Ավելի քան երկու դար հայկական լրատվամիջոցները զարգացել են ժամանակի պահանջներին համընթաց՝ հետապնդելով մեկ հիմնական նպատակ՝ պահպանել հայության կապը սեփական պատմության, ինքնության, ժառանգության և, ամենակարևորը, միմյանց հետ։ Տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ այսօր այս ոլորտը դարձել է առավել բազմազան և ընդգրկուն՝ ներառելով տեղական թերթեր, տարածաշրջանային հեռարձակումներ, սոցիալական մեդիայի հարթակներ, անկախ փոդքասթներ, ինչպես նաև առցանց և արբանյակային հեռարձակումներ։
Ներկայում, սակայն, լրատվամիջոցներն ու տեղեկատվական հարթակները հայտնվել են յուրօրինակ պայքարի մեջ. մի կողմից գործ ունենք արհեստական կամ թվային միջոցներով ստեղծված, մոդելավորված և մանիպուլացված բովանդակության հետ, մյուս կողմից՝ իրական ու օբյեկտիվ իրադարձությունների։ Եվ հաճախ լսարանն ապատեղեկացվում է այս նոր գերհզոր գործիքների ստեղծած նյութերով, որոնք կամա, թե ակամա վերածվում են նորությունների։
1975 թվականին հիմնադրված «Սարդարապատ»-ը Լատինական Ամերիկայում հայկական սփյուռքի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկն է: Արգենտինայում տպագրվող հրատարակությունը պարբերականից վերածվել է ամբողջովին թվային հարթակի՝ հրապարակելով բովանդակություն իսպաներեն, հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուներով: Հրատարակությունը ձգտում է պահպանել և փոխանցել հայկական ինքնությունը, հիշողությունն ու մշակույթը աշխարհասփյուռ հայ համայնքներին: Գլխավոր խմբագիր Սերխիո Նահապետեանը ԱԲ-ն համարում է զարգացման երկար ճանապարհի բնական շարունակությունը՝ նշելով, որ «այն կիրառելուց հրաժարվելը համարժեք կլիներ տասնամյակներ առաջ ինտերնետի կամ բջջային հեռախոսների օգտագործմանը դիմակայելուն»։
Սակայն Նահապետեանը զգուշացնում է. «կա նաև ապատեղեկատվության վտանգ: ԱԲ-ն կարող է վերարտադրել սխալներ, թերի տվյալներ կամ կողմնակալ բովանդակություն, եթե դրա հետևում չկա աղբյուրները ստուգող և պատշաճ գնահատական տվող լուրջ խմբագրական աշխատանք: Սա հատկապես զգայուն թեմա է պատմական հիշողության, ինքնության և սփյուռքի հետ կապված հարցերում…. Հրատարակության անդամների խմբագրական դատողությունը, մշակութային փորձը և գիտելիքը մնում են անփոխարինելի»:
1935 թ.-ին Ուրուգվայում հիմնադրված Audición Gomidas-ը սփյուռքի ամենահին հայկական ռադիոհաղորդումն է: Ռադիոկայանն այսօր շարունակում է գործել ուրուգվահայ երիտասարդների նոր սերնդի ղեկավարությամբ: Audición Gomidas-ի ծրագրերի թվում են երաժըշտական հաղորդումներ, հարցազրույցներ, հիշատակի միջոցառումներին նվիրված հաղորդումներ և համայնքային նորություններ, որոնք, ինչպես նշում է գլխավոր համակարգող և հաղորդավար Քույունճեանը (Կույունջյան), ներկայացվում են «դինամիկ և ժամանակակից ոճով»։
Ռադիոկայանը ԱԲ սկսել է աստիճանաբար կիրառել: Այսօր այն հիմնականում օգտագործվում է այնպիսի գործառույթների համար, ինչպիսիք են՝ բովանդակության խմբագրումը, հաղորդավարների համար ժամանակացույցի աղյուսակների ստեղծումը, ինչպես նաև բազմաթիվ աղբյուրներից եկող նորությունների և տեղեկատվության համակարգումը: Քույունճեանը նշում է. «ԱԲ-ն ժամանակ է խնայում և թույլ է տալիս կենտրոնանալ խմբագրական գնահատականի և անհրաժեշտ ուղերձների կառուցման վրա»։
Այնուամենայնիվ, նա ընդգծում է. «ԱԲ-ն կարող է տեղեկատվություն տրամադրել, սակայն չի կարող հասկանալ, թե ով ենք մենք և ինչ նշանակություն ունի այս ռադիոկայանը մեր համայնքի համար»։ Հայոց պատմությունն ընդարձակ է, բարդ և խիստ խորհրդանշական՝ ձևավորված ապրած փորձառությամբ և մշակութային նրբերանգներով, ինչը հնարավոր չէ լիարժեք արտացոլել տվյալների առկա շտեմարաններով։
Քույունճեանը մտահոգություն է հայտնում իսկությունը կորցնելու, ավտոմատացմանը չափազանց ապավինելու և չստուգված բովանդակության տարածման մասին: Նրա խոսքով՝ առաջնահերթ է պահպանել հավասարակշռությունը. տեխնոլոգիան օգտագործել որպես գործիք, միևնույն ժամանակ մարդկային դատողությունը, մշակութային ընկալումն ու համայնքի հանդեպ պատասխանատվությունը թողնել ռադիոկայանի գործունեության առանցքում։
Մեդալի երկու կողմերը
Մերձավոր Արևելքում նման մարտահրավերների առջև է կանգնած նաև մեկ այլ ավանդական լրատվամիջոց՝ «Ազդակ» օրաթերթը։ Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում գործող թերթը հրատարակվում է 1927 թ.-ից՝ ի հեճուկս տասնամյակների խոչընդոտների։ Այն լույս է տեսնում շաբաթը վեց անգամ և ընթերցվում է ոչ միայն Լիբանանի, այլ նաև աշխարհասփյուռ հայության կողմից: «Ազդակ»-ը, որը 2002 թ.-ից ղեկավարվում է խմբագիր Շահան Գանտահարեանի կողմից, դիմակայել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին, COVID 19-ին, 2020 թ.-ի Բեյրութի պայթյունին և երկրի պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկին, ինչպես նաև վերջին տարիների արտաքին ռազմական ներխուժումներին։
Գանտահարեանը բացատրում է, թե ինչու է կարևոր պահպանել ավանդական տպագիր լրատվամիջոցները: «Լիբանանի նման երկրում ավագ սերնդի շատ հայեր առավոտյան արթնանում ու ձեռքն են վերցնում «Ազդակ»-ը, «Զարթօնք»-ը կամ «Արարատ»-ը, ինչպես անում էին թվային հեղափոխությունից շատ տարիներ առաջ։ Թերթը ձեռքում պահելու, էջերը թերթելու, մայրենի լեզվով կարդալու և կարդացածն ընկերների ու հարևանների հետ քննարկելու փորձառությունն առավոտյան մի ծես է, որը թվային ոչ մի հարթակ չի կարող փոխարինել»։
Այդուհանդերձ, նա ընդունում է, որ ԱԲ-ն ունի նաև առավելություններ՝ հատկապես արխիվացման ոլորտում. ««Ազդակ»-ի արխիվներում գրեթե մեկդարյա անդրադարձ ընդգրկող համարներ կան, իսկ ԱԲ գործիքները դրանք կարող են վերածել հայերի պատմության ու համայնքային կյանքի մասին որոնելի, կենդանի շտեմարանի: Մեր խմբագրակազմին խրախուսում ենք օգտագործել ԱԲ-ն այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են՝ ամփոփագրերի պատրաստումը, վերնագրեր ու թեմաներ առաջարկելը»։
Այնուամենայնիվ, նա ընդգծում է, որ ԱԲ-ն պետք է օգտագործվի որպես արտադրության գործիք, ոչ թե վերջնարդյունք՝ բացատրելով, որ գործընթացի արդյունավետությունը երբեմն կարող է վտանգել բովանդակության ամբողջականությունը, որն առանցքային է լսարանին իրենց կյանքի և համայնքների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու հնարավորություն տալու համար։
Մինչ արևմտահայերենն արդեն իսկ պայքարում է գոյատևման համար, այս գործիքներին կույր ապավինելը՝ առանց խստագույն խմբագրական
վերահսկողության, կարող է կամաց-կամաց քայքայել հենց այն լեզուն, որը հայկական լրատվամիջոցները փորձում են պահպանել։
Նա նաև մտահոգված է, որ տեքստեր գրելու և թարգմանելու համար ԱԲ գործիքները մեծ մասամբ մշակվում են գերիշխող լեզուներով, ինչպիսիք են՝ անգլերենը, իսպաներենը կամ ֆրանսերենը: Արևմտահայերենը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասակարգում է որպես ծայրահեղ վտանգված լեզու, խիստ թերի է ներկայացված։ «Արդյունքն այն է, որ ԱԲ-ով գեներացված հայերենը հաճախ լինում է քերականորեն ոչ ճիշտ և մշակութային առումով՝ առանց զգացմունքային շերտերի։ Մինչ արևմտահայերենն արդեն իսկ պայքարում է գոյատևման համար, այս գործիքներին կույր ապավինելը՝ առանց խստագույն խմբագրական վերահսկողության, կարող է կամաց-կամաց քայքայել հենց այն լեզուն, որը հայկական լրատվամիջոցները փորձում են պահպանել»,- նշում է նա։
Հայաստանում հեռուստատեսային հեռարձակումը զգալիորեն զարգացել է անկախությունից հետո, երբ պետական հեռարձակման մոդելը փոխարինվեց ավելի բազմակարծիք, թեկուզև դեռևս քաղաքականապես բարդ լրատվական դաշտով: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է մնալ երկրի հիմնական հանրային հեռարձակողը, իսկ «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» և ATV հեռուստաալիքները սպասարկում են թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի լայն լսարաններին։ Միջազգային մակարդակում թվային տարածումը զգալիորեն ընդլայնել է դրանց հասանելիությունը. բազմաթիվ ալիքներ այժմ ուղիղ հեռարձակմամբ հասանելի են և իրենց արխիվները բացում են սփյուռքի հեռուստադիտողների համար։
Հայաստանի հանրային հեռուստատեսության լրագրող Ծաղկանուշ Միրզոյանն օգտագործում է ԱԲ-ն նախնական հետազոտության փուլում՝ ChatGPT-ին հանձնարարելով գտնել տվյալ թեմայի վերաբերյալ ամենաընթերցված հոդվածները, որից հետո ուսումնասիրում է դրանք հենց սկզբնաղբյուրներով։ «Ես ուսումնասիրում եմ բնօրինակ նյութերը, կարդում եմ հենց իրական հոդվածները, սակայն ԱԲ-ն զգալի ժամանակ է խնայում որոնման փուլում»,- նշում է նա։
Սակայն խմբագրումը և սցենարների մշակումն արվում են ավանդական տարբերակներով։ Նրա թիմը դեռևս երեք րոպեանոց ռեպորտաժի վրա ծախսում է 40 րոպեից մինչև մեկ ժամ, քանի որ, ինչպես նա բացատրում է, «արհեստական բանականության լեզուն շատ կանխատեսելի է և հակված է երկարացնել նախադասությունները, մինչդեռ հեռուստալրագրության մեջ կարևոր է յուրաքանչյուր բառը։ Մենք պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցենք սահմանափակ բառաքանակի շրջանակում»։
Հայերենի դեպքում խնդիրն ավելի ցայտուն է. նրա խոսքով՝ ԱԲ-ն դեռևս անգլերեն մտածողության մոդել է կիրառում հայերեն տեքստերի վրա, ինչի պատճառով մեքենայական ծագում ունեցող բովանդակությունն անմիջապես ճանաչելի է դառնում ցանկացած լեզվակրի համար։
Այնուամենայնիվ, ԱԲ-ն արդեն հնարավորինս կիրառվում է հեռուստաընկերություններում. ավտոմատացված ենթագրերը ցանկացած բովանդակություն հաշված ժամերի ընթացքում հասանելի են դարձնում աշխարհով մեկ տարբեր լեզուներով, իսկ տասնամյակների արխիվներն արդեն հասանելի են՝ արհեստական բանականությամբ աշխատող ինդեքսավորման միջոցով։
Սակայն այստեղ էլ են առկա նույնատիպ ռիսկեր. չափազանց մեծ կախվածություն մեքենայական թարգմանությունից, որը հաճախ զուրկ է մշակութային նրբերանգից, հայերեն բովանդակության բացառապես ենթագրերով սպառելու միտում երիտասարդների շրջանում, ինչպես նաև լեզվի իմացության աստիճանական անկում, քանի որ ԱԲ-ն վերացնում է այն պահպանելու խթանը:
Փոդքասթների բումը
Վերջին տարիներին հայկական մեդիա դաշտը լցվել է բազմաբովանդակ փոդքասթներով։ Podmootiun-ը, որը վարում են Հայր Թադեոս Բարսեղյանն ու Փիթեր Հաջինյանը, զրույցների միջոցով ներկայացնում է հայկական ժառանգությունը: Jazve Talks-ը, որպես «ամոթից ազատ գոտի», ձևավորել է ֆեմինիստական տարածք, որտեղ անկեղծ զրույցներ են ծավալվում հայ արվեստագետների, գրողների և ստեղծագործողների հետ։ EVN Report-ի վերլուծական նյութերը նույնպես ներկայացվում են աուդիո ձևաչափով։
Նման ձևաչափով զրույցներ են վարում նաև ակադեմիական հաստատությունները. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը թողարկում է փոդքասթի շարք, որն ուսումնասիրում է լեզուն, սփյուռքի ինքնությունն ու քաղաքականությունն ակադեմիական տեսանկյունից։
Հայկական փոդքասթների ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ավելի մեծ լսարանների է հասնում։ Վերը նշված ավանդական հայկական մեդիան պահանջում է ինստիտուցիոնալ աջակցություն, ենթակառուցվածք, ֆինանսավորում և զգալի ռեսուրսներ։ Մինչդեռ փոդքասթ ստեղծելու համար բավական է միայն ունենալ խոսափող, կապ և ասելիք։
ԱՄՆ-ում գործող Beyond Borders Diaspora փոդքասթի հիմնադիր Սեդա Արզումանյանի համար ԱԲ գործիքները, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ փոդքասթ ձայնագրման հարթակ համարվող Riverside-ը, դարձել են նրա աշխատանքի առանցքային մասը։
«Առանց Riverside-ի նման ԱԲ գործիքների այս փոդքասթը գոյություն չէր ունենա։ Տեխնոլոգիան ինքն է կատարում խմբագրումը, տառադարձումը, տեսանյութը կարճ հատվածների մասնատելու գործընթացը, ինչի համար հակառակ դեպքում մի ողջ թիմ կպահանջվեր։ Դրա շնորհիվ այժմ փոդքասթինգը հայկական սփյուռքում հնարավորություն է տալիս անհատներին բարձր որակի նյութեր ներկայացնել համաշխարհային լսարանին»,- ասում է Արզումանյանը։ Նրա խոսքով՝ հայկական սփյուռքը ներկայացնող բարձրորակ և հավաստի փոդքասթ արտադրելը կպահանջեր զգալի ֆինանսավորում։ Riverside-ը վերացրել է նման խոչընդոտները։
Իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մեդիա լաբի կողմից թողարկվող The Focus Series անգլիալեզու փոդքասթը միավորում է ակադեմիկոսների, արհեստավարժների, շրջանավարտների և ուսանողների՝ քննարկելու ամենատարբեր թեմաներ՝ քաղաքականությունից ու հանրային առողջապահությունից մինչև մեդիա ու մշակույթ։ Այս ամենը Մեդիա լաբի ավելի լայն առաքելության մաս է կազմում՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական մշակույթի և լրագրության զարգացմանը։ Փոդքասթի ընթացքում երկու փորձագետ զրուցում են՝ առանց հաղորդավարի ու նախապես մշակված սցենարի։
Խոսելով այս գործընթացում ԱԲ գործիքների կիրառման մասին՝ ՀԱՀ Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Նարեկ Ղազարյանը նշում է. «Քանի որ փոդքասթի կառուցվածքը յուրահատուկ է, չունի մշտական հաղորդավար, մենք հազվադեպ ենք դիմում արհեստական բանականությանը սցենարի կամ էպիզոդի կառուցվածքի մշակման համար։ Զրույցը սովորաբար ձևավորվում է ոլորտի երկու մասնագետների միջև, որտեղ մեկը հաղորդավարն է, մյուսը՝ հյուրը, և երկուսն էլ բնական կերպով զարգացնում են քննարկումը։ Այդուհանդերձ, փոդքասթի հետարտադրական փուլում մենք ներդրել ենք ԱԲ նոր գործիքակազմ, որն ավելի արդյունավետ է դարձնում մոնտաժային տարատեսակ գործընթացները»։
Հայկական մեդիայի համար մարտահրավերն ԱԲ օգտագործելն է՝ առանց տրվելու դրա սահմանափակումներին, արդյունավետությունն ընդունելն է՝ առանց իսկությունը զոհաբերելու, նոր լսարանների հասնելն է՝ առանց նրբերանգները կորցնելու և առանց մոռանալու, թե ինչու են այդ լսարաններն առաջին հերթին դիմել հենց հայկական լրատվամիջոցներին։
Ապատեղեկատվության մեքենա
Համաշխարհային տնտեսական ֆորումը ԱԲ-ի միջոցով տարածվող սխալ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվությունը (misinformation), որը տարածվում է առանց վնասելու գիտակցված մտադրության, որակել է որպես առաջիկա տարիների ամենալուրջ համաշխարհային ռիսկերից մեկը։ Թեև ԱԲ-ն ընդլայնում է բովանդակության ստեղծման հնարավորությունները, այն միաժամանակ արագացնում է նաև կեղծ լուրերի տարածումը։ Քանի որ ԱԲ համակարգերը վարժեցվում են մեծածավալ և հաճախ ոչ վստահելի առցանց տվյալների օգնությամբ, այդ անճշտությունները հեշտությամբ վերարտադրվում և բազմապատկվում են։
Ի հակադրություն՝ ապատեղեկատվությունը (disinformation) կեղծ տեղեկատվություն է, որը միտումնավոր է ստեղծվում և տարածվում՝ նպատակ ունենալով մոլորեցնելու, վնասելու կամ մանիպուլացնելու։ Դրա մեջ են մտնում միտումնավոր կեղծ բովանդակությունները, ինչպես՝ քարոզչությունը, խաբեությունը և «դիփֆեյքերը»։
Այս երկուսն էլ մարտահրավերներ են առաջացնում հայկական լրատվադաշտի նման փոքր մեդիա էկոհամակարգերի համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱԲ-ի հայտնաբերման և ստուգման գործիքները պակաս արդյունավետ են ոչ գերիշխող լեզուներում, ինչի հետևանքով ստեղծվում է անհավասարակշռություն, որտեղ ապատեղեկատվությունը տարածվում է ավելի հեշտ, քան կարելի է այն ստուգել: Միևնույն ժամանակ, խմբագրությունների մեծ մասը դեռ չեն վերապատրաստվել ԱԲ-ի պատասխանատու կիրառման ուղղությամբ, ինչը մեծացնում է ոչ միտումնավոր սխալների ռիսկը:
Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԲ-ով ստեղծված սխալ մեկնաբանումը կամ ապատեղեկատվությունը հակված են ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող համոզմունքները, դրանք արմատապես փոխելու փոխարեն։ Այս միջավայրում լսարանի մոտ վստահություն ձևավորելն առանցքային է, քանի որ կեղծ բովանդակության տարածման ժամանակ այն դիմում է վստահելի աղբյուրների տեղեկատվությունը ճշտելու համար։
Զգոնության հորդոր
ԱԲ դարաշրջանում հայկական լրատվամիջոցների պատմությունը զուտ տեխնոլոգիաներն ընդունելու կամ դրանց դիմադրելու մասին չէ։ Այն պատմություն է համայնքների մասին, որոնք պայքարում են լեզուն, մշակույթը և կապերը պահպանելու համար՝ միաժամանակ օգտագործելով գործիքներ, որոնք խոստանում են արդյունավետություն, բայց սպառնում են իսկությանը, որոնք ապահովում են հասանելիություն, բայց կարող են հանգեցնել տարրալուծման, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել, բայց անտեսանելի են դարձնում նաև խաբեությունը։
Գանտահարեանն այս ամենն ամփոփում է՝ ասելով. «Հայկական մեդիայի համար մարտահրավերն ԱԲ օգտագործելն է՝ առանց տրվելու դրա սահմանափակումներին, արդյունավետությունն ընդունելն է՝ առանց իսկությունը զոհաբերելու, նոր լսարանների հասնելն է՝ առանց նրբերանգները կորցնելու և առանց մոռանալու, թե ինչու են այդ լսարաններն առաջին հերթին դիմել հենց հայկական լրատվամիջոցներին»։
Արդյոք համայնքային լրատվամիջոցները կհաջողե՞ն գտնել այդ հավասարակշռությունը։ Այս հարցի պատասխանից է մեծապես կախված, թե արդյոք հայոց լեզուն ու մշակույթը կշարունակեն ապրել ու զարգանալ, թե աստիճանաբար կանհետանան թվային աղմուկի մեջ։