Ապրող ու ապրեցնող երկիր

Հայաստանի կենսաբազմազանության յուրօրինակ ազդեցությունը մարդկանց ու բնության հարաբերությունների վրա


Հայաստանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկարագրում են այն իր պատմական դրվագներով, հնագույն վանքերով ու ժողովրդի տոկունությամբ։ Մինչդեռ դրանց հետևում թաքնված է մեկ այլ պատում՝ հենց ինքը՝ մայր բնությունը։

Չնայած համեմատաբար փոքր տարածքին՝ Հայաստանը կովկասյան տարածաշրջանի կենսաբազմազանության կարևորագույն կենտրոններից մեկն է։ Գտնվելով ծովի մակարդակից մոտ 375-ից մինչև 4 000 ու ավելի մետր բարձրության վրա՝ երկիրն ունի խիստ բազմազան լանդշաֆտներ՝ կիսաանապատայինից և բերրի գետահովիտներից մինչև ստվարախիտ անտառներ ու ալպյան մարգագետիններ։ Գիտնականների գնահատմամբ Հայաստանում հանդիպում է ավելի քան 3 600 բուսատեսակ և ավելի քան 17 500 կենդանատեսակ, ինչը իրական հարստություն է նման փոքր տարածք ունեցող երկրի համար։

Այս բազմազանության էությունը զուտ բնապահպանական չէ։ Այն խորապես ազդել է Հայաստանի ժողովրդի մարդկային դիմագծի ձևավորման վրա։ Աշխարհագրությունը, կլիման, բուսական և կենդանական աշխարհը ձևավորել են մարդկանց կենսակերպը, խոհանոցային ավանդույթները, լեզուն, հավատալիքները, ստեղծագործական արտահայտչաձևերը։

Ըստ տարբեր դասակարգումների՝ Հայաստանում առանձնացվում են վեց կամ յոթ կլիմայական գոտիներ՝ չոր մերձարևադարձային, կիսաանապատային, տափաստանային, անտառային, ալպյան, ենթալպյան և սառը բարձրալեռնային։

Գիտական դասակարգումներից անդին՝ կապը Հայաստանի բնության և մարդկանց միջև խիստ անձնական բնույթ ունի։ Լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի համար այդ յուրատեսակ երկխոսությունը բացահայտվում է լուսանկարչական օբյեկտիվի միջոցով։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա փաստագրել է Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհը՝ լուսանկարելով երկրի տարբեր լանդշաֆտներում հանդիպող կենդանիների, թռչունների և բուսատեսակների։

Նախորդ տարի նա հրատարակեց «Հայաստանի թռչունները» երկլեզու՝ հայերեն և անգլերեն գիրքը, որտեղ ներկայացված է երկրում գրանցված ավելի քան 200 թռչնատեսակ։ Սա իր տեսակի մեջ առաջին աշխատությունն է, որը տեսողական բովանդակության միջոցով ներկայացնում է Հայաստանի թռչնաշխարհի հարուստ և գունեղ բազմազանությունը։

Բեռտայի տեսախցիկը ֆիքսել է թռչունների ինչպես տարածված, այնպես էլ հազվագյուտ տեսակներ՝ կարմրակատարից և երկնագույն երաշտահավից մինչև ալպիական ճայ և Հայաստանի Կարմիր գրքում ներառված թռչուններ, օրինակ՝ կարմրաթև մագըլցող։ Նա նույնիսկ լուսանկարել է վարդագույն ֆլամինգոների երամներ. այս թռչունները ձմեռային միգրացիայի ընթացքում երբեմն ժամանակավորապես կանգ են առնում Հայաստանում։ Նա նշում է, որ տարիների փորձն այնքան է սրել նրա զգայարանները, որ հաճախ կարող է գուշակել թռչնի տեսակը՝ պարզապես դրա դայլայլը լսելով։

Նկար
Through her lens, Berta Martirosyan reveals the quiet rhythms of Armenia’s natural world, where birds, landscapes, and seasons intertwine. Photo credit / Berta Martirosyan

Through her lens, Berta Martirosyan reveals the quiet rhythms of Armenia’s natural world, where birds, landscapes, and seasons intertwine. Photo credit / Berta Martirosyan
Caption
Բեռտա Մարտիրոսյանն իր տեսախցիկի օգնությամբ բացահայտում է հայկական բնաշխարհն ու Հայաստանի կենսաբազմազանությունը։ Լուսանկարը՝ Բեռտա Մարտիրոսյան

Բեռտան ընդգծում է, թե որքան բազմաշերտ են Հայաստանի լանդշաֆտները։ Որոշ մարզերում, օրինակ՝ Արագածոտնում և Վայոց ձորում, կարելի է տեսնել միանգամից մի քանի կլիմայական գոտի։ «Միևնույն մարզում կարելի է անցնել մեկ կլիմայական գոտուց մյուսը՝ կիսաանապատայինից մինչև ենթալպյան լանդշաֆտներ… և այդ փոփոխության հետ միասին փոխվում է կյանքի ամբողջ ներկապնակը՝ թռչուններից և բույսերից մինչև մարդկային սովորույթներ»,- ասում է նա։

Այս կլիմայական բազմազանությունն արտահայտվում է նաև հայկական խոհանոցում։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ երկրի հարուստ կենսաբազմազանությունն իր արտացոլումն է գտել հայկական խոհանոցում՝ ավելի քան 300 տեսակի վայրի ուտելի բույսերի, հատապտուղների, կանաչեղենի միջոցով, որոնք տարվա համապատասխան շրջանում հավաքում են գյուղացիները։

«Գարնան գալուն պես մարդիկ կրկին վերադառնում են բնությանը. դա մարդկանց բնական արձագանքն է ձմռան ծանր ու հագեցած սննդային շրջանից հետո։ Բնությունը մեզ տալիս է այն վիտամիններն ու համերը, որոնք դարձել են մեր մշակութային ինքնության մի մասը»,- բացատրում է նա։

Մամուլյանն առանձնահատուկ կերպով է նկարագրում հայկական խոհանոցը. «Մեր խոհանոցը մարդու ու բնության երկխոսություն է, որի արդյունքում ծնվում է մշակույթը»։ Նա ընդգծում է, որ հայկական խոհանոցը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված տարածաշրջանից։ Նույնիսկ նույն խոտաբույսը, աճելով տարբեր վայրերում և տարբեր կլիմայական գոտիներում, կարող է ունենալ տարբեր համային հատկանիշներ։

Նկար
Chef Sedrak Mamulyan emphasizes how Armenia’s landscapes shape its cuisine, where wild plants, herbs, and regional ingredients define local flavors. Photo credit / Emin Baghajyan

Chef Sedrak Mamulyan emphasizes how Armenia’s landscapes shape its cuisine, where wild plants, herbs, and regional ingredients define local flavors. Photo credit / Emin Baghajyan
Caption
Խոհարար Սեդրակ Մամուլյանն ընդգծում է, թե ինչպես են Հայաստանի բնապատկերները ձևավորել ազգային խոհանոցը, որտեղ բուսական աշխարհի բազմազանությունը յուրատեսակ համային հատկանիշներ է հաղորդել տեղական կերակրատեսակներին։ Լուսանկարը՝ Էմին Բաղջյան

Գեղարքունիքի մարզում տեղացիների շրջանում տարածված կերակրատեսակների շարքում անբաժան մաս են կազմում Սևանի իշխանը և սիգը, որոնք հայտնի են իրենց նուրբ համային հատկանիշներով։

Գեղարքունիքից հարավ՝ Հայաստանի գինեգործական շրջանների պատմությունը միանգամայն այլ է։ Վայոց ձորում, Արագածոտնում, Արմավիրում և Արարատյան դաշտում արևառատ լանջերի և հրաբխային հողերի վրա ձգվում են խաղողի բերրի այգիները։ Այստեղ են աճում տեղական խաղողի հայտնի տեսակները, ինչպիսիք են՝ Արենին, Կախեթը, Կանգունը և Ոսկեհատը։ Այստեղ գինեգործությունը լոկ գյուղատնտեսական ճյուղ չէ, այլ խոր արմատներ ունեցող ավանդույթ՝ միա- հյուսված ամենօրյա կյանքի, տոնակատարությունների և ծեսերի հետ։ Հազարավոր տարիների պատմություն ունեցող գինեգործության մշակույթը Հայաստանի հնագույն անցյալը կապում է ժամանակակից գինեգործության վերածննդի հետ։

Իսկ Շիրակի մարզում խոհանոցը ձևավորվել է այդ տարածաշրջանում հողի ու հացահատիկի դարավոր կապի ազդեցությամբ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Գալստյանը նշում է, որ հնագիտական տվյալների համաձայն՝ Շիրակի դաշտավայրը դարեր ի վեր հացահատիկի շտեմարան է եղել։ «Մեր հնագետները կարող են հաստատել դա։ Ու թերևս հենց դրանով է պայմանավորված, որ Շիրակի խոհանոցում ընդգծված տեղ ունեն ցորենը և ցորենի ալյուրից պատրաստված կերակրատեսակները։ Մարզի ավանդական ծեսերում և արարողություններում ընդունված են բոված ալյուրով պատրաստվող ուտելիքները և ճաշատեսակները, օրինակ՝ փոխինձով խաշիլը, շիլան, հռլե ապուր կոչվող ճաշատեսակը»,- ասում է Հասմիկ Գալստյանը։

Նա հավատացած է, որ աշխարհագրության ազդեցությունը միայն խոհանոցով չէ պայմանավորված։ Այն ձևավորել է նաև տեղի ժողովրդի առօրյան ու հավատալիքները։ Մասնավորապես, նա նշում է, որ բնական միջավայրը խոր հետք է թողել տեղական բանահյուսության վրա. «Հայաստանը լեռնային երկիր է, որը ծովեր չունի, և այստեղ ջրային առասպելական արարածների մասին պատկերացումները զգալիորեն տարբերվում են այլ մշակույթներից։ Գեղեցիկ ու հմայիչ ջրահարսների կամ փերիների փոխարեն մեզ մոտ տգեղ արտաքինով գետի պառավներն են։ Ստացվել է այնպես, որ աշխարհագրական դիրքը թելադրում է նաև հավատալիքային պատկերացումների արդյունքում ծնված ոգու արտաքինը։ Մարդիկ հավատում էին, որ այդ ոգիները մարդկանց քաշում են գետը և խեղդում։ Ու սա պատահական չէ. արագահոս լեռնային գետերով հարուստ շրջաններում նման պատմությունները ծառայել են իբրև նախազգուշացում։ Գետի ափին ապրող ընտանիքը երեխային ասում է. «Չգնաս այնտեղ, թե չէ պառավը քեզ կքաշի, իր կեղտոտ մազերի մեջ կփաթաթի ու կխեղդի»։ Այսինքն, սրանք եղել են մանուկներին սաստող զրույցներ»։

Նկար
Along the shores of Lake Sevan, land and livelihood remain closely intertwined, shaped by seasons, terrain, and time. Photo credit / Adobe Stock

Along the shores of Lake Sevan, land and livelihood remain closely intertwined, shaped by seasons, terrain, and time. Photo credit / Adobe Stock
Caption
Մարդկանց կենսագործունեությունը Սևանա լճի ափամերձ հատվածներում շարունակում է փոխկապակցված մնալ բնությանն ու կենսամիջավայրին։ Լուսանկարը՝ Adobe Stock

Հայոց լեզուն ևս կրել է բնական միջավայրի ազդեցությունը։ Լեզվագետ և հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանի խոսքով՝ բնապատկերները հաճախ իրենց արտացոլումն են գտնում մարդկանց կողմից տեղանունների ընտրության և շրջակա միջավայրի նկարագրության ժամանակ։ «Երբեմն տեղանունները տվյալ բնաշխարհի ուղիղ արտացոլումն են՝ այդտեղ բնակություն հաստատած մարդկանց դիտանկյունից»,- բացատրում է նա։

Դրա վառ օրինակն են բազմաթիվ բնակավայրերի անվանումները Հայաստանում և Արցախում, որոնք հստակ նկարագրում են տվյալ լանդշաֆտը կամ բնական միջավայրը։ Օրինակ՝ Քարինտակը, որը նշանակում է «քարի տակ», կամ Անտառամեջը, որը ենթադրում է բնակավայրի գտնվելը «անտառի մեջ»՝ այդպիսով հստակ արտացոլելով դրա աշխարհագրական դիրքը։

Հրաչ Մարտիրոսյանը նշում է, որ 13-14-րդ դարերի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն արձանագրել է նմանատիպ այնպիսի օրինակներ, ինչպիսիք են` Անկուզիկ գյուղը, որը ստեղծվել է մի վայրում, ուր ժամանակին շատ ընկուզենիներ են եղել, Եղեգիկը՝ եղեգ բառից կամ Հացիկ գյուղը՝ հացենի ծառի անունով և այլն։

Մարտիրոսյանի խոսքով՝ նման տեղանունները պահպանում են տվյալ վայրի բնական միջավայրի մասին հիշողությունը։ Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխարհագրական միջավայրը ժամանակի ընթացքում փոփոխվել է, միջնադարից մեզ հասած այս տեղանունները շարունակում են պատմել, թե դարեր առաջ ինչ տեսք է ունեցել տվյալ վայրը և դրա շրջակայքը։

Հայաստանի բնական լանդշաֆտը անջնջելի հետք է թողել նաև արվեստի վրա՝ երաժշտությունից և գեղանկարչությունից մինչև քանդակագործություն ու որմնանկարչություն։

Բազմաթիվ հայ նկարիչներ ոգեշնչվել են հայրենի երկրի բնությամբ և բնապատկերներով։ Անհնար է չհիշատակել անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանին, ում հաճախ իրավամբ անվանում են «Հայաստանի նկարիչը»։ Լինելով նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Սարյանը Հայաստանի լեռները, հովիտները, այգիներն ու արևաշատ դաշտերը վերածել է վառ ու ջերմ գույներով լցված կտավների։ Կանգնելով այդ կտավների դիմաց՝ անմիջապես տարվում ես հայկական բնաշխարհի գեղեցկությամբ ու մտովի հայտնվում սարյանական գույներով պատկերված և հայկականություն ճառագող տեսարաններում։

Ինքը՝ Սարյանը, հաճախ է խոսել Հայաստանի հետ իր սերտ կապի մասին. «Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ։ Երևի այն օրից, երբ լսում էի ծնողներիս պատմությունները մեր լեռնային, կախարդական հայրենիքի մասին, այն օրերից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով։ Ես երեխա ժամանակից սիրել եմ իմ հայրենիքը՝ Հայաստանը։ Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել… Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս. մեր լեռները, մեր ձորերը, մեր մարդիկ, մեր լույսը, մեր Արարատը»։

Նկար
In his paintings, Martiros Saryan transformed Armenia’s mountains, valleys, and light into bold, expressive color. Credit / Martiros Saryan

In his paintings, Martiros Saryan transformed Armenia’s mountains, valleys, and light into bold, expressive color. Credit / Martiros Saryan
Caption
Մարտիրոս Սարյանը Հայաստանի լեռները, հովիտները, այգիներն ու արևաշատ դաշտերը վերածել է վառ ու ջերմ գույներով լցված կտավների։ Նկարը՝ Մարտիրոս Սարյան

Սարյանի նման շատ այլ հայ նկարիչներ, այդ թվում և Մինաս Ավետիսյանն ու Գևորգ Բաշինջաղյանը, իրենց կտավներում ասես կենդանացրել են Հայաստանի բնապատկերները, գույներն ու ոգին՝ նրանցից ամեն մեկն իրեն բնորոշ գեղարվեստական ոճով։

Բնության ազդեցությունը հայկական արվեստում ձգվում է գեղանկարչությունից էլ անդին։ Դրա վառ դրսևորումը կարող ենք տեսնել քանդակագործության և մոնումենտալ արվեստի տարբեր ձևերում։ Երկրում հաճախ հանդիպող հրաբխային քարերը՝ տուֆը, բազալտը և օբսիդիանը, առանձնահատուկ դիմագիծ են հաղորդել հայկական ճարտարապետությանը։ Հայաստանի տարբեր հատվածներում շենքերն ու հուշարձանները զարդարված են խաղողի և նռան մանրակրկիտ քանդակազարդ պատկերներով, ցորենի հասկերով, ինչպես նաև մեր բնաշխարհին բնորոշ թռչունների ու կենդանիների պատկերներով։

Անկախ նրանից, թե ինչպիսի ճանապարհորդ եք դուք՝ Հայաստանի բնաշխարհը յուրատեսակ հրավիրատոմս է, որտեղ ցանկացած մարդ կգտնի իր հետաքրքրությունները լիարժեք բավարարող միջավայր։ Գնացե՛ք արշավների, անցե՛ք ոլորապտույտ լեռնային արահետներով, հայտնաբերե՛ք թաք-նըված ջրվեժները կամ հեծանիվով անցե՛ք կանաչ հովիտներով՝ տեսնելու հինավուրց հայկական քրիստոնեական վանքերը։ Թիավարե՛ք քաղցրահամ լճերի կամ արագահոս գետերի վրայով, շրջեք անտառներով, որոնք լցված են թռչունների երգով կամ էլ պարզապես պառկեք մարգագետիններում՝ վայելելու դաշտային ծաղիկների բույրը։ Ձմռանն էլ լեռները պատվում են ձյան շերտով, լեռնալանջերը վերածվում են դահուկավազքի և սնոուբորդի ամենահայտնի և պահանջված գոտիների, որոնք վաղուց արդեն դարձել են ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների սիրած ուղղություններից մեկը։

Տարվա յուրաքանչյուր եղանակ նորովի է բացահայտում Հայաստանը, որի սուր լեռնային գագաթները, հորդառատ գետերն ու ցորենի հասկերով լեցուն ոսկեգույն դաշտերը անմոռանալի արկածներ ու պահեր են խոստանում յուրաքանչյուրին։

Սակայն այսօր ամեն ոք պետք է պատասխանատվություն վերցնի իր ուսերին՝ պահպանելու ու պաշտպանելու այն բնական կենսամիջավայրը, որում ապրում ենք։

 

Նկար
A hiker crosses Selim Pass in Vayots Dzor, where mountain routes reveal Armenia’s landscapes in warmer seasons. Photo credit / Leon McCarron

A hiker crosses Selim Pass in Vayots Dzor, where mountain routes reveal Armenia’s landscapes in warmer seasons. Photo credit / Leon McCarron
Caption
Արշավականն անցնում է Վայոց ձորի Սելիմի լեռնանցքով, որտեղ տարվա ավելի տաք եղանակներին նկատելի է Հայաստանի բնապատկերների բազմազանությունը։ Լուսանկարը՝ Լեոն Մքքարոն

Խոհարար Սեդրակ Մամուլյանն ընդգծում է, որ պետք է գիտակցել՝ ոչինչ անվերջ չէ, ամեն ինչ կարող է սպառվել. «Մենք պետք է ոչ միայն խելամտորեն օգտագործենք բնությունը, այլև օգնենք նրան վերականգնվել»։

Կլիմայական փոփոխությունները, գյուղատնտեսության ինտենսիվացումը և բնակավայրի ոչնչացումը մեծապես ազդում են երկրի էկոհամակարգերի վրա։ Լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանը նշում է, որ բնության մեջ նույնիսկ ամենափոքր էկոլոգիական խանգարումները կարող են շղթայական ազդեցություն ունենալ։ «Եթե միջատների թիվը նվազում է, տուժում են նաև դրանցով սնվող թռչունները։ Եվ այդպես ողջ փոխկապակցված համակարգն իր վրա կրում է այդ փոփոխությունը»,- ասում է նա։ Բեռտան նկատում է, որ որոշ էկոհամակարգերում արդեն փոփոխություններ գրանցվում են։

Մասնավորապես ենթալպյան գոտիներում արդեն իսկ նկատվում է ձյան քանակի նվազում և ջերմաստիճանի բարձրացում։ Լուսանկարչության միջոցով նա հույս ունի ոգեշնչելու մարդկանց, որպեսզի գնահատեն ու պաշտպանեն Հայաստանի բնական ժառանգությունը։ «Եթե երկրի բնակիչը չիմանա տվյալ երկրի դրական կողմերի մասին, հոգատարությամբ չի լցվի, որ պաշտպանի այն»,- համոզված է Բեռտա Մարտիրոսյանը։

Հայաստանում կենսաբազմազանությունն ավելին է, քան կենդանիների կամ բույսերի տեսակներ ու էկոհամակարգեր լինելը։ Այն մի պատմություն է մարդկանց ու բնության միջև ապրող և ապրեցնող հարաբերությունների մասին, որոնք առ այսօր շարունակում են կերտել մեր երկրի դիմագիծը։

Նկար
Tsaghkadzor Ski Resort in Kotayk Province, where Armenia’s alpine landscapes transform in winter. Photo credit / Tsaghkadzor Ski Resort

Tsaghkadzor Ski Resort in Kotayk Province, where Armenia’s alpine landscapes transform in winter. Photo credit / Tsaghkadzor Ski Resort
Caption
Ծաղկաձորի լեռնադահուկային համալիրը։ Լուսանկարը՝ Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր
Նկար
Հայաստանի լանդշաֆտային գոտիները

Հայաստանի լանդշաֆտային գոտիները
Caption
Հայաստանի լանդշաֆտային գոտիները

Արագածոտնի մարզ

Թռչուններ. սովորական քարաթռչնակ, անտառային կաչաղակ, փուլփուլավոր արտույտ։ Կենդանիներ. սովորական աղվես, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն։ Բույսեր. կակաչ, օշինդր, կաղնի Խոհանոց. խաշ, խորոված, ավելուկ։ Արդյունաբերություն. գյուղատնտեսություն, անասնապահություն, քարի արդյունահանում։ Պատմամշակութային կոթողներ. Ամբերդի ամրոց, Սաղմոսավանք, Հովհաննավանք։

Նկար
Photo credits / Ani Adigyozalyan:Unsplash; Andreas Trepte CC BY-SA 2.5; Adobe Stock

Photo credits / Ani Adigyozalyan:Unsplash; Andreas Trepte CC BY-SA 2.5; Adobe Stock

Արարատի մարզ

Թռչուններ. հոպոպ, սպիտակ արագիլ, ճահճային մկնաճուռակ, մորուքավոր անգղ։ Կենդանիներ. սովորական շնագայլ, հայկական գյուրզա։ Բույսեր. ուրց, թթենի Խոհանոց. շորվա, պասուց տոլմա։ Արդյունաբերություն. գինու և կոնյակի արտադրություն, գյուղատնտեսություն, ցեմենտի արտադրություն։ Պատմամշակութային կոթողներ. Խոր Վիրապի վանք, Տափի բերդ։

Նկար
Photo credits / Gunjan_Pandey CC BY-SA 4.0; Arthur Lumen; Adobe Stock

Photo credits / Gunjan_Pandey CC BY-SA 4.0; Arthur Lumen; Adobe Stock

Վայոց ձորի մարզ

Թռչուններ. քարակաքավ, սպիտակագլուխ անգղ Կենդանիներ. հայկական գյուրզա, կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, քարակզաքիս։ Բույսեր. խաղող, մասրենի, պիստակենի բթատերև։ Խոհանոց. թոնրի խորոված, հորած պանիր, քյալագյոշ։ Արդյունաբերություն. գյուղատնտեսություն, գինեգործություն, զբոսաշրջություն։ Պատմամշակութային կոթողներ. Նորավանք։

Նկար
Photo credits / Facebook: Phoenix Tour Armenia; Adobe Stock; Schuler Wines

Photo credits / Facebook: Phoenix Tour Armenia; Adobe Stock; Schuler Wines

Սյունիքի մարզ

Թռչուններ. սև արագիլ, սովորական սիտեղ, քարակաքավ։ Կենդանիներ. բեզոարյան այծ, վարազ, կովկասյան ընձառյուծ։ Բույսեր. ընկուզենի, գիհի, կաղնի։ Խոհանոց. ժենգյալով հաց, հարիսա, ղավուրմա։ Արդյունաբերություն. հանքարդյունաբերություն, էներգետիկա, գյուղատնտեսություն։ Պատմամշակութային կոթողներ. Տաթևի վանական համալիր, Հալիձորի բերդ, Քարահունջ։

Նկար
Photo credits / Davit Hakobyan; Adobe Stock

Photo credits / Davit Hakobyan; Adobe Stock

Տավուշի մարզ

Թռչուններ. երկնագույն երաշտահավ, խայտաբղետ փայտփոր, անտառաբու։ Կենդանիներ. սովորական շնագայլ, սովորական լուսան, կովկասյան սկյուռ։ Բույսեր. հաճարենի, տխլենի։ Խոհանոց. Տավուշի բորանի, հոնասպաս, կորկոտ։ Արդյունաբերություն. անտառային տնտեսություն, գյուղատնտեսություն, մեղվաբուծություն։ Պատմամշակութային կոթողներ. Հաղարծնի վանք, Գոշավանք, Մակարավանք։

Նկար
Photo credits / Areg Balayan; Adobe Stock

Photo credits / Areg Balayan; Adobe Stock

Լոռու մարզ

Թռչուններ. ականջավոր բու, լորաճուռակ, խայտաբղետ փայտփոր։ Կենդանիներ. սովորական լուսան, գորշ արջ, կովկասյան լեռնային ագամա։ Բույսեր. կաղնի, թխկի, մանուշակ։ Խոհանոց. լոռի պանիր, կոնչոլ։ Արդյունաբերություն. անտառային տնտեսություն, հանքարդյունաբերություն, կաթնամթերքի արտադրություն, գյուղատնտեսություն։ Պատմամշակութային կոթողներ. Հաղպատ վանական համալիր, Ախթալայի վանք։

Նկար
Photo credits / Studioimagen73:iStock; Levan Tonaganyan; Adobe Stock

Photo credits / Studioimagen73:iStock; Levan Tonaganyan; Adobe Stock

Գեղարքունիքի մարզ

Թռչուններ. հայկական որոր, գանգրափետուր հավալուսն, տափաստանային արծիվ, դեղին խաղտտնիկ։ Կենդանիներ. Սևանի իշխան, նապաստակ, վարազ։ Բույսեր. հիրիկ փոքր, ուռենի, շյուղախոտ։ Խոհանոց. Իշխան ձուկ, գետային խեցգետիններ, ձկան խորոված։ Արդյունաբերություն. ձկնորսություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն։ Պատմամշակութային կոթողներ. Սևանավանք, Բերդկունքի ամրոց։

Նկար
Photo credits / Facebook:Vivek Bhonsle; Arthur Lumen

Photo credits / Facebook:Vivek Bhonsle; Arthur Lumen

Կոտայքի մարզ

Թռչուններ. սևաճակատ շամփրուկ, քարարծիվ, ժայռային փոքր սիտեղ։ Կենդանիներ. կովկասյան եղջերու, բեզոարյան այծ, սովորական աղվես, գորշ արջ։ Բույսեր. հացենի, բոգ։ Խոհանոց. քրչիկ, հարիսա, թանապուր։ Արդյունաբերություն. զբոսաշրջություն, էներգետիկա, մշակող արդյունաբերություն։ Պատմամշակութային կոթողներ. Գառնու տաճար, Գեղարդի վանական համալիր, Կեչառիսի վանական համալիր։

Նկար
Photo credits / Yerevantsi CC BY-SA 4.0; Arthur Lumen; Adobe Stock

Photo credits / Yerevantsi CC BY-SA 4.0; Arthur Lumen; Adobe Stock

Արմավիրի մարզ

Թռչուններ. ոսկեգույն մեղվակեր, փոքր տառեղ, մոխրագույն կռունկ։ Կենդանիներ. սպիտակափոր ոզնի, կանաչ դոդոշ։ Բույսեր. ծիրանենի, խաղող։ Խոհանոց. Էջմիածնի քյուֆթա, հարիսա։ Արդյունաբերություն. գինեգործություն, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում։ Պատմամշակութային կոթողներ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց տաճար։

Նկար
Photo credits / Richard Bartz CC BY-SA 3.0; Krzysztof Ziarnek CC BY-SA 4.0

Photo credits / Richard Bartz CC BY-SA 3.0; Krzysztof Ziarnek CC BY-SA 4.0

Շիրակի մարզ

Թռչուններ. դաշտային արտույտ, կարմրակատար, սովորական հողմավար բազե։ Կենդանիներ. աքիս, գորշ նապաստակ, գորշ գայլ։ Բույսեր. փետրախոտ, եղեսպակ, տերեփուկ կապույտ։ Խոհանոց. թաթար բորակի, քյալլա, պանրխաշ։ Արդյունաբերություն. գյուղատնտեսություն, սննդի արտադրություն, տեքստիլի արդյունաբերություն։ Պատմամշակութային կոթողներ. Երերույքի տաճար, Հառիճավանք։

Նկար
Photo credits / Facebook:Learn Armenian; Adobe Stock

Photo credits / Facebook:Learn Armenian; Adobe Stock
Caption
Photo credits / Facebook:Learn Armenian; Adobe Stock

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2026 թ.-ի հունիսյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։