Կուռ թիկունք

Հանրային ծառայողներ, որոնք նպաստել են ժամանակակից հայ-ֆրանսիական հարաբերությունների ձևավորմանը


Հայերն առաջին անգամ ժամանել են Մարսել դեռևս միջնադարում ու ամուր հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի հետ: Դարեր անց՝ Հայոց ցեղասպանությունից հետո, հազարավոր վերապրածներ ապաստան են գտել այստեղ՝ մի երկրում, որի ազգային արժեքները՝ «ազատություն, հավասարություն, եղբայրություն», համապատասխանում էին իրենց արժանապատվության, ազատության և վերականգնման ձգտումներին:

Այսօր աշխարհի ամենամեծ, ամենաազդեցիկ և ակտիվ սփյուռքահայ համայնքներից մեկը գտնվում է Ֆրանսիայում։ Մասնավորապես Լիոնը, Մարսելը, Փարիզը, Վալանսը և Վիենը դարձել են հայկական համայնքի կենսունակ կենտրոններ։ Զգալի թվով հայ բնակչություն ապրում է նաև Ալֆորվիլի և Իսի-լե-Մուլինոյի արվարձաններում։

Ֆրանսիան լի է հայկական եկեղեցիներով, համայնքային կենտրոններով ու դպրոցներով, որոնցից յուրաքանչյուրը կարևոր դեր ունի հայկական ժառանգության պահպանման գործում։ Այս կենտրոնները հիմք են ծառայում, որպեսզի Ֆրանսիայում ծնված հայերի երկրորդ և երրորդ սերունդներն իրենց արժանի տեղը գտնեն Ֆրանսիայի հասարակական ու քաղաքական կյանքում։

Ֆրանսիան իր հերթին մշտապես եղել է հայ համայնքի աջակիցը: 2001 թ.-ին Ֆրանսիան առաջին խոշոր եվրոպական երկիրն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ֆրանսիայի առաջնորդները՝ Ֆրանսուա Միտերանից մինչև Էմանուել Մակրոն, ճանաչել են Ֆրանսիայի բարոյական և պատմական պատասխանատվությունը հայերի նկատմամբ։ Նախագահ Մակրոնը 2019 թ.-ին ևս մեկ անգամ հաստատեց հանձնառությունը՝ ապրիլի 24-ը հռչակելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

Նկար
Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նո­ւել Մակ­րո­նը ե­լույթ է ու­նե­նում Ֆրան­սիա­յի հայ­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հա­մա­կար­գող խորհր­դի (CCAF) ա­մե­նամ­յա ընթ­րի­քի ժա­մա­նակ, փետր­վա­րի 5, 2019 թ., Փա­րիզ։

Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նո­ւել Մակ­րո­նը ե­լույթ է ու­նե­նում Ֆրան­սիա­յի հայ­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հա­մա­կար­գող խորհր­դի (CCAF) ա­մե­նամ­յա ընթ­րի­քի ժա­մա­նակ, փետր­վա­րի 5, 2019 թ., Փա­րիզ։
Caption
Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նո­ւել Մակ­րո­նը ե­լույթ է ու­նե­նում Ֆրան­սիա­յի հայ­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հա­մա­կար­գող խորհր­դի (CCAF) ա­մե­նամ­յա ընթ­րի­քի ժա­մա­նակ, փետր­վա­րի 5, 2019 թ., Փա­րիզ։

Ակտիվիզմի ժամանակակից արմատները

Ֆրանսահայ ամենանշանավոր ակտիվիստներից մեկը Միսաք Մանուշեանն էր: Չնայած Մանուշեանը հանրային ծառայող չէր, սակայն իր հայրենակիցներին անգնահատելի ծառայություն մատուցեց՝ 1940-1944 թթ.-ին պայքարելով Ֆրանսիայի նացիստական օկուպացիայի դեմ։

Մանուշեանը ծնվել է 1906 թ.-ին Օսմանյան կայսրության Ադյաման քաղաքում։ Հայոց ցեղասպանության ժամանակ որբանալով՝ նա մեծացել է Լիբանանում և 1925 թ.-ին գաղթել Ֆրանսիա, որտեղ, բանաստեղծ լինելուց բացի, դարձել է հեղափոխական։

Նա եղել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, իսկ ավելի ուշ միացել է «Ֆրանսիացի ազատ հրաձիգներ և պարտիզաններ» շարժման «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորմանը։ Որպես շարժման փարիզյան խմբի առաջնորդ՝ նա կարևոր դեր է խաղացել նացիստ օկուպանտների դեմ գործողությունների և զինված դիմադրության կազմակերպման գործում, ինչպես նաև զբաղվել է քաղաքական և գրական ամսագրերի խմբագրման և խտրականության ենթարկվածների իրավունքների պաշտպանության գործերով:

Մանուշեանի խումբը հայտնի էր իր ուշագրավ բազմազանությամբ՝ Ֆրանսիայի ազատագրման համար համախմբված հունգարացի, ռումինացի և լեհ հրեաներ, ֆաշիզմի դեմ պայքարող իսպանացիներ ու իտալացիներ և, իհարկե, հայեր։

Գեստապոյի կողմից ձերբակալվելուց մեկ տարի անց Մանուշեանն իր հեղափոխական ընկերների հետ խոշտանգումների է ենթարկվում, ապա տեղափոխվում նացիստական Գերմանիայի ռազմական ոստիկանության գաղտնի ստորաբաժանում: Ի վերջո, 1944 թ.-ին նրանց մահապատժի են ենթարկում Մոն-Վալերյեն ամրոցում:

Նացիստական ռեժիմը փորձեց նրանց վարկաբեկել Affiche Rouge (Կարմիր պաստառ) քարոզչական արշավի քողի ներքո՝ նրանց անվանելով օտարազգի ահաբեկիչներ: Այդ քարոզարշավը, սակայն, նրանց դարձրեց համերաշխության անսասան խորհրդանիշներ։

Տասնամյակներ անց Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց և մեծարեց Մանուշեանի հերոսությունը։ 2024 թ.-ին նա և իր կինը՝ Մելինէ Մանուշեանը, ով նույնպես հասարակական ակտիվիստ էր, արժանացան Փարիզի Պանթեոնում հանգչելու պատվին՝ ներառվելով երկրի այն ամենապատվավոր գործիչների շարքում, որոնք բացառիկ քաջությամբ և հավատով են ծառայել Ֆրանսիայի Հանրապետությանը։

 

Միասնական ձայն

1993 թ.-ին Հայաստանի Հանրապետության նոր հայեցակարգով վերաձևակերպվեցին հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ֆրանսիայում հայկական քաղաքական կուսակցությունները միավորելու համար ստեղծվեց հայկական քաղաքական խմբավորումների և համայնքային կազմակերպությունների դաշինք, որը հայտնի էր որպես «Հայ քաղաքական կազմակերպությունների համակարգում»:

1994 թ.-ին ստեղծվեց «Ապրիլի 24-ի կոմիտե»-ն, որը միավորեց Ֆրանսիայի հայկական խոշոր կազմակերպությունները, այդ թվում՝ քաղաքական կուսակցություններն ու եկեղեցիները՝ պայքարելու Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Քարոզչությունից բացի՝ կոմիտեն կարևոր դեր խաղաց Փարիզի 8-րդ թաղամասում գտնվող Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի բացման գործում:

2001 թ.-ին «Կոմիտեն» վերանվանվեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ (CCAF): ՀԲԸՄ-ն մեծ դեր է ունեցել դրա կայացման գործում: CCAF-ի առաջին նախագահը ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ Ալէքսիս Կէօվճեանն էր (Ալեքսիս Գովչյան), ով նաև ՀԲԸՄ Եվրոպայի նախագահն էր:

Ներկայում ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի համանախագահ Նատիա Գործունեանը (Նադյա Գործունյան) CCAF-ում զբաղեցնում է երկու՝ գանձապահի և գլխավոր քարտուղարի պաշտոնները։ 2012 թ.-ից CCAF-ի համանախագահներն են համայնքի ակտիվ անդամ Մուրատ (Մուրադ) Փափազեանը և լրագրող ու Nouvelles d’Arménie ամսագրի խմբագիր Արա Թօրանեանը (Արա Թորանյան):

Ամեն տարի CCAF-ը կազմակերպում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որին մասնակցում են համայնքի անդամներ, հայտնի դեմքեր, պաշտոնատար անձինք և քաղաքական առաջնորդներ: Նշանավոր հյուրերի թվում եղել են Ֆրանսիայի նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Էմանուել Մակրոնը, Շառլ Ազնավուրը, վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ հասարակական գործիչներ։

CCAF-ի առաքելությունն է ներկայացնել և համակարգել ֆրանսահայ կազմակերպությունների և հաստատությունների գործունեությունը, պաշտպանել հայկական շահերը Ֆրանսիայում և միավորել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները։

Վերջին տարիներին CCAF-ը ավելի ակտիվ դիրքորոշումներ է որդեգրել: Օրինակ՝ 2023 թ.-ին համանախագահներ Թօրանեանը և Փափազեանը հանդիպել են նախագահ Մակրոնի հետ՝ քննարկելու Արցախի ճգնաժամը: Իսկ 2025 թ.-ին CCAF-ը միջնորդություն է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով պաշտոնական հետաքննություն սկսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ:

 

 

Դեպի իշխանություն

Ֆրանսահայ հանրային ծառայողներ

Ֆրանսիայի հայ համայնքը շարունակաբար ակտիվ ներգրավվածություն է ունեցել երկրի քաղաքացիական հասարակությանը, որի արդյունքում բազմաթիվ ֆրանսահայեր ղեկավար պաշտոններ են ստանձնել տեղական և ազգային կառավարման մարմիններում: Մշակելով քաղաքականություններ և հանդես գալով ֆրանսիացիների անունից՝ նրանք միշտ հավատարիմ են մնացել իրենց արմատներին ու մշակութային ժառանգությանը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի ակնառու գործիչների։

Էտուար Պալատուր (Էդուար Բալադյուր)

Ֆրանսիայի վարչապետ (1993-1995)

Նկար
Է­տո­ւար Պալատուր

Է­տո­ւար Պալատուր
Caption
Ֆրան­սիա­յի վար­չա­պետ (1993-95) Է­տուար Պալատուրը մեծ ներդ­րում է ու­նե­ցել տնտե­սա­կան բա­րե­փո­խում­նե­րի և­ եվ­րո­պա­կան ին­տեգ­րա­ցիա­յի քա­ղա­քա­կա­նութ­յուն­նե­րի ձևա­վոր­ման մեջ։

Պալատուրը ծնվել է 1929 թվականին Զմյուռնիայում։ Հանրային ծառայության կարիերան սկսում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Sciences Po) և Ազգային կառավարման դպրոցում (ENA) ուսանելով, որն ավարտում է 1957 թվականին: 1962 թվականին սկսում է աշխատել Ռադիո և հեռուստատեսային հեռարձակման գրասենյակում (ORTF)։ Ապա, գրասենյակի տնօրենի երաշխավորությամբ, միանում է վարչապետ Ժորժ Պոմպիդուի աշխատակազմին և այնտեղ ծառայում 1960-70-ականներին:

1984-88 թթ.-ին Պալատուրը զբաղեցնում է Ժակ Շիրակի պետական խորհրդականի պաշտոնը։ Վերջինս այդ ժամանակ «Հանրապետության սատարման միավորում» նեոգոլիստ կուսակցության ղեկավարն էր։

1986 թ.-ին Պալատուրը Ազգային ժողովում ընտրվում է Փարիզի պատգամավոր, սակայն հրաժարվում է մանդատից, որպեսզի միանա Շիրակի վարչակազմին՝ որպես էկոնոմիկայի, ֆինանսների և մասնավորեցման նախարար։

Այս պաշտոնում նա նախաձեռնում է մասնավորեցման մի շարք ծրագրեր՝ ի նպաստ գների, կապիտալի և աշխատանքային կարգավորումների ազատականացման, ինչպես նաև միասնական եվրոպական արժույթի ընդունման։

Պալատուրը ճանաչվել է առաջատար նեոգոլիստ և չափավոր դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ, ով կարևոր դեր է ունեցել «համակեցության» հայեցակարգի ձևավորման գործում։ Այն սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտերանի և Ժակ Շիրակի գլխավորած պահպանողական կառավարության միջև իշխանության բաժանման համաձայնագիր էր։

1988 թվականին՝ Շիրակի հրաժարականից հետո, Պալատուրը վերընտրվեց Ազգային ժողովում։ 1993 թ.-ի ընտրություններից հետո նախագահ Միտերանը Պալատուրին նշանակեց վարչապետ: Նա վայելում էր զգալի ժողովրդականություն և 1998, ապա  2001 թթ.-ին առաջադրվեց Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի և Փարիզի քաղաքապետի պաշտոններում, սակայն չընտրվեց։

Քաղաքական կարիերայից բացի, Պալատուրը հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ 2009 թ.-ին հրատարակված «Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև Արևմտյան Միության շուրջ» (Pour une union occidentale entre l’Europe et les Etats-Unis) աշխատությունը։ Նրան շնորհվել են բազմաթիվ պարգևներ, ինչպիսիք են՝ «Պատվո լեգեոնի» շքանշանը և «Արժանիքների» ազգային շքանշանը։

 

Շառլ Ազնավուր† (1924-2018)

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան

Նկար
Ֆրան­սիա­կան շան­սո­նի լե­գենդ Շառլ Ազ­նա­վու­րը հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չու­մը օգ­տա­գոր­ծել է որ­պես հար­թակ՝ բարձ­րա­ձայ­նե­լու Հա­յաս­տա­նի, ­ինչպես նաև մար­դա­սի­րա­կան խնդիր­նե­րի մասին։

Ֆրան­սիա­կան շան­սո­նի լե­գենդ Շառլ Ազ­նա­վու­րը հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չու­մը օգ­տա­գոր­ծել է որ­պես հար­թակ՝ բարձ­րա­ձայ­նե­լու Հա­յաս­տա­նի, ­ինչպես նաև մար­դա­սի­րա­կան խնդիր­նե­րի մասին։
Caption
Ֆրան­սիա­կան շան­սո­նի լե­գենդ Շառլ Ազ­նա­վու­րը հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չու­մը օգ­տա­գոր­ծել է որ­պես հար­թակ՝ բարձ­րա­ձայ­նե­լու Հա­յաս­տա­նի, ­ինչպես նաև մար­դա­սի­րա­կան խնդիր­նե­րի մասին։

Համաշխարհային շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի սիրելի զավակն էր։ Սակայն տաղանդն ու հաջողությունը՝ աշխարհի ու իր հայ ժողովրդի հարստությունն էր։ Հանրային մեծ ազդեցություն ունենալով՝ արվեստի ոլորտից զատ, Ազնավուրն իր հետքն է թողել նաև այլ ոլորտներում։

Իր կյանքի ընթացքում նա անմնացորդ նվիրումով զբաղվել է մարդասիրական աշխատանքով՝ աջակցելով Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը։ Նա իր հարթակն օգտագործել է կրթելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար արշավ իրականացնելու համար՝ հաճախ հիշատակելով այն հարցազրույցներում և ելույթներում։

Ils sont tombés-ի և մի շարք այլ երգերի միջոցով նա հզոր ուղերձ էր փոխանցում ու հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ազնավուրը մասնակցել է բազմաթիվ բարեգործական համերգների՝ աջակցելով ոչ միայն Հայաստանին, այլև համաշխարհային այնպիսի նախաձեռնությունների, որոնք ուղղված են առողջապահության հասանելիությանը, աղետներից տուժածների օգնությանը և անապահով երիտասարդների կրթությանը։

1988 թվականին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, Ազնավուրն իր վաղեմի ընկեր Լեւոն Սայեանի (Լևոն Սայան) հետ հիմնադրեց Aznavour pour l’Arménie բարեգործական հիմնադրամը, որը տուժածներին տրամադրում էր աջակցություն, բնակարան և բուժօգնություն։ 1990-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա ֆինանսավորեց հիվանդանոցների վերականգնման աշխատանքներն ու բժշկական պարագաների, սննդի և հագուստի առաքումը Հայաստան։ Նա նաև որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ համատեղ հիմնադրեց  «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթությունն ու մշակութային նախագծերը հասանելի դարձնելու նպատակով։

2009 թ.-ին նա նշանակվեց Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևում ՄԱԿ-ի մշտական պատվիրակ: Այնտեղ, օգտագործելով դիվանագիտական մարտավարություններ, նա բարձրացրեց հայկական հարցի վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստեց համաշխարհային մարդասիրական համագործակցության ընդլայնմանը։

Փաթրիք Տէվէճեան (Պատրիկ Դևեջյան)† (1944-2020)

Քաղաքական գործիչ և ակտիվիստ

Նկար
Ի­րա­վա­բան, քա­ղա­քա­պետ և ­պատ­գա­մա­վոր Փաթրիք Տէվէճեանը, ով մեծ ազ­դե­ցութ­յուն է ու­նե­ցել, որպեսզի Ֆրան­սիան ճա­նա­չի Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը։

Ի­րա­վա­բան, քա­ղա­քա­պետ և ­պատ­գա­մա­վոր Փաթրիք Տէվէճեանը, ով մեծ ազ­դե­ցութ­յուն է ու­նե­ցել, որպեսզի Ֆրան­սիան ճա­նա­չի Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը։
Caption
Ի­րա­վա­բան, քա­ղա­քա­պետ և ­պատ­գա­մա­վոր Փաթրիք Տէվէճեանը, ով մեծ ազ­դե­ցութ­յուն է ու­նե­ցել, որպեսզի Ֆրան­սիան ճա­նա­չի Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը։

Բնատուր ակտիվիստ Փաթրիք Տէվէճեանը նվիրյալ հանրային ծառայող էր: Ծնվել է Ֆրանսիայի Ֆոնտենբլո համայնքում: Մասնագիտությամբ իրավաբան է եղել, պահպանողական արժեքների տեր անձ, ով անդամակցել է «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությանը (UMP), իսկ ավելի ուշ՝ «Հանրապետության սատարման միավորում» կուսակցությանը (RPR):

Տէվէճեանի վերելքը գագաթնակետին հասավ, երբ ընտրվեց Անտոնիի քաղաքապետ՝ ավելի քան երկու տասնամյակ հանդիսանալով Օ-դը-Սենի ներկայացուցիչը Ազգային ժողովում։ Մասնավորապես 2007-2020 թթ.-ին եղել է Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի նախագահը: Երբ 2008-2010 թթ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը վատթարացավ, նրան վստահեցին Վերականգնման ծրագրի իրականացման նախարարի պաշտոնը: Որպես Նիկոլա Սարկոզիի վաղեմի դաշնակից՝ նրա փորձառությունը նպաստել է ինչպես տեղական, այնպես էլ արտաքին քաղաքականության ձևավորմանը:

Իր բազմամյա և հակասական կարիերայի ընթացքում Տէվէճեանը միշտ եղել է Հայկական հարցի պաշտպանը։ Նա կարևոր դեր է խաղացել Ֆրանսիայի 2001 թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման գործում: Ցեղասպանության հիշատակի արարողություններին կանոնավոր մասնակցությունից բացի, նա հաճախ էր խոսում պատմական հիշողության, արդարադատության և պատմական պատասխանատվության կարևորության մասին։

Տէվէճեանը նշանակալի դեր է ունեցել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամների, ինչպես նաև Մոնթէ Մելքոնեանի պաշտպանության գործում: Վերջինս ձերբակալվեց Փարիզում 1982 թ.-ին կեղծ ճանապարհորդական փաստաթղթերի և զինյալ գործողություններին մասնակից լինելու մեղադրանքով։

Տէվէճեանի ջանքերի շնորհիվ Մոնթեն խուսափեց Ֆրանսիայում բանտարկությունից և փոխարենը արտաքսվեց և հերոսական մասնակցություն ունեցավ Արցախյան առաջին պատերազմում՝ դառնալով Հայաստանի ազգային հերոս։

1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո Տէվէճեանն օգնեց Հայաստանի համար մոբիլիզացնել մարդասիրական օգնություն։ Արցախյան պատերազմների ժամանակ նա հայերի ինքնորոշման իրավունքի եռանդուն ջատագովն էր, ով ճնշում էր գործադրում Ֆրանսիայի կառավարության վրա՝ ավելի ուժեղ դիվանագիտական դիրքորոշում դրսևորելու համար։ Ի լրումն, Տէվէճեանը մշտապես մասնակցում էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված միջոցառումներին։

Աստրիդ Փանոսյան-Բուվե

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ

Նկար
Աստ­րիդ Փա­նոս­յան-Բու­վեն պատ­գա­մա­վոր է և Է. ­Մակ­րո­նի En Marche! նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­հիմ­նա­դի­րը, ով հայտ­նի է սո­ցիա­լա­կան նե­րառ­ման նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րով և ­Հա­յաս­տա­նի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յամբ։

Աստ­րիդ Փա­նոս­յան-Բու­վեն պատ­գա­մա­վոր է և Է. ­Մակ­րո­նի En Marche! նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­հիմ­նա­դի­րը, ով հայտ­նի է սո­ցիա­լա­կան նե­րառ­ման նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րով և ­Հա­յաս­տա­նի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յամբ։
Caption
Աստ­րիդ Փա­նոս­յան-Բու­վեն պատ­գա­մա­վոր է և Է. ­Մակ­րո­նի En Marche! նա­խա­ձեռ­նութ­յան հա­մա­հիմ­նա­դի­րը, ով հայտ­նի է սո­ցիա­լա­կան նե­րառ­ման նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րով և ­Հա­յաս­տա­նի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յամբ։

Ֆրանսիայի ազդեցիկ հասարակական գործիչ Փանոսյան-Բուվեի հայրը հայ է, իսկ մայրը՝ նորվեգացի։ Նա Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ է ընտրվել  2022 թ.-ին՝ ներկայացնելով Փարիզի 4-րդ շրջանը: Նա նաև նախագահ Էմանուել Մակրոնի En Marche! կենտրոնամետ քաղաքական շարժման համահիմնադիրն է:

Ունենալով Փարիզի առևտրային ուսումնասիրությունների բարձրագույն դպրոցի (HEC Paris), Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) և Հարվարդի համալսարանի գիտական աստիճաններ՝ նա սկսել է իր կարիերան մասնավոր հատվածում՝ AT Kearney-ում, որը միջազգային բիզնես և կազմակերպչական խորհրդատվական ընկերություն է։ Այնուհետև նա գործադիր պաշտոններ է ստանձնել ֆրանսիական խոշոր AXA և Groupama ընկերություններում։

Գործարարության ոլորտում փորձը նրան հնարավորություն է տալիս 2014-15 թթ.-ին  Էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարարությունում ծառայելու որպես նախագահ Մակրոնի խորհրդական։ 2015 թվականին նա միանում է Unibail-Rodamco-Westfield-ին՝ որպես կենտրոնական գործառույթների կառավարիչ-տնօրեն՝ վերահսկելու մարդկային ռեսուրսների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Մինչև 2021 թ.-ը նա եղել է Air France-ի, KLM-ի և Fabernovel-ի խորհուրդների անդամ։

Որպես հանրային ծառայող՝ Փանոսյան-Բուվեն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ներառման, մատչելի բնակարանաշինության և կայուն զարգացման հարցերին: Փանոսյան-Բուվեն ԱՄՆ Կապիտոլիումում կայացած հավաքի ժամանակ կոչ արեց ԱՄՆ-ին աջակցել Հայաստանին՝ ընդգծելով իր նվիրվածությունը Հայաստանի և Արցախի համար արդարադատության վերականգնմանը: ԱՄՆ 20 դեմոկրատ և հանրապետական օրենսդիրների առջև նա ասաց. «Ֆրանսիան որոշել է Հայաստանին մենակ չթողնել…. իմ հարցը Փարիզում բնակվող ամերիկացի դիվանագետներին և ամերիկացի օրենսդիր գործընկերներին հետևյալն է. ինչո՞ւ Ամերիկան չի կարող նույնն անել»:

Ժանն Բարսեղեան (Ժաննա Բարսեղյան)

Ստրասբուրգի քաղաքապետ

Նկար
Ստրաս­բուր­գի ա­ռա­ջին «կա­նաչ» քա­ղա­քա­պետ Ժանն Բարսեղեանը բնապահպան է, ով միա­ժա­մա­նակ չի մոռանում իր հայկական արմատները։

Ստրաս­բուր­գի ա­ռա­ջին «կա­նաչ» քա­ղա­քա­պետ Ժանն Բարսեղեանը բնապահպան է, ով միա­ժա­մա­նակ չի մոռանում իր հայկական արմատները։
Caption
Ստրաս­բուր­գի ա­ռա­ջին «կա­նաչ» քա­ղա­քա­պետ Ժանն Բարսեղեանը բնապահպան է, ով միա­ժա­մա­նակ չի մոռանում իր հայկական արմատները։

Ֆրանսիայի Սյուրեն քաղաքում ծնված Ժանն Բարսեղեանը ներկայում Ստրասբուրգի քաղաքապետն է: Որպես քաղաքի պատմության մեջ առաջին քաղաքապետ, ով ներկայացնում է «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը՝ նա նշանակալի դեր է ունեցել Ստրասբուրգի քաղաքային և բնապահպանության քաղաքականության ձևավորման գործում՝ վերահաստատելով իր երկարատև նվիրվածությունը էկոլոգիական կառավարմանը և քաղաքացիական ներգրավվածությանը:

Փարիզի Նանտեր համալսարանում իրավաբանական գիտություններ ուսանելու տարիներին Բարսեղեանի ուշադրության կենտրոնում էր ֆրանկո-գերմանական իրավունքի ուսումնասիրությունը: Այդուհանդերձ, «Կանաչ» շարժման նկատմամբ հետաքրքրությունը նրան մղեց Ստրասբուրգի համալսարանում ստանալու բնապահպանական իրավունքի բակալավրի աստիճան: 2002 թ.-ին Ստրասբուրգ տեղափոխվելուց հետո «Էլզաս, Բնություն» կազմակերպության միջոցով նա ակտիվորեն զբաղվել է շրջակա միջավայրի պաշտպանությամբ: Նա նաև սկսել է խորհրդատվություն տրամադրել կառավարական հաստատություններին կայուն զարգացման վերաբերյալ և աջակցել է Հռենոսի երկայնքով էկոտուրիզմի նախաձեռնություններին:

Բարսեղեանը պաշտոնապես սկսել է զբաղվել քաղաքականությամբ 2013 թ.-ին՝ միանալով «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությանը, իսկ 2014 թ.-ին ընտրվել է Ստրասբուրգի քաղաքային խորհրդի և Եվրոմետրոպոլի խորհրդի անդամ: Նրա շնորհիվ 2020 թ.-ին «Կանաչներ» կուսակցությունը պատմական հաղթանակ տարավ, իսկ քաղաքապետ ընտրվելուց հետո նա քաղաքում էկոլոգիական արտակարգ դրություն հայտարարեց։

Հաջորդող տարիներին առաջնահերթություն տվեց քաղաքային կանաչապատմանը և հեծանվային ենթակառուցվածքների բարելավմանը, նախաձեռնեց դիզելային տրանսպորտային միջոցների փուլային դուրսբերումը և վարեց ֆեմինիստական ու սոցիալական քաղաքականություն:

Քաղաքապետ Բարսեղեանը երկու ականավոր հայ գործիչների՝ Հայոց ցեղասպանության նահատակ, ականավոր մտավորական Սարգիս Բարսեղեանի և գրող Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանի թոռնուհին է։ Վերջինս առաջին կանանցից մեկն էր, ով 1919 թ.-ին ընտրվեց Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։

2009 թ.-ին Բարսեղեանը հիմնադրեց «Սևակ» միության Ստրասբուրգի մասնաճյուղը՝ նպաստելու հայոց լեզվի, մշակույթի, գրականության և արվեստի խթանմանը։ Այն արժևորում է Պարույր Սևակի ժառանգությունը՝ կազմակերպելով գրական և մշակութային միջոցառումներ։

Անուշ Ծակոյեան-Թօրանեան (Անուշ Ձագոյան-Թորանյան)

Փարիզի փոխքաղաքապետ

Նկար
Ծակոյեան-Թօրանեանը Փա­րի­զի փոխ­քա­ղա­քա­պետն է և ­Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ակ­տիվ պաշտ­պա­նը հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում։

Ծակոյեան-Թօրանեանը Փա­րի­զի փոխ­քա­ղա­քա­պետն է և ­Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ակ­տիվ պաշտ­պա­նը հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում։
Caption
Ծակոյեան-Թօրանեանը Փա­րի­զի փոխ­քա­ղա­քա­պետն է և ­Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ակ­տիվ պաշտ­պա­նը հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում։

Ֆրանսիական և հայկական շրջանակներում ճանաչում ձեռք բերած երիտասարդ առաջնորդ, Փարիզում ծնված Անուշ Ծակոյեան-Թօրանեանը Պանթեոն-Ասաս համալսարանից ստացել է հանրային իրավունքի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան և Քաղաքական հետազոտությունների ինստիտուտից (Sciences Po)՝ հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։

Նա մասնագիտական կարիերան սկսել է՝ աշխատելով Ֆրանսիայի պետական մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարությունում։ Փարիզի 2020 թ.-ի քաղաքային ընտրությունների ժամանակ Ծակոյեան-Թօրանեանը քաղաքապետ Անն Իդալգոյի դաշինքի կազմում գլխավորել է «Փարիզը՝ համայնքում, էկոլոգիան՝ ի գործ» ցուցակը 15-րդ շրջանում։ Նրա հաջող քարոզարշավը նպաստեց, որ Իդալգոն վերընտրվի, և 2020 թ.-ի հուլիսին Ծակոյեան-Թօրանեանը պաշտոնապես նշանակվեց Փարիզի փոխքաղաքապետ։

Նա առաջին ֆրանսահայն է, ով ծառայում է այս պատվավոր պաշտոնում՝ պատասխանատվություն կրելով համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և հանրային քննարկումների համար։

Մինչև իր հանրային ծառայության ուղին սկսելը, Ծակոյեան-Թօրանեանը ակտիվորեն ներգրավված է եղել ՀԲԸՄ-ում: Նույնիսկ իր մասնագիտական պարտականությունների աճին զուգընթաց, նա հավատարիմ է մնացել իր հայկական արմատներին և շարունակել իր կամավորական աշխատանքը որպես ՀԲԸՄ համայնքի ղեկավար:

2018 թվականին նա նշանակվել է ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն: Այս պաշտոնում նա դիմակայել է հաջորդ յոթ տարիների ընթացքում առաջացած բազմաթիվ դժվարին մարտահրավերների:

2020 թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ, ՀԲԸՄ-ի հովանու ներքո, Ծակոյեան-Թօրանեանը գլխավորել է Հայաստան ժամանած հատուկ պատվիրակությունը, որը փաստահավաք և կրթական առաքելության շրջանակներում միավորեց Ֆրանսիայի խորհրդարանի անդամների, ավելի քան 15 երկրից ժամանած միջազգային լրագրողների և ֆրանսիացի հայտնի մշակութային գործիչների:

YERIA անունը կրող պատվիրակությունը երկու առաքելություն ուներ՝ տեղում գնահատելու Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը և իրենց եզրակացություններն ու պատկերացումները հաղորդելու իրենց հայրենակիցներին:

Ադրբեջանական ապատեղեկատվությունների դեմ պայքարելու գործում պատերազմի մասին ճշմարտությունը կառավարական դահլիճներում և լրատվամիջոցներում բարձրաձայնելը կարևոր էր: Ավելին, 2023 թ.-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի ինը ամիս տևած տնտեսական շրջափակման ժամանակ, Ծակոյեան-Թօրանեանը կազմակերպեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի արտակարգ այցը Հայաստան: Նրանք երկուսով ուղևորվեցին Լաչինի միջանցք, որը փակ էր մարդասիրական օգնության աշխատակիցների և միջազգային մամուլի համար՝ Արցախում առկա աղետալի տնտեսական և առողջապահական ճգնաժամը թաքցնելու համար: Իր ջանքերի շնորհիվ Ծակոյեան-Թօրանեանը ձեռք բերեց ճգնաժամային իրավիճակները արդյունավետ կառավարողի և ակտիվիստի համբավ:

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։