Վստահելի միջնորդը

Հակամարտությունների կարգավորման փորձագետ Հրայր Պալեանի բազմամյա փորձի ու տեսակետների շուրջ


Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ծնված իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը (Բալյան) հակամարտությունների կարգավորման հարցերով փորձագետ է, բանակցող ու միջնորդ։ Իր կյանքը նվիրելով խաղաղության և արդարության գործին՝ նա աշխատել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների համար և ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոն»-ում (Covcas Center for Law and Conflict Resolution), Սարաևոյի Միջազգային ճգնաժամային խմբում (International Crisis Group), Ատլանտայի «Քարթերի կենտրոն»-ում (Carter Center) և այլ հաստատություններում։

Նկար
Պալ­եա­նը «Քար­թե­րի կենտ­րոն»-ի բակում։

Պալ­եա­նը «Քար­թե­րի կենտ­րոն»-ի բակում։
Caption
Պալ­եա­նը «Քար­թե­րի կենտ­րոն»-ի բակում։

Բացի դաշտային աշխատանքից, Պալեանը իրավաբանական պրակտիկա է անցել Միացյալ Նահանգներում և իր փորձառության մանրամասները դասախոսությունների միջոցով ներկայացրել է աշխարհի մի շարք համալսարաններում և ակադեմիական հաստատություններում: Ներկայում նրա ուսումնասիրության առարկաներն են Հարավային Կովկասը և Լևանտը։

Աշխատանքի բերումով նաև հանդիպել եմ մի շարք այլ բացառիկ գործիչների և նույնիսկ այնպիսի առաջնորդների, որոնց ձեռքերը թաթախված են եղել արյան մեջ։ Եվ սա էլ աշխատանքի մի մասն է. հակամարտության կարգավորման գործում մենք պետք է պատրաստ լինենք բանակցության սեղանի շուրջը նստելու ցանկացածի հետ։

Նա հեղինակել է «Խաղաղարարության անատոմիա. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և բաց թողնված հնարավորությունները» գիրքը, որի հայերեն և անգլերեն հրատարակությունները լույս կտեսնեն 2026 թվականի գարնանը։

 

Հ. Շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացնում՝ ներկայացնելու  հակամարտության կարգավորման հարցի շուրջ Ձեր տեսակետները. թեմա, որն այսօր Հայաստանի և սփյուռքի համար առավել քան արդիական է։ Բայց նախ սկսենք Ձեր հետագծից: Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել հակամարտությունների կարգավորմամբ։ Կխնդրեի խոսել նաև ավագ դիվանագետների և ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի հետ Ձեր աշխատանքային փորձառության մասին։

Պ. Հենց հակամարտություններն են ձևավորել իմ կյանքը։ Մեծանալով Լիբանանում՝ հայկական ընտանիքում, ես միշտ շրջապատված եմ եղել կոտորածների, ցեղասպանության, տեղահանությունների ու քաղաքական ցնցումների մասին պատմություններով։ Դրանք ոչ թե պատմության գիրկն անցած դրվագներ էին, այլ ապրող հիշողություններ՝ միաձուլված առօրյա խոսակցություններին։ Բռնությունը պարզապես քննարկման առարկա չէր. այն ամենուր էր։ Եվ հենց այս իրողություններն էլ դարձան իմ մի մասը։

Բեյրութում երիտասարդ տարիներին ես անմիջապես սկսեցի զբաղվել հայկական համայնքի հարցերով և լիբանանյան քաղաքականությամբ, քանի որ իմ ներդրումն ունենալու խիստ անհրաժեշտություն էի զգում։ Սակայն չգիտեի, թե ինչպես այդ հետաքրքրությունն ու ներուժն օգտագործել՝ կարգավորելու հակամարտությունները։

Այդ նպատակով 1970 թվականին տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ՝ համալսարանական կրթություն ստանալու։ Սակայն տարիներ պահանջվեցին հասկանալու համար, որ ինձ այդ ոլորտի անհրաժեշտ գործիքակազմով կարող էր ապահովել միայն իրավաբանական կրթությունը։ Ճանապարհը բարդ էր ու երկար, սակայն 1990 թ.-ին վերջապես անցում կատարեցի հակամարտությունների կարգավորման ոլորտ։

Վերջին 35 տարիների ընթացքում ես մեծ պատիվ եմ ունեցել աշխատելու հեղինակավոր առաջնորդների հետ։ Նրանցից կառանձնացնեմ նախագահ Քարթերին՝ բացառիկ արժանապատվության, ազնվության և համեստության տեր մի մարդու, ով ինձ սովորեցրեց ավելին, քան կարող էի պատկերացնել։ Ես խորապես երախտապարտ եմ թե՛ նրա հետ, թե՛ նրա համար աշխատելու հնարավորության համար։

Աշխատանքի բերումով նաև հանդիպել եմ մի շարք այլ բացառիկ գործիչների և նույնիսկ այնպիսի առաջնորդների, որոնց ձեռքերը թաթախված են եղել արյան մեջ։ Եվ սա էլ աշխատանքի մի մասն է. հակամարտության կարգավորման գործում մենք պետք է պատրաստ լինենք բանակցության սեղանի շուրջը նստելու ցանկացածի հետ։

 

Հ. Դուք կարևոր պաշտոններ եք զբաղեցրել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Միջազգային ճգնաժամային խմբում և ընտրությունների դիտորդական առաքելություններում, այդ թվում՝ Բոսնիայում, Կոտ դ‘Իվուարում և Բալկաններում: Նշվածներից յուրաքանչյուրի համատեքստում հակամարտությունների կարգավորման ո՞ր հիմնական մեթոդներն եք համարել առավել արդյունավետ։

Պ. Թեպետ ցանկացած հակամարտություն թարմ մարտավարական մտածողություն պահանջող ուրույն մարտահրավեր է, սակայն որոշ հիմնարար սկզբունքներ ընդհանուր են։ Փորձառության արդյունքում հղկված հիմնական դրույթները ծառայում են որպես արդյունավետ միջնորդության հիմք։

Համեստություն ցուցաբերելն առաջին ու ամենակարևոր սկզբունքն է։ Ոչ մի միջնորդ, անկախ փորձառությունից, չպետք է կարծի, թե տվյալ հակամարտությունն ավելի լավ գիտի, քան նրանք, ովքեր ապրում են դրա մեջ։ Իրավիճակի վերաբերյալ գլխավոր դերերում հանդես եկողների պատկերացումները հասու չեն կողմնակի անձանց։

Երկրորդ գլխավոր սկզբունքը ներառականությունն է. պետք է խոսել բոլորի հետ։ Երբեք չի կարելի մասնակիցներին դուրս թողնել բանակցության սեղանից, միայն նրա համար, որ նրանց պիտակավորել են «ահաբեկիչներ», «ծայրահեղականներ» կամ դասակարգել են այլ անցանկալի խմբերում։ Բանակցություններից դուրս մնացած դերակատարներն անխուսափելիորեն վերադառնալու են՝ խափանելու ցանկացած պայմանավորվածություն։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ կայուն խաղաղությունը պահանջում է բանակցային սեղանի շուրջը հավաքել նույնիսկ ամենաանցանկալի դերակատարներին։

Երրորդ սկզբունքը ենթադրում է հստակ ժամանակահատվածի վրա կենտրոնացում՝ չտրվելով անցյալի վշտերին ու փոխարենը մտածելով նոր ապագա կառուցելու ուղղությամբ։ Առաջընթաց գրանցելու համար այս կենսական մոտեցումը կիրառելի է, երբ կողմերը միջնորդների օգնությամբ կարողանում են տարբերակել իրենց հիմնարար կարիքները բանակցային ցանկություններից։

Խնդիրները լուծելի են դառնում, երբ քննարկումները զարգանում են հիմնական պահանջների բավարարման, ոչ թե ցանկությունների ցուցակն ընդլայնելու ուղղությամբ։

Ի վերջո, միջնորդները պետք է օգնեն կողմերին, որ նրանք ինքնակամ հանգեն «փոխզիջում» բառին։ Փոխզիջումը թուլության կամ դավաճանության նշան չէ. փոխզիջում նշանակում է քաջություն ունենալ կատարելության փոխարեն ընտրելու առաջընթացը։ Այն զրոյական վերջնարդյունքի հանգեցնող դատողությունը վերափոխում է համատեղ լուծման հասնելու մոտեցման։

Անշուշտ, այս սկզբունքներն արդյունավետ միջնորդության միայն մակերեսային կողմն են, սակայն այն կենսական նախապայմաններն են, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենաբարդ վեճերի կարգավորման համար։

 

Հ. Հակամարտության կարգավորմամբ զբաղվող մասնագետներն ինչպե՞ս են վստահության մթնոլորտ ստեղծում միջնորդության գործընթացում և ի՞նչ մեխանիզմներով են կարողանում չեզոքություն պահպանել։ Ի լրումն, ինչպե՞ս են ապահովում խոցելի (կամ տանուլ տվող) կողմի իրավունքների ու արժանապատվության պահպանումը։

Պ. Թեպետ միջնորդության ցանկացած գործընթաց պահանջում է նորարարական մոտեցում և լայն մտահորիզոն, ժամանակը ցույց է տվել, որ որոշակի հիմնարար քայլերի հետևելը սկզբունքային է։

Ամենաառանցքայինը կապ հաստատելն ու վստահություն ձեռք բերելն է։ Բոլոր կողմերի հետ անկողմնակալ կապի հաստատումը հաջող միջնորդության անկյունաքարն է: Առաջին քայլն ուշադիր ունկնդրելն ու հիմնական կետերն ամփոփելն է՝ ցուցաբերելով անկեղծ ըմբռնում հույզերի և իրավիճակի վերաբերյալ՝ անկաշկանդ հարցերի, վերլուծության ու պատասխանների վերաձևակերպման միջոցով։

Վստահությունը ստեղծվում է հաղորդակցությունը թափանցիկ և ապահով միջավայրում իրականացնելու շնորհիվ։ Իմաստալից երկխոսության նախապայմաններն են՝ գաղտնիության դրույթների հստակ պարզաբանումը, հարգալից միջավայրում հաղորդակցման հիմնարար կանոնների պահպանումը և անկեղծ կարծիքներ արտահայտելու համար պատշաճ միջավայրի ստեղծումը, որտեղ քննադատությունն ու վրեժխնդրությունը տեղ չունեն։

Միջնորդների հանդեպ վստահությունը ձևավորվում է նրանց դերի, գործընթացի և շահերի հնարավոր բախման մասին անկեղծ խոսելով։

Այստեղ մեծ նշանակություն ունի անհատականությունը։ Նախագահ Ջիմի Քարթերի և սենատոր Ջորջ Միտչելի նման առաջնորդները հաջողության են հասել ոչ միայն գործընթացի վերլուծության գործում փորձառության, այլ նաև ազնվության և բանիմաց լինելու միջոցով, մասնավորապես սեփական անձի նկատմամբ վստահություն ներշնչելու կարողության շնորհիվ։ Երբ կողմերը վստահում են միջնորդի անձնային արժեքներին և կարողություններին, նրանք ավելի պատրաստակամ են դառնում ներգրավվելու բանակցային գործընթացում։

Նաև կարևոր է կողմնապահությունից զերծ մնալն ու չեզոքություն պահպանելը։ Փորձառու միջնորդները մշտապես աչալուրջ են անձնական, մշակութային կամ սոցիալական պատճառներից բխող կողմնապահությունների հարցում և թույլ չեն տալիս, որ դրանք ազդեն բուն գործընթացի վրա։ Այս արդյունքին հասնելու համար պետք է քննարկումները զերծ պահել անձնական հարձակումներից և մեղադրանքներից ու փոխարենն ընդգծել շահերն ու կարիքները՝ խթանելով անաչառ և արդյունավետ երկխոսություն։

Նույնքան կարևոր է ուժերի անհավասարությունը հավասարակշռելը։ Միջազգային միջնորդությունը շատ հաճախ ենթադրում է կողմերի միջև ուժերի զգալի անհավասարություն։ Հմուտ միջնորդները հատուկ ռազմավարություններ են կիրառում՝ պաշտպանելու խոցելի կողմերի արժանապատվությունն ու շահերը։ Սա ստեղծում է իրապես չեզոք միջավայր, որտեղ բոլոր կողմերը կարող են ներգրավվել բանակցային գործընթացում և, առանց նախապաշարմունքներին տրվելու, օգտվել արտահայտվելու հավասար հնարավորություններից, ինչպես նաև քննարկել խոցելի կողմի մտահոգությունները։

Երբեմն սա ենթադրում է կարողությունների զարգացում՝ խոցելի կողմերին սովորեցնելով բանակցային հմտություններ կամ հստակեցնելով նրանց իրավունքներն ու հնարավորությունները։ Վստահելի միջնորդները նաև միջամտում են՝ կանխելու հարկադիր միջոցների կիրառումը՝ երաշխավորելով, որ համաձայնության հասնելը հնարավոր է միայն գիտակից որոշումների, այլ ոչ վախի միջոցով։

Առաջնահերթությունը կարծրացած դիրքորոշումների փոխարեն հիմնարար շահերին տալով՝ միջնորդությունը խրախուսում է հանգել ստեղծագործ լուծումների, որոնք կբավարարեն բոլոր կողմերի հիմնարար կարիքները՝ միջազգային իրավունքի և հաստատված նորմերի շրջանակներում:

 

Հ. Ձեր կարծիքով հակամարտության կարգավորման ջանքերն ինչո՞ւ ձախողվեցին Լեռնային Ղարաբաղում։

Պ. Լեռնային Ղարաբաղում ավելի քան երեք տասնամյակ տևած միջնորդության գործընթացների ձախողումը չունի պարզ բացատրություն։ Երկու տարվա արդյունավետ հետազոտությունների արդյունքում ավարտել եմ 400-էջանոց մի վերլուծություն, որը 2026 թվականին կհրատարակվի անգլերեն, ապա՝ հայերեն։ Այս հետազոտության ընթացքում ես բացահայտել եմ ինը հիմնական գործոն, որոնք հանգեցրել են դիվանագիտական փլուզման։

Առաջինը՝ պատերազմն Ադրբեջանի համար բանակցային կարգավորումից ավելի շահեկան այլընտրանք էր։ Ռազմական գործողություններն, ի վերջո, տվեցին այն, ինչ դիվանագիտությունն անել չկարողացավ։ Հետո՝ երկու կողմերն էլ առավելապաշտական դիրքորոշումների թակարդում էին։ Կողմերից և ոչ մեկը բավարար ճկունություն չցուցաբերեց իմաստալից փոխզիջման հանգելու։

Մեկ այլ գործոն էր Արցախի անկմանը նախորդած վեց տարիների ընթացքում Հայաստանի անհետևողական մոտեցումը բանակցություններին։ Ավելին, առաջնորդներն ու միջնորդները երկու երկրների բնակչությանը չէին նախապատրաստել խաղաղության։ Առանց հասարակության աջակցության անգամ ամենահաջողված բանակցություններն առերեսվելու էին ներքին դիմադրության։ Այս ամենից բացի, բանակցային սեղանից Արցախին հեռացնելը ապացուցեց միջնորդության անարդյունավետ լինելու փաստը։ Ստացվում է, որ այդ համաձայնության կայացման գործում ձայնի իրավունք չունեին այն անձինք, որոնց վրա ցանկացած համաձայնություն ամենաշատն էր ազդելու։

Պետք է նշել նաև, որ միջնորդները բավականաչափ չանդրադարձան հակամարտության արմատական խնդրին՝ անվտանգությանը։ Տեխնիկական լուծումները չեն կարող վերացնել գոյաբանական վախերը։ Ավելին, հակամարտությունների կարգավորման դասական գործիքները բավականաչափ չօգտագործվեցին։ Միջնորդության արդյունավետ մեթոդները կա՛մ անտեսվեցին, կա՛մ կիրառվեցին ոչ արդյունավետ ձևով։

Ի լրումն, գործընթացում միջնորդների շահերի բախում կար։ Մրցակցող օրակարգերը խաթարեցին միասնական դիվանագիտական ջանքերը։ Ի վերջո, «ռեալ պոլիտիկը» գերակշռող դարձավ միջազգային իրավունքի ու սկզբունքների նկատմամբ։ Իրավական նորմերի հետևողական կիրառման փոխարեն գործեցին երկակի ստանդարտները, իսկ արդարադատության փոխարեն՝ քաղաքական հաշվարկները։ Մի գործոնը հանգեցրեց մյուսին՝ կաթվածահար անելով ողջ համակարգը և վերջնականապես բացառելով խաղաղ կարգավորման հնարավորությունը։

 

Հ. Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս միջնորդության ջանքերի վերաբերյալ։ Ձեր կարծիքով նրանք կառուցողակա՞ն ճանապարհով են գնում։

Պ. Անվիճարկելի է բանակցությունների անհրաժեշտությունը. դրա այլընտրանքը պատերազմն է, որից պետք է խուսափել։ Ուստի, Հայաստանը պետք է համագործակցի Ադրբեջանի հետ, սակայն առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններով։

Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար փոխել է խաղաղության բանակցությունների պայմանները՝ ամեն անգամ ներկայացնելով նոր նախապայմաններ, երբ Հայաստանն ընդունել է նախորդ պահանջները։ Այս գործելաոճը հարցեր է առաջացնում տևական խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում Ադրբեջանի հանձնառության վերաբերյալ։

Օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրեցին ու նախաձեռնեցին մի քանի համաձայնագրեր։ Օգոստոսի 16-ին հրապարակված հոդվածում ես գրեցի, որ այդ համաձայնությունները կարող են վերջ դնել Ալիևի կողմից նոր նախապայմաններ առաջադրելուն և կանխել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերահաս սպառնալիքները:

Այդուհանդերձ, տևական խաղաղությունը կշարունակի անհասանելի մնալ, քանի դեռ ԱՄՆ-ն, որպես միջնորդ, դիվանագիտության միջոցով չի կարգավորել առկա խոշոր բացերը։ Երեք բացթողում կարող է ազդել համաձայնագրի երկարաժամկետ կայունության վրա:

Նախ՝ անորոշ են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում Սյունիքի մարզով անցնող 43.5 կմ ճանապարհի կառուցման համար հողը 99 տարով ԱՄՆ-ին վարձակալության տրամադրելու պայմանների մանրամասները, ինչպես նաև այն «օգուտները», որոնք Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով։

Երկրորդ՝ անտեսվում է Բաքվում գտնվող 23 հայ գերիների ճակատագիրը, որոնք չեն ստանում պատշաճ պաշտպանություն և պահվում են անկախ դիտորդների բացակայության պայմաններում։

Երրորդ՝ չեն քննարկվում 2023 թվականին ադրբեջանական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից վտարված բնիկ հայերի միջազգային իրավունքները, այդ թվում՝ նրանց վերադարձի հնարավորությունը և պատմական ժառանգության պաշտպանությունը։

Եթե ամփոփենք, ապա հաջողության հասնելու համար անհրաժեշտ է իրական դիվանագիտություն՝ ուղղված երեք հիմնական հարցի լուծմանը։ Դրանք են՝ TRIPP-ի շրջանակներում Հայաստանի ինքնիշխանությունն ու փոխադարձ շահերը երաշխավորող կետերի մանրամասն արձանագրումը, հայ գերիների անհապաղ ազատ արձակումը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։ Առանց այս հիմնական հարցերի լուծման՝ Հարավային Կովկասում տևական կայունություն հաստատելու Վաշինգտոնի փորձերը երկարաժամկետ արդյունքի չեն հանգեցնի։

 

Հ. Ներկայիս Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, ըստ Ձեզ, ո՞րն է ռազմագերիների վերադարձն ապահովող ամենաիրատեսական ճանապարհը։

Պ. Բաքվում բանտարկված 23 հայերը ռազմագերիներ չեն, պատանդներ են։ Միջազգային իրավունքը ռազմագերու կարգավիճակ է տալիս գերի ընկած զինվորականներին, մինչդեռ այս անձանց մեծ մասը կալանավորվել է պարզապես հայ լինելու համար։ Նրանց շարքում են նաև Արցախի ութ նախկին ղեկավարները։ Ռազմական դատարաններում խախտվում են միջազգային նորմերով սահմանված նրանց իրավունքները, և այդ ամենը ոչ ավելին է, քան պարզապես «դատական թատրոն»։

Կան մեծածավալ փաստաթղթեր, որոնք մանրամասն արձանագրում են Ադրբեջանի կողմից կալանքի և արդար դատավարության չափանիշների վերաբերյալ միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումներ։ Մարդու իրավունքների կազմակերպությունները մանրամասնել են այս խախտումներն իրենց զեկույցներում և հայտարարություններում, սակայն համապատասխան արձագանք չի եղել։

Պաշտոնական արձագանքն անբավարար է. կառավարությունը հազվադեպ է խոսում այս պատանդների մասին: Հայ հասարակության կողմից տևական բողոքի ակցիաներ չեն եղել, ինչն Ադրբեջանին խրախուսում է անարգել շարունակել իր կեղծ դատավարությունները։

Արևմտյան պետությունները մարդու իրավունքների նկատմամբ հանձնառության շրջանակներում կարող էին շատ ավելին անել՝ ցույց տալու, որ Ադրբեջանի գործողությունները գտնվում են մշտադիտարկման ներքո։

Հասարակ գործողությունը, ինչպես օրինակ դեսպանատան դիտորդներին դատական նիստերին ուղարկելը, կարող էր օգնել զսպել միջազգային իրավունքով երաշխավորված արդար դատավարության իրավունքի ակնհայտ խախտումները: Նման վերահսկողությունն ավելի կարևոր դարձավ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վտարվեց Ադրբեջանից։

Դաժան իրականությունն այն է, որ առանց Հայաստանի, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության շարունակական ճնշման, այս հայ պատանդների իրավունքները կշարունակեն անպաշտպան մնալ՝ ենթարկվելով Ադրբեջանի հայեցողությանը։

 

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։