Հանրային ծառայության տեսանելի դեմքից անդին մի քողարկված ու գաղտնի աշխարհ կա, որտեղ հաղթանակները չեն բարձրաձայնվում, անունները հաճախ դուրս են մնում պատմության էջերից, իսկ զոհաբերություններն ու հերոսությունները հայտնի են դառնում փոքրաթիվ մարդկանց։ Այս քողարկված ծառայությունը պահանջում է անբեկանելի քաջություն ու հայրենիքին անսահման նվիրվածություն, ինչպես նաև միանգամից մի քանի կյանքով ապրելու պատրաստակամություն։
Խորհրդային Միության հերոս, հայ հետախույզ Գևորգ Վարդանյանը նման անձնվիրության ամենավառ օրինակներից է։ Գևորգ Վարդանյանը դասվում է պատմության 100 մեծագույն հետախույզների շարքին և ՊԱԿ-ի (ԿԳԲ) միակ անդամն է, ում «Ոսկե աստղ» շքանշանը շնորհել են կենդանության օրոք և խաղաղության պայմաններում: Նրա կյանքի ու գործի անբաժան զուգընկեր Գոհար Վարդանյանն իր հերոսության, նվիրվածության ու քաջության համար արժանացել է «Կարմիր դրոշի շքանշան»-ին:
Հանրությանը Վարդանյանների հետախուզական գործունեությունից միայն մի դրվագ է հայտնի, որը բացահայտվել է 2000 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության կողմից։ Սակայն այդ մեկ սխրագործությունն էլ բավական է պատկերացնելու, թե տասնամյակներ շարունակ ինչ նվիրյալ աշխատանք են նրանք կատարել, որը գուցե և հավերժ դատապարտված է մնալու գաղտնիության քողի ներքո՝ հերոսությունների իրական ծավալը թողնելով մեր երևակայությանը։
Հանրային ծառայությանը նվիրված այս համարում Գևորգ Վարդանյանի կյանքին ու ավանդին անդրադառնալով՝ ևս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում մեծն հերոսին՝ հայրենիքի նկատմամբ դրսևորած անդավաճան սիրո ու նվիրվածության համար։
Հետախույզի ծնունդը
1924 թվականին ԽՍՀՄ-ի Դոնի Ռոստով քաղաքում ծնված Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեությունը սկսվել է վաղ տարիքից։ 1930 թվականին, երբ Վարդանյանն ընդամենը վեց տարեկան էր, նրա հայրը՝ խորհրդային գաղտնի գործակալ Անդրեյ Վարդանյանը, տեղափոխվում է Իրան և, հարուստ վաճառականի քողի ներքո, Խորհրդային Միության համար հատուկ առաջադրանքներ կատարում։
1930-ականներին Ռեզա շահ Փահլավիի Իրանը վերածվել էր Հիտլերի՝ տարածաշրջանի նավթի և տնտեսության վրա նացիստական ազդեցությունն ընդլայնելու նկրտումների կիզակետի։ Մյուս կողմից, համատարած աղքատության մեջ ապրող իրանցի ժողովրդի համար խորհրդային գաղափարախոսությունը փրկօղակ էր և իր շուրջն էր հավաքում քաղաքացիների լայն զանգվածի։ Հետևաբար, Իրանը վերածվել էր մի կողմից նացիստական, մյուս կողմից խորհրդային գաղափարախոսությունների հետևորդների հավաքագրման կենտրոնի։
Այս թեժ ու ռիսկային իրավիճակում ԿԳԲ-ի լեգենդար հայորդի Իվան Աղայանցին հանձնարարված էր բացահայտել Իրանում գերմանացի լրտեսների և գործակալների գաղտնի ցանցերը։ Հաջողելու համար նա դիմել էր բացարձակապես կասկած չհարուցող «հետախույզների»՝ դեռահասների օգնությանը։ Հենց այդ ժամանակ Վարդանյանի հայրը նրան ծանոթացնում է Աղայանցի հետ, որի ղեկավարությամբ էլ նա Թեհրանում սկսում է իր հետախուզական գործունեությունը։
Տասնվեցամյա Գևորգն (օպերատիվ ծածկանունը՝ Ամիր) ու իր ընկերները իրանական հասարակության աչքերում սովորական դեռահասներ էին, որոնք հեծանիվներով շրջում էին թաղամասերով, խաղեր խաղում ու պարզապես պատանեկություն վայելում։ Ոչ ոք չէր էլ կասկածում, որ այս նույն խումբը, իրանական փողոցներով աջ ու ձախ սեթևեթելով, բացահայտում ու խորհրդային իշխանություններին էր հանձնում նացիստ լրտեսների ու գործակալների:
Այս տարիներին Գևորգը հանդիպեց նաև իր կյանքի ու գործի անբաժան ուղեկցին՝ Գոհարին, որը խմբի անդամներից մեկի քույրն էր։ «Գոհարիկին ճանաչում եմ տասներեք տարեկան հասակից։ Շատ աշխույժ աղջիկ էր ու միանգամից գրավեց ուշադրությունս…. Երբ տասնվեց տարեկան դարձավ, ես նրան բերեցի իմ խումբ։ Այնպես որ, 1942 թվականից նա իմ խմբում է… մինչև հիմա», - իր հարցա-զրույցներից մեկում նշել է Վարդանյանը։
Ճակատագրական առաքելություն
Գևորգ Վարդանյանն ընդամենը 19 տարեկան էր, երբ ստացավ իր ամենակարևոր առաջադրանքներից մեկը։ 1943 թվականին, պարտության շունչը զգալով, Հիտլերը որոշել էր դիմել այլընտրանքային միջոցի։ Տեղեկանալով, որ «Մեծ եռյակը» հանդիպելու էր՝ Թեհրանում համաժողովի մասնակցելու նպատակով՝ նա նախաձեռնում է «Երկար ցատկ» գործողությունը, ըստ որի՝ Օտտո Սկորզենին պիտի գլխավորեր «Մեծ եռյակ»-ի ղեկավարների առևանգումը կամ սպանությունը։ Վերջինս ռեյխի ամենատխրահռչակ դիվերսանտն էր, ով գերությունից ազատել էր Մուսսոլինիին. Վարդանյանի խոսքերով՝ «հայտնի տեռորիստ, ով շատ սիրված էր Հիտլերի կողմից»։ Նրա ստորաբաժանումները պիտի ներթափանցեին Թեհրան, խառնվեին կյանքի եռուզեռին, դարանակալեին և ավարտին հասցնեին մի դավադրություն, որը կարող էր ամբողջովին փոխել պատմության ընթացքը։ Վարդանյանի ու իր թիմի օպերատիվ աշխատանքների արդյունքում օպերացիան խափանվեց, իսկ համաժողովն ընթացավ անխափան։
Չնայած նրանց հերոսությունը հայտնի դարձավ հանրությանը, սակայն Վարդանյանները երբեք չբացահայտեցին գործողության մանրամասները: Գևորգ Վարդանյանը փորձառու հետախույզին հատուկ զգուշավորությամբ մի անգամ նշեց. «Եթե որևէ մեկը տեսել է «Թեհրան 43» ֆիլմը, այնտեղ միակ ճիշտ բանն այն էր, որ կոյուղու միջոցով պետք է մտնեին դեսպանատուն, որտեղ նշվում էր Չերչիլի 69-ամյակը…. բայց դե կանխեցինք»՝ ակնարկելով, որ Ալեն Դելոնի մասնակցությամբ հանրահայտ ֆիլմի սյուժեի մեծ մասը հորինվածք էր։
Արտակարգ գործընկերություն
Գևորգ Վարդանյանը հաճախ էր սիրում ասել, որ իր «Ոսկե աստղ» շքանշանի հինգ աստղից երեքը Գոհարինն են։ Նրանց միությունը պաշտոնապես գրանցվեց 1946 թվականին, երբ ամուսնացան Թեհրանի հայկական եկեղեցում։ Մինչև լրջագույն հետախուզական կարիերային անցնելը, ամուսինները հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու թույլտվություն ստացան խորհրդային իշխանությունից։
1951 թվականին նրանք ավարտեցին Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը, որի արդյունքում Գևորգ Վարդանյանը տիրապետեց ութ լեզվի, դրանցից հինգին՝ մայրենի լեզվի պես վարժ։
Որպես անլեգալ հետախույզներ՝ նրանք աշխատեցին ավելի քան հարյուր երկրում՝ ծանոթանալով ու շփվելով երկրի առաջնորդների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սակայն երբեք չայցելեցին Մեծ Բրիտանիա։ Վարդանյանն իր հետախուզական կրթության համար պարտական էր Թեհրանում գործող Բրիտանական հետախուզական դպրոցին։ Այնտեղ ուսանելու տարիներին նա եզակի հմտություններ էր ձեռք բերել, սակայն նրանից մատնահետք էին վերցրել։ Նա վստահ էր, որ իր մուտքն այդ երկիր աննկատ չէր մնա՝ հաշվի առնելով բրիտանական հետախուզության մանրակրկիտ մոտեցումը։
Անձնական կյանքում Վարդանյանների նվիրվածությունն իր գինն ուներ։ Վտանգներով լի ուղին գիտակցելով՝ նրանք նախընտրեցին անզավակ մնալ։ Իսկ ևս երկու անգամ ստիպված եղան նորից ամուսնանալ և ամբողջովին նոր ինքնություն ձեռք բերել, քանի որ պատահաբար «նախորդ կյանքերից» ծանոթների էին հանդիպել։
Ապրող ավանդ
Բացահայտվելուց հետո Վարդանյանների հերոսությունն արժանացել է մեծ ուշադրության։ Ռուսերեն և անգլերեն լեզուներով մի շարք գրքեր են հրատարակվել, ինչպես՝ Խաչիկ Խութլուբյանի «Գործակալը, որը խաբեց Աբվերին» և Յուրի Լվովիչ Կուզնեցի «Թեհրան 43» գրքերը:
2007 թվականին Մոսկվայում Վարդանյանին այցի է եկել Չերչիլի թոռնուհին՝ Սելիա Սենդիսը՝ շնորհակալություն հայտնելու իր պապի կյանքը փրկելու համար։
Հետախուզության և ազգային անվըտանգության ոլորտում իր արտակարգ ներդրման համար նա 2009 թ.-ին Հայաստանի Հանրապետության կողմից արժանացել է Պատվո շքանշանի։ Գոհար Վարդանյանը ևս 2019 թվականին հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Ավելի վաղ՝ 2013 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիմնադրեց «Գևորգ Վարդանյան» մեդալը, որը շնորհվում է հետախուզության և անվտանգության ոլորտում բացառիկ ծառայություն մատուցած անձանց։
Հանրային ծառայությանը նվիրված այս համարում Գևորգ Վարդանյանի կյանքին ու ավանդին անդրադառնալով՝ ևս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում մեծն հերոսին՝ հայրենիքի նկատմամբ դրսևորած անդավաճան սիրո ու նվիրվածության համար։
Հերոսներին հարգանքի տուրք են մատուցել նաև հանրային մասշտաբով. 2012 թվականին Մոսկվայում կայացավ նրանց նվիրված հուշարձանի բացումը։ Երևանում Գևորգ Վարդանյանի անունն է կրում Արաբկիր շրջանի փողոցներից մեկը և թիվ 192 դպրոցը: Իսկ 2014 թվականին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում նրա պատվին տեղադրվեց հուշատախտակ:
Կնոջը, հայրենիքին և իր առաքելությանը 66 տարի անմնացորդ նվիրումից հետո Գևորգ Վարդանյանն իր մահկանացուն կնքեց 2012 թվականի ձմռանը։ Գոհար Վարդանյանը նրա երկնային կյանքին միացավ ութ տարի անց։ Նրանց համատեղ կյանքի պատմությունը ոսկե տառերով փորագրված է մեր պատմության էջերում՝ որպես հանրային ծառայության մի հերոսական օրինակի, որը պիտի ոգեշնչի ներկա ու գալիք սերունդներին։Living Legacy