ԱԲ-ի 50 երանգները

Վտանգավոր մրցակի՞ց, խաբեբա՞, թե՞ օգնող ձեռք


Դարեր շարունակ արվեստագետները կարծել են, թե ոգեշնչում ստանում են ի վերուստ։ Հին հույներն այդ ուժին անուն էին տալիս՝ մուսա։ Նրանք հավատում էին, որ մեծ գաղափարները շնորհ էին, և եթե մուսան գալիս էր, ուրեմն վերերկրային պարգևի էիր արժանացել։

Սակայն հունական դիցաբանությունը մեզ է փոխանցել նաև ավելի բացասական կերպարների, որոնք, համաձայն Սթենֆորդի համալսարանի դասախոս Էդրիեն Մեյորի, զարմանալի ճշգրտությամբ նկարագրում են ԱԲ դարաշրջանը։ Իր նշանակալի «Աստվածներ և ռոբոտներ. առասպելներ, մեքենաներ և տեխնոլոգիայի հին երազանքներ» գրքում Մեյորը պնդում է, որ արհեստական կյանք ու ռոբոտներ ստեղծելու գաղափարներն ի հայտ են եկել դեռ հին առասպելներում։

Նրանցից գլխավորը Պրոմեթևսն էր, որն աստվածներից գողացավ սրբազան կրակն ու հանձնեց մարդկությանը՝ ընդմիշտ խախտելով աստվածայինի ու մահկանացուի միջև ուժերի հավասարակշռությունը։ Իսկ Հեփեստոսը՝ դարբնության աստվածը, արհեստական կյանք ստեղծեց՝ կերտելով բրոնզե հսկա Թալոսին և մեխանիկական սպասավորներին։ Եվ վերջապես Դոլոսը՝ խաբեության ոգին, որը գաղտագողի ստեղծեց ճշմարտության աստվածուհու կատարյալ նմանակին, որն այնքան համոզիչ էր, որ անհնար էր տարբերել բնօրինակից։

Մեյորի կարծիքով՝ այս ստեղծագործությունները կարելի է համարել որպես արհեստական բանականության հին առասպելաբանական նախատիպեր, որոնք այժմ օգտագործվում են ԱԲ դարաշրջանում։  Նրա նախազգուշացումն այսօր զարմանալիորեն արդիական է. «Այդ առասպելներից և ոչ մեկը լավ ավարտ չեն ունենում, երբ արհեստական էակներն ուղարկվում են Երկիր։ Թվում է՝ առասպելներում դրական են վերաբերվում այն փաստին, որ արհեստական կերտվածքները ծառայում են աստվածներին։ Բայց երբ դրանք սկսում են շփվել մարդկանց հետ, ստանում ենք քաոս և ավերածություններ»։

Ինչպես Պանդորայի արկղը բացելուց հետո այլևս փակել հնարավոր չեղավ, այնպես էլ տեխնոլոգիան է այսօր ազատ արձակվել. տվյալներն իրացվում են, իսկ իրական հետևանքները դեռ շարունակում են անհայտ մնալ։

AGBU Magazine-ի հետ զրույցում ստեղծագործական տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների հասած հայ արվեստագետներն իրենց տեսակետներն են հայտնում ստեղծագործ մտքի ապագայի, մտավոր սեփականության իրավունքների վրա ԱԲ-ի ազդեցության և այն հիմնարար հարցերի շուրջ, որոնք դեռևս գտնվում են ձևավորման փուլում և չունեն պատասխաններ։

Մերուժան Մինասյան

Նկար
Meroujan Minassian. Photo credit / Davit Hakobyan

Meroujan Minassian. Photo credit / Davit Hakobyan
Caption
Մերուժան Մինասյան։ Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյան

Մերուժան Մինասյանը ճարտարապետ է, Archestr (AEC Tech) և Rior (PropTech) նորարարական ստարտափների, ինչպես նաև «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրը։ Արվեստանոցի գրասենյակներ են գործում Երևանում, Մոնրեալում, Մոսկվայում, որոնք իրականացնում են շինարարության ու դիզայնի բազմապրոֆիլ նախագծեր։ «Ստորակետ»-ի ղեկավարած առանցքային նախագծերից են եղել ՀԲԸՄ Հայաստանի և «Այբ» դպրոցի մասնաշենքերի նախագծումը, ինչպես նաև համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ՝ ապագայի բնակելի միջավայրերի նախագծման վերաբերյալ հետազոտությունների շրջանակում։

Մինասյանի աշխատանքները հրապարակվել են տեղական և միջազգային մասնագիտական ամսագրերում ու առցանց հարթակներում։ Նա նաև շուրջ 6 տարի իր մասնագիտական փորձը փոխանցում է երիտասարդ սերնդին՝ դասավանդելով Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում։

Նկար
The AYB School in Yerevan, a project by architect Meroujan Minassian, whose work explores how innovation and emerging technologies are reshaping design. Photo credit / Storaket Architectural Studio

The AYB School in Yerevan, a project by architect Meroujan Minassian, whose work explores how innovation and emerging technologies are reshaping design. Photo credit / Storaket Architectural Studio
Caption
Երևանի «Այբ» դպրոցը մեկն է այն բազմաթիվ նախագծերից, որն իրականացրել է ճարտարապետ Մերուժան Մինասյանը։ Լուսանկարը՝ Ստորակետ ճարտարապետական արվեստանոց

Արհեստական բանականությունը, անկասկած, հեշտացրել է մեր աշխատանքը՝ հնարավորություն տալով վերանայել նախագծման և պլանավորման մեր մոտեցումները։ Մեր ճարտարապետական ստուդիան մշակել է ԱԲ-ով աշխատող երկու արտադրանք, որոնք ստեղծվել են տարիների փորձի և ոլորտի հիմնական խնդիրների հստակ ընկալման արդյունքում։

Առաջին արտադրանքը՝ Archestr-ը, պատվիրատուների, ճարտարապետների և արտադրողների համար է։ Հաճախ նախագծի առաջին տարբերակներն անհրաժեշտ է լինում փոփոխել, որը հանգեցնում է նախագծի բազմակի վերանայումների և ժամանակի կորստի։

Archestr-ը լուծում է այս խնդիրը դեռ սկզբնական փուլում։ Էսքիզային նախագծման ընթացքում այն օգտագործում է մեծածավալ տվյալների բազաներ և ԱԲ-ի օգնությամբ վերլուծություն է անում՝ տվյալ վայրում շենքի կառուցման արժեքը գնահատելու համար։

Երկրորդ արտադրանքը՝ Rior-ը, սպառողի համար ներքին հարդարման գործիք է։ Օգտատերերը վերբեռնում են իրենց հատակագիծը և մոտավոր այն նկարը, որն ուզում են ստանալ վերանորոգման արդյունքում։ Համակարգը վերլուծում է տարածքը, հաշվարկում չափերը և առաջարկում դիզայնի մի շարք տարբերակներ՝ տեղական խանութներում հասանելի ապրանքներով։

Այդպիսով, այն կազմում է գնումների պատրաստի ցուցակ՝ հարմարեցված օգտատիրոջ ցանկություններին։ Մենք այս գործիքն անվանում ենք «Tinder ինտերիերի համար», քանի որ օգտատերերը կարող են հեշտությամբ փոխել տարրերը և փորձարկել տարբեր ոճեր։

Արհեստական բանականությանը չենք կարող հստակ սահմանում տալ։ Շատ անորոշ է, թե ինչպիսին կլինի ապագան, և հարկավոր է մշտապես հարմարվել նոր զարգացումներին։ Մի բան հստակ է՝ ԱԲ-ն գործիք է քեզ աջակցելու, ոչ թե քո մրցակիցը լինելու համար։ Եթե դու սահմանափակում ես քեզ, ապա, այո, ԱԲ-ն կարող է քեզ մրցակից դառնալ։ Բայց եթե քեզ բաց ես թողնում, ճկուն ես և լայն ես պահում ապագայի հանդեպ տեսլականդ, ԱԲ-ն դառնում է կյանքի որակը բարելավող գործիք։ Այն նաև արագացնում է աշխատանքը, և նույնիսկ եթե այդ արագությունը կարող է սթրեսի ենթարկել, սրանք են այն նոր օրենքները, որից ապագայում խուսափել չենք կարողանալու։

Էլի Աքըլեան

Նկար
Elie Akilian. Photo credit / Mark Vittek

Elie Akilian. Photo credit / Mark Vittek
Caption
Էլի Աքըլեան։ Լուսանկարը՝ Մարկ Վիտեկ

Էլի Աքըլեանը ձեռնարկատեր է, ներդրող և բարերար։ Բնակվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Ծնվել է Լիբանանում, ապա ԱՄՆ տեղափոխվել ՀԲԸՄ կրթաթոշակով և էլեկտրաինժեների բակալավրի աստիճան ստացել Տեխասի համալսարանում: 1989 թ.-ին նա Սէմ Սիմոնեանի հետ համահիմնադրել է Inet Technologies-ը՝ դարձնելով այն հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։ 1994 թ.-ին նա Inc. ամսագրի, բրիտանական Ernst & Young խորհրդատվական ընկերության և ամերիկյան Merrill Lynch ընկերության կողմից  ճանաչվել է «Տարվա ձեռնարկատեր»։

2005 թ.-ին Էլի Աքըլեանի հիմնադրած KingsIsle Entertainment վիդեոխաղերի ընկերության կողմից ստեղծվածWizard101 խաղը դարձավ իր տասնամյակի ամենանորարար ու հաջողված առցանց խաղը պատանիների շրջանում։ KingsIsle Entertainment-ի վաճառքից հետո Աքըլեանը հիմնադրեց WIMO Games-ը, որտեղ ստանձնեց գործադիր նախագահի պաշտոնը։ 2024 թ.-ի հոկտեմբերին նա նշանակվեց ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ։

Նկար
Wizard101, the hit online fantasy game created by Elie Akilian, showcases the immersive worlds that helped define a generation of preteen gaming.

Wizard101, the hit online fantasy game created by Elie Akilian, showcases the immersive worlds that helped define a generation of preteen gaming.
Caption
Wizard101-ը Էլի Աքըլեանի ստեղծած հայտնի առցանց խաղն է, որը մեծ ազդեցություն է ունեցել դեռահասների մի ամբողջ սերնդի խաղային փորձառության վրա։

Աքըլեանի տեսակետը. Կարծում եմ՝ մարդիկ հաճախ սխալ են հասկանում, թե իրականում ինչ դեր ունի արհեստական բանականությունը ստեղծագործական գործընթացում։ Հատկապես խաղերի ոլորտում այն ամբողջ գործն իր վրա վերցնել չի կարող, հարկավոր է ուղղորդել։ Այն ներգրավված է երեք ոլորտներում՝ ծրագրային ապահովում, սթորիթելինգ և աշխարհների կառուցում։ Ծրագրային ապահովման մասով՝ այո, հնարավոր է, որ քսան հոգանոց թիմը կրճատվի մինչև երկու-երեք հոգու։ Այդպիսին է լինելու փոփոխության մասշտաբը։ Սակայն ԱԲ-ն ինքնուրույն սկզբից մինչև վերջ ծրագրային ապահովում չի կարող ստեղծել։

Այստեղ մեծ կարևորություն ունի ճարտարապետությունը։ Սա շատ նման է շենքի հիմքին։ ԱԲ-ն կարող է օգնել կառուցել պատերը, բայց եթե հիմքը ճիշտ չէ, ամբողջ համակարգը կարող է փլուզվել։ Դեռևս անհրաժեշտ են բարձր մակարդակի մասնագետներ՝ բարդությունը կառավարելու համար, հատկապես, երբ առնչվում ես արտաքին աշխարհի հետ։

Նույնը վերաբերում է սթորիթելինգին։ Ես ինքս դա չեմ փորձել, բայց կարծում եմ՝ այս հարցում դեռ հարկավոր է ԱԲ-ին մեծապես ուղղորդել։ Երբ խնդրում ես արհեստական բանականությանը ինչ-որ բան գրել, զգացվում է, որ այն չունի հոգի, բնավորություն։ Ստեղծագործական գործընթացը դեռ պատկանում է դիզայներին։ ԱԲ-ն միայն օգնում է կառուցել այն, ինչ պատկերացնում է դիզայները։ Այստեղ կարևոր է, թե ինչ հրահանգ ես տալիս։ Եթե հրահանգդ ընդհանրական է, ապա պատասխանն էլ է ընդհանրական ստացվում։

Այսօր շատերն ԱԲ-ն համարում են կործանարար՝ հատկապես ստեղծագործական և ծրագրային աշխատանքների վրա ունեցած իր ազդեցության համար։ Ես այդ պատկերացումներն ամենևին չեմ կիսում։ Իմ անձնական համոզմամբ՝ Միացյալ Նահանգները դինամիկ կերպով է արձագանքում նման հնարավորություններին։ Նրանք, ովքեր աշխատանքում կփոխարինվեն ԱԲ-ով, կա՛մ կստեղծեն իրենց սեփական ընկերությունները, կա՛մ կգտնեն իրենց տաղանդն օգտագործելու այլ տարբերակներ։ Ծրագրավորողը, գրողը, դիզայները փոխանցելի հմտություններ ունեցող մասնագետներ են։ Այս հմտությունները կարելի է կիրառել տարբեր ոլորտներում։ Ես չեմ կիսում այդ «ապոկալիպտիկ» կանխատեսումները։ Մենք այս ամենը նախկինում էլ ենք տեսել։

Ինչ վերաբերում է խաղերին, ամբողջ գաղափարն այն է, որ խաղացողը մնա խաղի մեջ, որովհետև որքան երկար ես մնում, այնքան մեծ է հավանականությունը, որ ինչ-որ բան կվաճառվի քեզ։ ԱԲ-ի կիրառմամբ, այդ ամենն ավելի հեշտ է դառնում, քանի որ այս պարագայում արդեն կան գործիքներ, որոնք հետևում են, թե ով է խաղացողը, և ինչ է անում և այդ վերլուծության հիման վրա են գեներացվում առաջարկները։

Ռուբեն Մալայան

Նկար
Ruben Malayan. Photo credit / Davit Hakobyan

Ruben Malayan. Photo credit / Davit Hakobyan
Caption
Ռուբեն Մալայան։ Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյան

Ռուբեն Մալայանը նկարիչ, գեղագիր և մանկավարժ է, ով հայտնի է հայկական գեղագրության և կերպարվեստի զարգացման գործում ունեցած իր նշանակալի գործունեությամբ։ Նա մեծ ներդրում ունի հայկական գիրը վերակենդանացնելու գործում։ Գրաֆիկական դիզայնի և գեղարվեստական վայելչագրության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն ունենալով՝ նա հայկական գիրը մատուցում է որպես ժամանակակից արվեստի ձև՝ միաժամանակ պահպանելով դրա պատմական ու մշակութային էությունը։

Մալայանն ակադեմիական գծագրություն, գրաֆիկական դիզայն և գեղագրություն է դասավանդել տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ռումինիայում և Հայաստանում։ 2018 թ.-ից նա դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հրավիրյալ դասախոս։

Նրա աշխատանքները հրապարակվել և ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև ընդգրկվել են հեղինակավոր հավաքածուներում, այդ թվում՝ Սմիթսոնյան ինստիտուտի։

Նկար
Ruben Malayan presents his calligraphic work at the Armenian Pavilion of the 2018 Smithsonian Folklife Festival, highlighting the depth and continuity of Armenian script. Photo credit / Smithsonian Museum

Ruben Malayan presents his calligraphic work at the Armenian Pavilion of the 2018 Smithsonian Folklife Festival, highlighting the depth and continuity of Armenian script. Photo credit / Smithsonian Museum
Caption
Ռուբեն Մալայանը 2018 թ.-ի Սմիթսոնյան ժողովրդական փառատոնի հայկական տաղավարում իր աշխատանքները ներկայացնելիս։ Լուսանկարը՝ Սմիթսոնյան թանգարան

Մալայանի տեսակետը. Որպես ստեղծագործող՝ ես աշխատանքիս մեջ արհեստական բանականություն սկզբունքորեն չեմ օգտագործում։ Ես այն չեմ ընկալում որպես ստեղծագործելու համար անհրաժեշտ գործիք։

Իհարկե, փորձեր արվում են արհեստական բանականությունը կիրառելու տառարվեստի և գեղագրության ոլորտներում, սակայն դա բավական խնդրահարույց է։ ԱԲ-ն իրականում չի կարող ստեղծագործել. այն ընդամենն ընդօրինակում է՝ հենվելով մարդկանց կողմից ստեղծված նյութերի և բովանդակության վրա։ Իսկ գեղագրության մեջ ընդօրինակումը աշխատող մեթոդ չէ։

Մեկ այլ խնդիր է այն, որ ԱԲ-ն դեռ ձեռագիր տեքստ կարդալ չի կարողանում։ Այսինքն, այն ուղղակի կույր իմիտացիա է անում՝ առանց հասկանալու բովանդակությունը։ Արդյունքում ստացվող աշխատանքը, ըստ էության, անհեթեթություն է դառնում. այն չի փոխանցում բովանդակություն, չունի իմաստ, իսկ տառերը հաճախ աղավաղված են լինում։

Իմ ոլորտում արհեստական բանականության աշխատանքը կարելի է բնութագրել որպես լիակատար ձախողում։ ԱԲ-ն չի կարող ինձ մրցակից լինել։ Չեմ կարծում, որ կտեսնեմ այն օրը, երբ արհեստական բանականությունը կկարողանա գեներացնել նույն որակի գեղագրություն, ինչպիսին ստեղծում է մարդկային ձեռքը։ Բազմաթիվ գործոններ կան, որոնց արդյունքում ծնվում է գեղեցիկ գիր՝ նյութի հետ փոխազդեցությունը, գեղագրի գործիքը, թանաքը, թուղթը... Սրանք բոլորն իրար փոխլրացնում են, մինչդեռ արհեստական բանականությունը կապ չունի սրանցից և ոչ մեկի հետ։

ԱԲ-ն իրականում չի կարող ստեղծագործել. այն ընդամենն ընդօրինակում է՝ հենվելով մարդկանց կողմից ստեղծված նյութերի և բովանդակության վրա։

Սերգեյ Սմբատյան 

Նկար
Sergey Smbatyan. Photo credit / Darren Agius

Sergey Smbatyan. Photo credit / Darren Agius
Caption
Սերգեյ Սմբատյան։ Լուսանկարը՝ Դարեն Ագիուս

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Նա դասական երաժշտության ակտիվ ջատագով է և հայտնի է ժամանակակից դասական երաժշտությունը միջազգային հարթակներում ներկայացնելու իր բեղուն գործունեությամբ։

Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Բեռլինի Կոնցերտհաուսում, Լոնդոնի Բարբիքան կենտրոնում, Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, Մյունխենի Ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մյուզիքֆերայնում, Նյու Յորքի Քարնեգի սրահում և այլուր։ Նա համագործակցել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի հետ, որոնց թվում են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Մարիինյան թատրոնի նվագախումբն ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

2015 թ.-ին Սերգեյ Սմբատյանը դարձել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանի ասպետ, իսկ 2016 թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը։

2019 թ.-ին Հայաստանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) ընթացքում Սմբատյանը ղեկավարեց նորարարական մի նախագիծ, որի ընթացքում միջազգային նվագախումբը ներկայացրեց արհեստական բանականության կողմից իրական ժամանակում ստեղծվող երաժշտական ստեղծագործություն։

Նկար
At World Congress on Information Technology 2019, Sergey Smbatyan led a groundbreaking concert where AI-generated music was performed live by an international orchestra, blending classical artistry with technology. Photo credit / WCIT2019

At World Congress on Information Technology 2019, Sergey Smbatyan led a groundbreaking concert where AI-generated music was performed live by an international orchestra, blending classical artistry with technology. Photo credit / WCIT2019
Caption
WCIT 2019-ի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարում է ԱԲ-ով գրված երաժշտություն։ Լուսանկարը՝ WCIT2019

Սմբատյանի տեսակետը. 2019 թ.-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում իրականացված այդ նախագիծը իմ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար բացառիկ ու հետաքըրքիր փորձառություն էր։ Արհեստական բանականությամբ գրված երաժշտությունը, իհարկե, տարբերվում է մարդկային մտածողությունից ծնված ստեղծագործություններից, սակայն, որպես դիրիժոր, ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ինչպես կարելի է այդ նյութին տալ կենդանի շնչառություն։ Ի վերջո, անգամ եթե նոտաները գեներացված են ալգորիթմի միջոցով, դրանց հնչողությունը, դինամիկան ու արտահայտչականությունը ձևավորվում են մարդու կողմից՝ բեմի վրա։ Մենք արհեստական բանականությանը «սովորեցրել» էինք հայկական հարյուրավոր շարականներ, Կոմիտասի և Եկմալյանի պատարագները, որոնց հիման վրա այն սկսեց ստեղծել երաժշտություն, որն իր մեջ կրում էր հայկական հոգևոր երաժշտությանը բնորոշ տարրեր։

Ես ԱԲ-ն դիտարկում եմ ոչ թե որպես սպառնալիք, այլ գործիք։ Երաժշտությունն, առաջին հերթին, լեզու է, որով մարդը փոխանցում է իր զգացմունքներն ու ապրումները։ Այդ իմաստով կարծում եմ ԱԲ-ն չի կարող փոխարինել ստեղծագործող անհատին՝ հատկապես դասական երաժշտության ոլորտում, բայց կարող է ընդլայնել նրա հնարավորությունները՝ առաջարկելով նոր գաղափարներ, կառուցվածքներ կամ նույնիսկ անսպասելի լուծումներ։ Ես ԱԲ-ն տեսնում եմ ոչ թե որպես մրցակից, այլ որպես նոր հնարավորություն։

Կարծում եմ՝ ԱԲ-ն կարող է օգտակար լինել նաև նվագախմբերի աշխատանքի կազմակերպման գործում, օրինակ՝ փորձերի պլանավորման, պարտիտուրաների վերլուծության գործում։ Բայց պետք է հասկանալ, որ նվագախումբը միայն տեխնիկական համակարգ չէ. դա կենդանի օրգանիզմ է, որտեղ կարևոր են երաժիշտների միջև էներգիան, միմյանց լսելու ունակությունը և միասնական շնչառությունը։ Այդ հատվածը դեռ երկար և գուցե հավերժ կմնա բացառապես մարդկային դաշտում։

ԱԲ-ն կարող է օժանդակել, բայց չի կարող  փոխարինել այն ստեղծագործական և մարդկային փոխազդեցությունը, որի վրա հիմնված է  նվագախմբային կատարողական արվեստը։

Տիանա Սէնտըրզ Խաչատուրեան

Նկար
Diana Sanders Khajadourian.

Diana Sanders Khajadourian.
Caption
Տիանա Սէնտըրզ Խաչատուրեան

Տիանա Սէնտըրզ (Դիանա Սենդրս) Խաչատուրեանը երաժշտական հրատարակչական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ Prescription Songs-ի գլխավոր խորհրդատուն և բիզնես հարցերով ղեկավարն է, ինչպես նաև ընկերության Amigo Records-ի բիզնես հարցերով պատասխանատուն։ Billboard ամսագիրը 2020 և 2022 թթ.-ին նրան ընդգրկել է «Երաժշտական ոլորտի կին ղեկավարներ», իսկ 2021 ու 2022 թթ.-ին նաև «Լավագույն երաժշտական իրավաբաններ» ցանկերում։ Los Angeles Magazine-ը Խաչատուրեանին ճանաչել է ժամանցային իրավունքի ոլորտի լավագույն իրավաբան, իսկ գործընկեր իրավաբանները մի քանի տարի անընդմեջ նրան ներառել են «Ամերիկայի լավագույն իրավաբաններ» ցանկում։

Խաչատուրեանի տեսակետը. Այսօր հաճախորդներին հուզող հարցերից ամենաարդիականն այն է, թե ինչ է նշանակում ստեղծել արվեստ մի ժամանակաշրջանում, երբ ստեղծագործել կարող են նաև մեքենաները։ Այդ քննարկումների կենտրոնում հեղինակային իրավունքի հարցն է, և այն, թե ով կամ ինչը պետք է համարվի ստեղծագործության հեղինակ։

Երաժշտական ստեղծագործության հեղինակային իրավունքը պաշտպանվում է հեղինակային իրավունքի օրենքով, որը վերաբերում է մարդու կողմից ստեղծված օրիգինալ աշխատանքներին։ Արհեստական բանականության դարաշրջանում մենք փորձում ենք հասկանալ՝ արդյոք ստեղծագործության մեջ առկա՞ է մարդու կողմից էական ստեղծագործական ներդրում և վերահսկողություն։ Խնդիրը բարդանում է, երբ մարդն օգտագործում է ԱԲ գործիքներ, բայց նաև ստեղծագործական որոշումներ է կայացնում երաժըշտության կամ տեքստի վերաբերյալ։ Այս դեպքում ուշադրություն է պետք դարձնել մարդու ներգրավվածության աստիճանին։ Եթե հիմնական ստեղծագործական աշխատանքը նա է կատարել, ապա կա հեղինակային իրավունքի պաշտպանության հիմք։ Սակայն շատ դժվար է չափել կամ վերահսկել այս ամենը, երբ ամեն օր աշխարհում տարածվում են մեծաթիվ ձայնագրություններ։ Երաժշտական ընկերությունները սկսել են օգտագործել ԱԲ-ի հայտնաբերման գործիքներ, և միայն ժամանակը ցույց կտա դրանց արդյունավետությունը։

Հեղինակային իրավունքը հարցի մի կողմն է։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ ԱԲ-ն ոչ միայն ստեղծագործում, այլև ակտիվորեն ընդօրինակում է ճանաչված արտիստների աշխատանքները։

Սա կարող է առաջացնել մի շարք խնդիրներ` կախված նրանից, թե ինչ է կրկնօրինակվել ԱԲ-ի կողմից և ինչպես է այն օգտագործվում։ Եթե այն նմանակում է որևէ արտիստի ձայնը, ապա դա կարող է խախտել նրա իրավունքները, հատկապես, եթե այդ ձայնը օգտագործվում է եկամուտ ստանալու նպատակով՝ առանց արտիստի թույլտվության։

Տարբեր երկրներում հարցը կարգավորող օրենքները տարբեր են։ Եթե նմանակված վոկալը հրապարակվում է և հասարակության շրջանում շփոթություն է առաջացնում՝ հավատացնելով, թե դա իրականում տվյալ արտիստի ձայնն է, ապա կարող են առաջանալ ապրանքանիշային խնդիրներ և անբարեխիղճ մրցակցություն։ Եթե արհեստական բանականության ստեղծած արդյունքը վերարտադրում կամ պատճենում է երգի բառերը կամ երաժշտության մեղեդիները, ապա դա կարող է դիտարկվել որպես հեղինակային իրավունքի խախտում՝ համաձայն հեղինակային իրավունքի մասին օրենքի։

Կարևոր է հիշել, որ հեղինակային իրավունքը պաշտպանում է ոչ թե պարզապես գաղափարները, այլ դրանց կոնկրետ արտահայտչաձևերը։ Հենց այդ պատճառով է, որ գոյություն ունեն բազմաթիվ երգեր, որոնք փոխանցում են նույն գաղափարը, սակայն դրանց արտահայտչաձևն է, որ ստեղծում և պաշտպանում է մտավոր սեփականության իրավունքը։

Իրավական շրջանակից դուրս, կարծում եմ, արժե նաև ավելի լայն դիտարկել, թե այս ամենն ինչ նշանակություն ունի ստեղծագործական էկոհամակարգի, և ի վերջո, այդ համակարգի ներսում ապրող ու ստեղծագործող արտիստների ու ունկնդիրների համար։

Երաժշտական հարթակներն ամեն օր հեղեղվում են ԱԲ-ով ստեղծված նոր ձայնագրություններով։ Թեև դա նվազեցնում է իրական, մարդկանց կողմից ստեղծված երաժշտության տեսանելիությունը և դժվարացնում է նոր արտիստների առաջխաղացումը, այսօր դրանք այնքան շատ են, որ, իմ կարծիքով, շուտով մարդիկ կսկսեն կարոտել մարդկային ձայնն ու գործիքների կենդանի հնչողությունը։ Ինչպես ասում են՝ անգամ ամենահեռուն գնացած ճոճանակն էլ միշտ ինչ-որ պահի վերադառնում է հավասարակշռության վիճակին։ Ես հավատացած եմ, որ շատ շուտով մարդիկ նորից կփնտրեն այն զգացմունքային կապն ու անկեղծությունը, որ տալիս է իրական երաժշտությունը, և որն ԱԲ-ի ստեղծած երաժշտությունը, առնվազն այս պահի դրությամբ, չի կարող ամբողջությամբ փոխանցել։

Իհարկե, երաժշտական ոլորտը միակը չէ, որ փոխվում է արհեստական բանականության ազդեցությամբ։ Իմ մասնագիտությունը՝ իրավաբանությունը, նույնպես անցնում է վերափոխման փուլով, և պետք է խոստովանեմ, որ այդ փոփոխություններն ունեն նաև իրենց գրավիչ կողմերը։

ԱԲ որոշ գործիքներ այսօր օգնում են իրավական հետազոտությունների և տըվյալների վերլուծության գործում՝ զգալիորեն կրճատելով իրավաբանի աշխատաժամանակը։ Սա ժամանակի և ծախսերի խնայողություն է, որը գնահատում են նաև հաճախորդները։ Նախկինում իրավաբանական ընկերություններում իրավաբանները ժամեր էին ծախսում իրավական ուսումնասիրություններ կատարելու վրա՝ խնդրի հիմնական կողմերը բացահայտելու և հարցերի շրջանակը նեղացնելու համար։ Այժմ այդ նախնական աշխատանքը կարելի է կատարել ընդամենը մի քանի րոպեում։ Սակայն դա չի նշանակում, որ ԱԲ-ն փոխարինում է իրավաբաններին։ Միևնույն է, անհրաժեշտ է ստուգել հետազոտության արդյունքները, գնահատել դրանց իրավական հիմնավորվածությունը, ինչպես նաև ռազմավարական որոշումներ կայացնել՝ ելնելով քո գործի նպատակներից։ Իսկ այդ ամենն արդեն գալիս է անհատի փորձառությունից։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2026 թ.-ի հունիսյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։