ԱՄՆ-ում հանրային ծառայության ոլորտում Ճէֆ (Ջեֆ) Մարութեանի անցած ուղին տեղական կառավարման և ազգային կառույցների միջև գործող կամուրջ է։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ուսանողն ԱՄՆ-ի մայրաքաղաք էր եկել կրթություն ստանալու նպատակով, սակայն, ի վերջո, քայլ առ քայլ բարձրանալով հանրային ծառայության աստիճաններով, իր արժանի տեղը գտավ թե՛ Օբամայի, թե՛ Բայդենի վարչակազմերում։
Մարութեանն իր առաջնորդական հմտությունները գործի է դրել մասնավորապես 2017-2021 թթ.-ին Վաշինգտոն նահանգի տրանսպորտի դեպարտամենտի տնօրենի պաշտոնում՝ փորձարկելով միկրոմոբիլության ծրագրեր, էլեկտրաֆիկացնելով քաղաքի ավտոբուսների մի մասը, արդիականացնելով ճանապարհները և վերահսկելով Ֆրեդերիկ Դուգլասին նվիրված կամրջի վերակառուցումը։
Քաղաքականության ու պետական կառավարման ոլորտում իրական առաջընթաց կարող ես ունենալ, եթե ունակ ես խնդիրներ լուծելու և օգնելու ուրիշներին լուծել իրենց խնդիրները:
Այդ ցուցանիշը նրան թույլ տվեց Բայդեն-Հարիս վարչակազմում զբաղեցնել կարևոր պաշտոններ՝ նախ որպես անցումային թիմի անդամ, ապա՝ նախագահի հատուկ օգնական, և, ի վերջո, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունում օգնական քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։
Այժմ, լինելով UL Standards and Engagement-ի նախագահ և գործադիր տնօրեն, Մարութեանը քաղաքականության ոլորտում իր փորձը բերում է համաշխարհային ասպարեզ՝ ղեկավարելով զարգացող տեխնոլոգիաների հիմքում ընկած անվտանգության և կայունության չափանիշների ձևավորման գործընթացը։
Մեր զրույցի ընթացքում Մարութեանն անդրադառնում է կառավարությունում աշխատելու ժամանակաշրջանից քաղած իր դասերին, հանրային համակարգերում ռիսկերի ստանձնման մարտահրավերներին և մասնավորապես այն հարցերին, թե ինչու է հավատում, որ հանրային ծառայությունը դրական փոփոխությունների է հանգեցնում։
Հ. Դուք հանրային ոլորտում բազմաթիվ պաշտոններ եք զբաղեցրել. ինչու՞ որոշեցիք ընտրել այս ուղին։
Պ. Ես միշտ առաջնորդվել եմ պատասխանատվության ու առաջնորդության խոր զգացումով՝ հավատալով, որ իմ հմտությունները պետք է օգտագործեմ մարդկանց կյանքը ձևավորող համակարգերը բարելավելու համար։ Սկզբում գիտեի, որ ուզում եմ իրական ու չափելի փոփոխության նպաստել, հատկապես այնտեղ, որտեղ կառավարման և սոցիալական համակարգերում տեսնում էի խոր անհավասարություն։ Եվ այդ նպատակը կարիերայիս ամեն քայլափոխին դարձավ իմ «բևեռային աստղը»։
Վաշինգտոնում, շատերի նման, կարիերաս սկսեցի Կապիտոլիումից՝ այնտեղ պրակտիկա անցնելով։ Բայց շուտով ինձ գրավեց տեղական ինքնակառավարման ոլորտը, որտեղ էլ, ի վերջո, անցկացրի կարիերայիս մեծ մասը։ Ինձ գրավեց ներկայում տեղական ինքնակառավարման ոլորտում առկա խնդիրները լուծելու և դրանց ազդեցությունը մարդկանց կյանքում անմիջապես տեսնելու հանգամանքը։ Այդ ժամանակվանից ի վեր ծավալածս գործունեության մեծ մասը զարգացել է տարբեր ոլորտներում ձեռք բերած ծանոթությունների արդյունքում։
Կարծում եմ, որ հանրային ծառայության բուն էությունը հանրության հետ սերտ համագործակցությունն ու նրանց կյանքը բարեփոխելու կարողությունն է։ Քաղաքականության ու պետական կառավարման ոլորտում իրական առաջընթաց կարող ես ունենալ, եթե ունակ ես խնդիրներ լուծելու և օգնելու ուրիշներին լուծել իրենց խնդիրները:
Հ. Հետաքրքիր է լսել, թե Սպիտակ տան աշխատակցի առօրյան ինչպես է անցնում։
Պ. Սպիտակ տանը կամ կառավարական ցանկացած այլ գործակալությունում բնորոշ օր գոյություն չունի։ Եվ հենց այդ հանգամանքն է օրդ դարձնում այդքան լարված, բայց, միևնույն ժամանակ, իմաստալից։ Օրերը սկսվում են վաղ առավոտյան ու ավարտվում ուշ երեկոյան։ Օրակարգը ձևավորվում է մեկը մյուսից հրատապ հարցերի արդյունքում՝ սկսած հուշագրերից ու ճեպազրույցներից մինչև անսպասելի ճգնաժամերին առնչվող որոշումների կայացում։ Ցանկացած պահի այս թվարկածներից մեկը գերիշխող դերում է հայտնվում, ուստի անընդհատ գտնվում ես երկարաժամկետ ռազմավարությունն իրականացնելու և վայրկյանական որոշումներ կայացնելու միջև։
Հ. Ձեր կարիերային նայելով՝ ինչո՞վ եք ամենաշատը հպարտանում։
Պ. Որտեղ էլ աշխատել եմ, ամենաշատը հպարտացել եմ հանրությանը ծառայող համակարգերի ստեղծման գործում ունեցածս ներդրմամբ։ Վաշինգտոնում պատասխանատու էի Ֆրեդերիկ Դուգլասի հիշատակին նվիրված կամրջի վերանորոգման և վերակառուցման համար։ Բայդենի վարչակազմի օրոք աշխատել եմ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունում՝ երկրում մաքուր էներգիային ուղղված մի շարք նշանակալի նախագծեր իրականացնելով, որոնք իսկապես բարեփոխել են մարդկանց կյանքը, օգնել են ստեղծել նոր աշխատատեղեր և այլ հնարավորություններ։
Հ. Թույլ տվեք նաև անդրադառնալ հանրային ծառայության մարտահրավերներին և ձախողումներին, որպեսզի ոլորտի պատկերն ամբողջական լինի։
Պ. Ես նկատել եմ, որ հանրային ծառայության ոլորտում ձախողումը միանգամից չի լինում։ Հաճախ աստիճանաբար ես գալիս այն գիտակցման, որ ծրագիրն ըստ պլանավորածի չի եզրափակվել։
Այնուամենայնիվ, մեր կառավարական համակարգերը, որպես կանոն, միշտ չէ, որ ներողամիտ են նրանց հանդեպ, ովքեր ռիսկի են գնում ու ձախողում են։ Ուստի, ես վաղուց հասկացել եմ, որ դրա «հակաթույնը» հենց սկզբից թափանցիկություն ապահովելն ու հնարավորինս շատ համագործակցելն է։ Արդյունքում, առաջնորդում եմ մյուսներին ներգրավելով և միաժամանակ ճկունություն եմ ցուցաբերում։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, դա որպես թուլություն չեմ ընկալում. հենց այդպես են ձևավորվում երկարաժամկետ ու արդյունավետ լուծումները։
Հ. Այսօր, երբ ամերիկյան քաղաքական դաշտում գերիշխում է պառակտող տոնայնությունը, իսկ պետական կառույցների նկատմամբ հանրային վստահությունն աստիճանաբար նվազում է, ինչպե՞ս կարելի է երիտասարդներին հավաստիացնել, որ հանրային ծառայությունը դեռևս արժանի և ոգեշնչող ոլորտ է։
Պ. Կարծում եմ՝ հանրային ծառայությունը պարզապես դաշնային կառավարությունում աշխատելը չէ։ Համայնքին ծառայելու բազմաթիվ հնարավորություններ կան, և հանրային ծառայության ոլորտում կարիերա սկսելու համար միշտ էլ լավ տարբերակներ կան մասնավորապես պաշտպանության, կրթության, առողջապահության, սոցիալական և զինվորական ծառայությունների միջոցով։ Օրինակ՝ քույրս հանրակրթական դպրոցի ուսուցչուհի է, և նրա աշխատանքն, իմ կարծիքով, հասարակության համար կենսական նշանակություն ունի։
Ամենալավ խորհուրդը, որ կարող եմ տալ, մենթորներ գտնելն է, դաշինքներ ձևավորելն ու որքան հնարավոր է շատ ու լավ մասնագետների այդ առաքելություններում ներգրավելը։ Համայնքային ներկայացուցչություն ունենալը կարևոր է, բայց բավարար չէ: Մեզ առաջնորդություն է հարկավոր, որը հիմնված կլինի համայնքային մտածողության վրա։ Իսկ հանրային ոլորտում աշխատելու ամենամեծ առավելություններից մեկը տեսնելն է, թե ինչպես է համայնքի կյանքը բարելավվում ու բարեփոխվում շնորհիվ այն ծրագրերի, որոնք իրականացնում ես։