կախված կլինի նրանից, թե ինչպես են հաղթահարվում կառուցվածքային բացերը, ինչ ներդրումներ են արվում մարդկային ներուժի զարգացման համար և ինչ ռազմավարական ուղղություններ են ձևավորվում։

Գլոբալ մակարդակում ավտոմատացման գործընթացում առաջնային մարտահրավերներն են տվյալների պաշտպանությունն ու կիբեռանվտանգությունը։ Ինչպես նշվում է Հարվարդի համալսարանի՝ արհեստական բանականության էթիկային և բիզնեսին վերաբերող ուսումնասիրությունում, ընկերությունները գնահատվելու են ոչ այնքան ԱԲ-ի լայնորեն կիրառմամբ, որքան տվյալները պատասխանատու օգտագործելու և անվտանգություն ապահովելու կարողությամբ, որը վստահություն ձևավորելու հիմնական գրավականն է դառնալու։ Այս համատեքստում տվյալների պաշտպանության կարողությունն աստիճանաբար ընկերությունների հեղինակությունն ու վստահելիությունը սահմանող կարևորագույն գործոններից մեկը կդառնա։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2026 թ.-ի հունիսյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։