Անցյալի ապագան

Հայ մշակութային ժառանգության պահպանության նոր ուղիները


Մ շակութային ժառանգությունը դարերի խորքից մեր օրեր հասցնելու մասին բազմաթիվ պատմություններ կան, ինչպես օրինակ «Մշո ճառընտիր»-ը երկու կանանց կողմից կյանքի գնով փրկելու պատմական դրվագը, որոնք փաստում են մշակութային արժեքների հանդեպ հայերի ակնածանքի, դրանք մասունքի պես պահելու, փրկագին վճարելով ու երբեմն նույնիսկ կյանքի գնով թաքցնելու ու իրենց սերունդներին փոխանցելու մասին։ Այս նմուշներն, ի վերջո, հանձվնել են մշակութային հաստատություններին՝ մասնագիտական պահպանության, իսկ դրանց փրկման ու պահպանման պատմությունները մշտապես սնել են հայի ազգային ինքնությունը նույնքան, որքան հենց փրկված արժեքները։

Այսօր, երբ արհեստական բանականությունը վերաձևակերպում է կյանքի գրեթե ամեն ոլորտ, անհրաժեշտություն է առաջանում վերադառնալու մշակութային պահպանության հարցին ու սահմանելու, թե ինչպես է վերջինս համակարգվում ԱԲ-ի դարաշրջանում։ Հոդվածում կանդրադառնանք ձեռագիր և տպագիր երկու նմուշների պահպանման պատմությանը՝ որպես հարգանքի տուրք դրանք փրկող ընտանիքներին, ու փորձագետների հետ կքննարկենք ԱԲ-ի օգնությամբ մշակութային ժառանգության պահպանությունը նոր փուլ տանելու վերաբերյալ հարցեր։

Մատենադարան

Շուրիշկանի Ավետարան, 1498 թ., Ասպիսնակ գյուղ, Արևմտյան Հայաստան

Խնդրակատար ու հրաշագործ Ավետարաններն ուրույն տեղ են զբաղեցնում Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի հավաքածուում։ Դրանք հայտնի են մարդկանց սփոփելու, բժշկելու ու նրանց հոգու իղձերն ի կատար ածելու բազում պատմություններով։

Ամենանշանավորներից է 1498 թ.-ին գրված Շուրիշկանի Ավետարանը։ 1604 թ.-ին, երբ Շահ Աբասը բռնի տեղահանեց շուրջ 500 000 հայերի ու նրանց վերաբնակեցրեց Պարսկաստանում, Ծարուկեան ընտանիքը, ում պատկանում էր Ավետարանը, այն տեղափոխեց Շուրիշկան գյուղ։ Ձեռագիրն այնտեղ մնաց շուրջ 370 տարի ու, ի վերջո, հայտնի դարձավ այդ գյուղի անունով։

Ըստ ավանդության, երբ 18-րդ դարում Պարսկաստանում համաճարակն անխնա կուլ էր տալիս ժողովրդին, Շուրիշկանի Ավետարանը թափորով պտտեցրել են երեք գյուղերում, ու վերջիններիս բնակիչները զերծ են մնացել հիվանդություններից։

Նկար
Shurishkan Gospel, a 1498 manuscript revered for its healing legacy and enduring journey.

Shurishkan Gospel, a 1498 manuscript revered for its healing legacy and enduring journey.
Caption
Շուրիշկանի Ավետարան։

Հաջորդող դարաշրջաններում ավելի ու ավելի շատ հրաշագործություններ են կապվել Ավետարանի հետ. խուլերն ու համրերը սկսել են լսել ու խոսել, կաղերը՝ քայլել, իսկ մահամերձները՝ բժշկվել ու տուն վերադառնալ սեփական ոտքերով։

Շուրիշկանում Ծարուկեան ընտանիքը շարունակեց հոգ տանել Ավետարանի մասին՝ պահելով այն տան առանձին սենյակում, որտեղ ուխտավորները գալիս ու իրենց իղձերը, աղոթքներն ու խնդրանքներն էին հանձնում հրաշագործ գրքին։ 1904 թ.-ից սկսած դրա հանգրվանը դարձավ գյուղի նորակառույց եկեղեցին։

Ձեռագիրը մի քանի անգամ հափըշտակվել է, սակայն ընտանիքին հաջողվել է այն ետ վերադարձնել՝ երբեմն նույնիսկ փրկագին վճարելով։ 1970-ականներին, երբ նրանք տեղափոխվեցին Երևան, ձեռագիրը նվիրեցին Մատենադարանին՝ հանձնելով այն մասնագիտական պահպանության։

Ավետարանի համբավը մինչ օրս վառ ու խոսուն է։ Արդեն տասնամյակներ Մատենադարան են այցելում մեծաքանակ ուխտավորներ՝ Ավետարանը տեսնելու ու բժշկվելու համար։ Այսօր ձեռագիրը պահվում է ձեռագրատանը և ցուցադրության է հանվում տարին մեկ անգամ։ Կրկնազատկին այն տարվում է Աշտարակի Մուղնու Սուրբ Գևորգ վանք, որտեղ հազարավոր հավատացյալներ հավաքվում են՝ բարձրացնելու իրենց աղոթքները։

Մեզ պես փոքր ազգերը պատասխանատվությամբ պետք է մոտենան այս հարցին, քանի որ այն,  ինչ կստանանք հետո, այդ համակարգերը սնելու  արդյունքն է լինելու։

Մարտիկեան գրադարան

Ոսկան Երևանցու առաջին տպագիր Աստվածաշունչը, 1668 թ., Ամստերդամ

Հայկական մշակութային եզակի գանձ է նաև Ոսկան Երևանցու կողմից տպագրված առաջին հայերեն Աստվածաշունչը։ Վերջինիս համար տպագրության սկզբնաղբյուր է ծառայել Կիլիկիայի Հեթում II թագավորի կողմից 1295 թ.-ին հանձնարարված Աստվածաշնչի օրինակը։

Նոր Ջուղայում ծնված հայ վարդապետ ու տպագրիչ Ոսկան Երևանցին (1614-1674) կրթությունն ստացել է Հայ Եկեղեցու գիտական միջավայրում։ Սակայն, նա նաև ծանոթ է եղել եվրոպական գաղափարախոսություններին ու մտավոր ավանդույթներին, որոնք հետագայում հիմք ծառայեցին նրա տպագրական գործունեության համար։

Երևանցին հայ ձեռագրական մշակույթի ավանդույթները փոխանցեց տպագրության ոլորտ՝ հիմքում դնելով հայկական ձեռագիր տառատեսակների օրինակներ, որպեսզի տպագիր գիրքը պահպանի ձեռագրի գեղագիտական որակներն ու մշակութային առանձնահատկությունները։ Օրինակ՝ այս Աստվածաշնչում նա օգտագործել է յոթ ձեռագիր տառատեսակ։

Հայագիտության և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR) «Մարտիկեան» գրադարանի տնօրեն Անի Բաբայեանը նշում է. «Ավելի քան 350 տարի առաջ տպագրված այս Աստվածաշունչն արտացոլում է նաև հայկական կազմարարության ուշագրավ ավանդույթը, որը հիացմունքի է արժանացել փորձառու վերականգնողների կողմից։ Գեղարվեստական տեսանկյունից պատկերազարդումներն ակնհայտ աղերսներ ունեն Նոր Ջուղայի որմնանկարչության հետ, ինչը գիտական ուսումնասիրության հետագա հնարավորություններ է ստեղծում»։

Ավետարանը միայն վերջերս է հայտնվել «Մարտիկեան» գրադարանում՝ շնորհիվ նվիրատվության, որի արդյունքում այսօր գիտենք նաև այս բացառիկ նմուշի պահպանության պատմությունը։

Տպագրված լինելով Ամստերդամում՝ այն հասել է Այնթապ, որտեղ պահպանության է հանձնվել այնթապցի Ադատուրին (1805-1887) և օգտագործվել է որպես եկեղեցական Աստվածաշունչ։ Ադատուրն առաջին հայն էր, որ ձեռնադրվեց բողոքական հոգևորական։ Նրա որդին՝ Հայկը, հետագայում տեղափոխվեց ԱՄՆ, իր հետ տանելով Ավետարանը։ Նա կրթություն ստացավ Փենսիլվանիայում և ծառայեց Մասաչուսեթսում՝ միևնույն ժամանակ օգնելով հայկական եկեղեցիներ հիմնել Կալիֆոռնիայում և Բուենոս Այրեսում։ Ի վերջո, 2025 թ.-ին ընտանիքի ժառանգ Ռոբերտ Ալբիոլը Աստվածաշունչը նվիրեց NAASR-ին՝ այս մշակութային գանձը հասանելի դարձնելով այսօրվա ու գալիք սերունդներին։

Նկար
Printed in 1668, Voskan Yerevantsi’s Bible marked a milestone in Armenian literary and printing history. Photo credit / NAASR Mardigian Library, Belmont, MA, Donated by Robert Albiol

Printed in 1668, Voskan Yerevantsi’s Bible marked a milestone in Armenian literary and printing history. Photo credit / NAASR Mardigian Library, Belmont, MA, Donated by Robert Albiol
Caption
Ոսկան Երևանցու Աստվածաշունչը շրջադարձային իրադարձություն էր հայ գրականության ու տպագրության պատմության մեջ։ Լուսանկարը՝ NAASR Մարտիկեան գրադարան, Բելմոնտ, Մասաչուսեթս. Նվիրատու՝ Ռոբերտ Ալբիոլ

Զրույցներ հնի ու նորի շուրջ

Անի Բաբայեանի համար Ոսկան Երևանցու օրինակը ավանդականն ու նորարարությունը ճիշտ ու գրագետ հավասարակշռելու վառ օրինակ է։ «Տպարանը հիմնելիս Երևանցին առերեսվեց պահպանողական հոգևորականության դիմադրությանը։ Վերջիններս վախենում էին, որ, տպագրության զարգացմանը զուգահեռ, գրիչները կկորցնեն իրենց դերն ու աշխատանքը։ Սակայն Երևանցին տպագրությունը համարում էր հայերեն տեքստերի, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցին ամրապնդող կրոնական գործերի համար ավելի լայն հասանելիություն ապահովելու միջոց։ Սա համահունչ է ԱԲ-ի շուրջ ներկայիս քննարկումներին, քանի որ, մենք նորից հայտնվել ենք մի շրջափուլում, որտեղ տեխնոլոգիական զարգացումը պետք է ինտեգրել մշակութային պահպանության գործի մեջ, բայց դա պետք է անել հիմքում ընկած ավանդույթներին հնարավորինս հավատարիմ մնալով»,- բացատրում է նա։

Նա նշում է, որ, թեև NAASR «Մարտիկեան» գրադարանն այժմ թվայնացնում է արխիվային նյութերը պահպանման ու հասանելիության համար, ԱԲ-ին տվյալներ փոխանցելը համեմատաբար նոր գործընթաց է, որը պահանջում է ռազմավարական, նույնիսկ համապետական մոտեցում՝ սահմանելու այն առաջնահերթությունները, որոնցով պետք է առաջնորդվել համակարգերն ու ալգորիթմները սնելու գործընթացում։ «Մեզ պես փոքր ազգերը պատասխանատվությամբ պետք է մոտենան այս հարցին, քանի որ այն, ինչ կստանանք հետո, այդ համակարգերը սնելու արդյունքն է լինելու։ Ուստի, փորձագիտության ոլորտում մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, մուտքագրումները կատարենք գիտակցված ու ռազմավարական մոտեցմամբ ու կարողանանք հստակ տարբերակել ճշմարտությունը կեղծիքից»։

Պատմաբան, դոկտոր Խաչիկ Մուրատեանը կարևորում է «պահպանություն» հասկացության ընդլայնումը՝ բացատրելով, որ եթե ավանդաբար այն ենթադրել է պահպանված պատմամշակութային արժեքների կայունացում, ապա ԱԲ-ն օգնում է ոչ միայն պահպանել, այլ նաև վերականգնել մշակութային ժառանգությունը՝ անցում կատարելով մի միջավայր, որտեղ տարբեր արխիվների հավաքածուները կարող են փոխկապակցվել ու ուսումնասիրվել որպես մեկ ամբողջություն։ Հաջողություն գրանցած նման մի նախագիծ է Calfa-ն, որը հայկական մշակութային արխիվներն իրար է կապում այնպիսի եղանակներով, որ ԱԲ համակարգերն ավելի ճշգրիտ են կարողանում ճանաչել, մեկնաբանել ու ներկայացնել դրանք։

Բացի պահպանությունից՝ ԱԲ-ն հսկայական հնարավորություններ է ստեղծում նաև վնասված նմուշների վերականգնման գործում՝ խամրած դետալների մշակումից մինչև բացակայող մասերի վերականգնում։ Մատենադարանի թանգարանի տնօրեն Իվեթ Թաջարյանը կարծում է, որ ԱԲ-ի խելամիտ ու ճիշտ օգտագործումը բազմաթիվ հնարավորություններ կարող է ստեղծել, այդ թվում՝ հազվագյուտ տեխնիկաներ բացահայտել, որոնք հակառակ դեպքում անհասանելի կմնային վերականգնողներին։

Մատենադարանում, օրինակ, վերջերս ցուցադրվեց Լուսինէ Թումանյանի կողմից վերականգնված մի նմուշ, որը նախնական ուսումնասիրության արդյունքում ներկայացվել էր որպես յուղաներկ կտավ։ «Սակայն հետո գործընկերներիցս մեկը նկատեց, որ մակերեսը լիովին հարթ է, իսկ այն հանգամանքը, որ պատկերված էր Վենետիկի տաճարը, ավելի խոր կասկած առաջացրեց, որ հնարավոր է, այն ձեռքի աշխատանք էլ չէ։ Երբ դիմեցինք ԱԲ-ին, այն մատնանշեց հազվագյուտ լուսամեխանիկական տպագրություն (տպագրության եղանակ, որը համադրում է լուսանկարչությունը և ձեռքի աշխատանքը), որն անսովոր կերպով թղթի փոխարեն արվել էր կտավի վրա», - հիշում է Թումանյանը։

Այդուհանդերձ, մշակութային նմուշների անհետ կորած հատվածների վերականգնման գործում տեխնոլոգիաների կիրառման սահմանները դեռևս հստակեցված չեն։ Նման էթիկական ռիսկերն ընդգծված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԱԲ-ի և մշակույթի վերաբերյալ 2025 թ.-ի զեկույցում, որը նախազգուշացնում է լուրջ բացասական կողմերի, այդ թվում՝ նմուշները կեղծելու կամ պատմությունը խեղաթյուրելու՝ գեներատիվ ԱԲ-ի կարողությունների մասին։ «Քաղաքականապես զգայուն կամ վիճելի տարածաշրջաններում նման կեղծիքները կարող են վերածվել զենքի՝ տարածքային հավակնությունները լեգիտիմացնելու, փոքրամասնությունների պատմությունը ջնջելու կամ ծայրահեղ ազգայնականություն հրահրելու համար»,- նշված է զեկույցում։

Լուսինէ Թումանյանն ինքը ԱԲ-ի դրական ու բացասական ազդեցությունների վառ օրինակն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ սոց. հարթակներում գողացել են նրա ինքնությունը։ Կեղծ էջերում նա ներկայացվում է որպես վրացի, իսկ վերահրապարակված նյութերը՝ վրացական մշակույթ, այնինչ նա հրապարակում է բացառապես հայկական ժամանակակից ու պատմական արվեստի մասին նյութեր։ «Կեղծ էջերը վարում են Բրազիլիայից, ու ես դեռ չեմ հասկանում դրանց նպատակը, բայց այլ ռիսկերին զուգահեռ ռասիզմի արտահայտման յուրօրինակ ձև եմ տեսնում փոքր ազգերի հանդեպ, երբ կարևոր չէ՝ դա հայկական, թե վրացական արվեստ է։ Ազգային նրբերանգները անտեսելու միտում եմ տեսնում»,- բացատրում է նա։

Վտանգված ժառանգություն և մշակութային թրաֆիքինգ

ԱԲ-ն առանցքային դեր ունի վտանգված պատմամշակութային վայրերի ու հուշարձանների փաստագրման գործում։ Սա առավել քան արդիական է հայկական իրականության մեջ, երբ պատմամշակութային վայրերն ու հուշարձանները կանգնած են կորստի կամ ոչնչացման վտանգի առջև։ Նմանօրինակ նախաձեռնություն է ԹՈՒՄՈ-ի ուսանողների կողմից հայկական մշակութային ժառանգությունը թվայնացնելու ծրագիրը, որն արվում է պատմամշակութային վայրերի ու հուշարձանների մանրամասն 3D սքանավորման միջոցով։

Դր. Մուրատեանը դրական հնարավորություններ է տեսնում ոչ նյութական մշակութային ժառանգության, օրինակ՝ լեզվի պահպանման հարցում ևս։ «ԱԲ համակարգերը ոչ միայն արդյունավետ ու հասանելի գործիքներ կդառնան արևելահայերենի ու արևմտահայերենի դասավանդման համար, այլև հնարավորություններ կստեղծեն բարբառների վերակենդանացման գործում՝ օգտագործելով ձայնագրություններն ու հուշամատյանները։ Կարելի է ունենալ թվային միջավայրեր, որտեղ ԱԲ-ն զրուցում, պատմում կամ երգեր է հորինում, օրինակ՝ Խարբերդի բարբառով՝ կենդանություն տալով խոսքի այն ձևերին, որոնք հակառակ դեպքում դատապարտված են մոռացության»,- նշում է նա։

Նկար
A closer look and the help of AI revealed a rare photomechanical technique, helping guide the restoration of the Venice Cathedral exhibited in Matenadaran. Photo credit / Matenadaran

A closer look and the help of AI revealed a rare photomechanical technique, helping guide the restoration of the Venice Cathedral exhibited in Matenadaran. Photo credit / Matenadaran
Caption
Մանրակրկիտ ուսումնասիրության ու ԱԲ-ի օգնության շնորհիվ Վենետիկի տաճարը պատկերող կտավի վերականգնման ընթացքում բացահայտվեց հազվագյուտ լուսամեխանիկական տեխնիկայի կիրառում։ Լուսանկարը՝ Մատենադարան

Բացի այդ, ԱԲ տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են կիրառվում մշակութային կողոպուտի ու ապօրինի շրջանառության դեմ պայքարում՝ օգնելու հայտնաբերել գողացված մշակութային նմուշներն ու կանխել հետագա կողոպուտները։ Համաշխարհային մասշտաբով հայտնի նախաձեռնություններից են իտալական SWOADS համակարգն ու ԻՆՏԵՐՊՈԼ-ի ID-Art հավելվածը, որոնց տվյալների բազայում կան շուրջ 134 երկրների կողմից հայտարարագրված ավելի քան 52 000 գողացված իրեր։ Նկար ներբեռնելու դեպքում համակարգերը ցույց են տալիս, արդյոք նմուշը գողացված է, թե ոչ։

Այնուամենայնիվ, գործնական դաշտում Թաջարյանը հորդորում է զգոն լինել՝ նշելով, որ այս ոլորտը հաճախ աչքի է ընկնում կեղծ փորձագետներով, որոնք կեղծ նմուշները վավերացնում են որպես բնօրինակ։ «Որոշ դեպքերում նոր ստեղծված աշխատանքները ներկայացվում են որպես ավելի հին գործեր՝ դրանց արժեքը բարձրացնելու նպատակով։ Օրինակ՝ հեղինակավոր մշակութային հաստատության կողմից աջակցություն ստացող փորձագետը կարող է ձեռագիրը թվագրել 11-րդ դարով, նույնիսկ եթե այն գրվել է շատ ավելի ուշ։ Որքան էլ անկախ փորձագետները փորձեն ցույց տալ, որ այդպիսի ներկեր կամ տեխնիկաներ այն ժամանակ գոյություն չեն ունեցել, նրանց ձայնը լսելի չի լինում։ Արդյունքում այս նմուշները հայտնվում են աճուրդներում, վաճառվում բարձր գներով ու նույնիսկ տեղ գտնում թանգարանների ցուցափեղկերի հետևում՝ սխալ թվագրմամբ ու նկարագրությամբ։ Այս ապակողմնորոշիչ տեղեկատվությունն այնուհետև մուտքագրվում է նաև արհեստական բանականության համակարգեր՝ առաջացնելով շփոթություն ու խթանելով ոչ ստույգ տեղեկատվության տարածում»։

Նկար
A closer look and the help of AI revealed a rare photomechanical technique, helping guide the restoration of the Venice Cathedral exhibited in Matenadaran. Photo credit / Matenadaran

A closer look and the help of AI revealed a rare photomechanical technique, helping guide the restoration of the Venice Cathedral exhibited in Matenadaran. Photo credit / Matenadaran
Caption
Մանրակրկիտ ուսումնասիրության ու ԱԲ-ի օգնության շնորհիվ Վենետիկի տաճարը պատկերող կտավի վերականգնման ընթացքում բացահայտվեց հազվագյուտ լուսամեխանիկական տեխնիկայի կիրառում։ Լուսանկարը՝ Մատենադարան

Զգոնության հորդոր

Մինչ Բաբայեանն ու դր. Մուրատեանը շեշտում են մարդկային գործոնի կարևորությունն ու բարձր պատրաստվածություն ունեցող գիտնականների անհրաժեշտությունը ԱԲ համակարգերի սխալ մեկնաբանումն ու ոչ ճշգրիտ մուտքագրումը կանխելու համար, Թաջարյանը, ով ավելի քան քսան տարի հայ արվեստի պատմություն և տեսություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, մտահոգություն է հայտնում հայ արվեստաբանության ապագայի վերաբերյալ։ Նա նշում է, որ չնայած իր հորդորներին, որ ԱԲ-ի գեներացրած տեղեկատվությունը, հատկապես այս փուլում, չունի գիտական հավաստիություն ու հաճախ գործում է որպես Wikipedia-ի նոր տեսակ, շատերն իրենց աշխատանքները գրելիս շարունակում են հենվել դրա վրա, ինչը երբեմն հնարավոր է նկատել, երբեմն էլ ոչ։ Սա, նրա պնդմամբ, լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտնականների հաջորդ սերնդի վերապատրաստման վերաբերյալ, որոնք կրելու են հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու պատասխանատվությունը։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2026 թ.-ի հունիսյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։