Բացառիկ հատկանիշներով օժտված դիվանագետ Էտուըրտ Ճէրէճեանը (Էդվարդ Ջերեջյան) իր ողջ կյանքը նվիրել է հանրային ծառայությանը։ Նրա ձայնը հնչում է հանգիստ ու հստակ, իսկ խոսքը վստահություն է ներշնչում, քանի որ բառերն ընտրվում են մեծ ուշադրությամբ։ Ճէրէճեանը տասնյակ տարիների փորձառության արդյունքում անմիջապես կարողանում է վստահության մթնոլորտ ստեղծել, որի արդյունքում նրա հետ բանակցային սեղանի շուրջը լինելիս ակամայից ցանկանում ես, որ քո շահերը ներկայացնողը հենց նա լինի։
ԱՄՆ ութ նախագահական վարչակազմերում տասնամյակների փորձ ձեռք բերած Ճէրէճեանն իր մասնագիտության մասին խոսելիս ընդգծում է, որ չնայած բանակցությունների հիմնարար սկզբունքները՝ բաց հաղորդակցությունը, վստահության վրա հիմնված հարաբերությունները և ազգային անվտանգության ու տնտեսական շահերի պաշտպանությունը կենսական են, սակայն դիվանագիտության մեջ հաջողության գրավականը լսելն է, այլ ոչ խոսելը։
«Դիվանագիտությունը շփման եզրեր գտնելու և դրական հարաբերությունները պահպանելու արվեստն է. այնպես, որ հակառակորդ կողմերը չկարողանան մերժել մեկը մյուսին։ Իսկ երբ դիմացինի դիրքորոշումը լսելու ու հասկանալու որևէ ջանք չի գործադրվում, հարաբերությունները խզվում են, իսկ հակամարտությունը դառնում է անխուսափելի։ Պատերազմը դիվանագիտության լիակատար ձախողման հետևանքն է»,- բացատրում է նա։
Պատահական չէ, որ Ճէրէճեանը լավ գիտի խաղաղության արժեքը։ Նրա աշխատանքի մեծ մասն անցել է Մերձավոր Արևելքի անկայուն ու բևեռացված քաղաքական միջավայրում, որտեղ նա օգնել է ձևավորել ԱՄՆ քաղաքականությունը։
Ջորջթաունի համալսարանն ավարտելուց և դիվանագիտության ոլորտում բակալավրի աստիճան ստանալուց հետո Ճէրէճեանը 1961-1962 թթ.-ին ծառայում է Կորեայում՝ որպես ամերիկյան բանակի սպա։ Այնուհետև սկսում է իր դիվանագիտական կարիերան ԱՄՆ կառավարությունում՝ ստանձնելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Բոլի հատուկ օգնականի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1964 թ.-ը։
1960-ականներից Ճէրէճեանը Բեյրութում ծառայում է ԱՄՆ դեսպանատանը, ապա՝ 1969-1972 թվականներին Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում։ Այնուհետև նշանակվում է գլխավոր հյուպատոս Ֆրանսիայի Բորդո քաղաքում (1975-1977), իսկ 1979 թվականին՝ խորհրդային զորքերի՝ Աֆղանստան ներխուժման դժվարին ժամանակահատվածում, նա ղեկավարում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժինը։ Հետագայում նա Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ԱՄՆ դեսպանատանը ծառայում է որպես առաքելության ղեկավարի տեղակալ (1981-1984), որտեղ էլ սերտ աշխատանքային հարաբերություններ է հաստատում Հուսեյն թագավորի հետ։
Սառը պատերազմի, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Ծոցի պատերազմի ավարտները նշանավորող շրջադարձային ժամանակաշրջանում՝ 1988-1991 թվականներին, Ճէրէճեանը ստանձնում է մեկ այլ կարևոր պաշտոն՝ այս անգամ նշանակվելով Սիրիայում ԱՄՆ դեսպան։ Ըստ Ճէրէճեանի՝ սա իր կարիերայի ամենախրթին պաշտոններից էր։
Երկու երկրների միջև հարաբերությունները թշնամական էին, և նախագահ Ռեյգանից, ապա նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշից ստացած մանդատը խրթին էր. Ճէրէճեանը պետք է համոզեր Սիրիային ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ, զբաղվեր Լիբանանում ամերիկացի պատանդների ազատագրմամբ՝ օգտագործելով Սիրիայի ազդեցությունը Իրանի և Հեզբոլլահի վրա, ապահովեր Սիրիայի հրեաների ազատ տեղաշարժը, ինչպես նաև հորդորեր Սիրիային միանալ ԱՄՆ գլխավորած կոալիցիային՝ կանխելու Սադդամ Հուսեյնի ներխուժումը Քուվեյթ։
Այս առաքելությունն իրականացնելու համար Ճէրէճեանը գիտակցում է, որ անհրաժեշտ է ուղիղ կապ հաստատել Սիրիայի ղեկավարի՝ նախագահ Հաֆեզ ալ-Ասադի և նրա առանցքային համախոհների հետ։ Ասադը, լինելով կոշտ և հմուտ բանակցող, հազվադեպ էր դեսպանների ընդունում, ուստի Ճէրէճեանը նախ պետք է հայտնվեր Ասադի տեսադաշտում։
Նա ուսումնասիրել էր Ասադի կենսագրությունը, անհատականությունն ու աշխատելաոճը և պարզել, որ վերջինս դրական կարծիք ունի Սիրիայի հայ համայնքի վերաբերյալ։ Ուստի, Ասադի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա որոշեց օգտագործել, ինչպես ինքն է անվանում, «հայկական խաղաքարտը»։
«Որպես նորանշանակ դեսպան՝ իմ առաջին պաշտոնական պարտականությունը Դամասկոսում հավատարմագրերս Ասադին հանձնելն էր։ Արարողության պաշտոնական մասի ավարտից հետո նրան պատմեցի, թե ինչպես է հայրս՝ Պետրոսը, 1915 թվականին օսմանյան թուրքերի ձեռքով կորցրել իր ծնողներին և ստիպված եղել Հաճնի իր հայրական տնից մահվան վտանգով ճանապարհ ընկնել դեպի սիրիական անապատում գտնվող Դեր Զոր քաղաք։ Ասացի, որ եթե Հալեպում սիրիացի արաբների մի ընտանիք նրան ապաստան ու ախոռապանի աշխատանք տված չլիներ, գուցե նա այդպես էլ չկարողանար հասնել Միացյալ Նահանգներ»,- հիշում է Ճէրէճեանը։
Հետո շարունակում է Ասադին պատմել, որ օրերից մի օր հայրն իմանում է, թե ինչպես են երկու որբացած հայ օրիորդների հանձնել թուրք սպայի հարեմ։ Զայրույթով լցված՝ նա վտանգի է ենթարկում սեփական կյանքն ու ձին հեծած գնում-փրկում է աղջիկներին ու բերում Հալեպի հայկական եկեղեցիներից մեկը։ Ի վերջո, քույրերը վերամիավորվում են Մասաչուսեթսում ապրող իրենց եղբոր հետ։ Իմանալով Պետրոսի խիզախ և անձնուրաց արարքի մասին՝ նրանց եղբայրը հովանավորում է, որ Պետրոսը ներգաղթի Միացյալ Նահանգներ։
Պետրոսն այստեղ բացում է մթերային խանութ և հանդիպում ապագա զոքանչին՝ Էտուըրտի մորական տատին: Կինը Պետրոսին ցույց է տալիս դստեր՝ Մարի Եազըճեանի (Յազեջյան) լուսանկարն ու պատմում, թե ինչպես է նա, Ցեղասպանությունից փրկվելով, Լիբանանի դանիական որբանոցի միջոցով հասել Կուբա։ Ազդվելով Մարիի պատմությունից՝ Պետրոսն առանց երկմտելու մեկնում է Հավանա ու աղջկան բերում Մասաչուսեթս։ Զույգն ամուսնանում է, ունենում երկու որդի և նպատակ դնում որդիների համար բարեկեցիկ ապագա ապահովելու։
Վերջում Ճէրէճեանը դիմում է Ասադին՝ «Ափսոս, մեր երկու երկրների միջև հարաբերությունները թույլ չեն տվել Ձեզ, պարո՛ն նախագահ, այցելել Միացյալ Նահանգներ։ Մենք ներգաղթյալների երկիր ենք։ Եթե ինչ-որ մեկը հորս ասեր, որ մի օր նա որդի կունենա, որը Սիրիայում կդառնա ԱՄՆ դեսպան, նա թերահավատորեն կմոտենար դրան»:
Ասադն անձնական հետաքրքրություն է ցուցաբերում Ճէրէճեանի պատմության վերաբերյալ: Ուստի, Ճէրէճեանն Ասադին ասում է, որ Դամասկոսում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կարողանա հանդիպել նախագահի և նրա նախարարների հետ: Կարճատև դադարից հետո Ասադը հայտնում է Սիրիայի արտաքին գործերի պետնախարարին, որ համաձայն է Ճէրէճեանի հետ: Այդ պահը երկու այրերի միջև հարգալից և արդյունավետ աշխատանքային հարաբերությունների հաստատման սկիզբն է դառնում։
Դամասկոսում դեսպան լինելու տարիներին Ճէրէճեանը գրանցեց շատերի համար անհնարին թվացող արդյունքներ։ Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Ա. Բեյքեր III-ի հետ սերտ համագործակցությունը նպաստեց, որ պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ սկսվեն, որի արդյունքում ԱՄՆ-ն 1991 թվականի Մադրիդի խաղաղության համաժողովին իր մասնակցությունն ունեցավ: Ավելին, նրա դիվանագիտական ջանքերի շնորհիվ Սիրիայի հրեաներին շնորհեցին տեղաշարժի իրավունք, Սիրիան միացավ «Անապատային փոթորիկ» դաշինքին, իսկ Լիբանանում գերի ընկած ամերիկացի պատանդներն ազատ արձակվեցին:
Դամասկոսում Ճէրէճեանի արդյունավետ գործունեությունը նպաստեց, որ 1991 թվականին նա նշանակվի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական, որն այդ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության մշակման ամենաբարձր պաշտոններից էր։ Հենց այդ ժամանակ էլ նա Meridian House-ում հանդես եկավ իր լեգենդար «Միացյալ Նահանգները և Մերձավոր Արևելքը փոփոխվող աշխարհում» ելույթով։ Ընդունված է համարել, որ այս ելույթը Սառը պատերազմի ավարտից հետո մուսուլմանական աշխարհի ուղղությամբ ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության ուղենշային ձևակերպումն էր։
«Հիշում եմ, թե ինչպես հարցրի պետքարտուղար Բեյքերին, թե արդյոք կարդացե՞լ է ելույթիս նախնական տարբերակը, որն ուղարկել էի իրեն հաստատման։ Նա ասաց, որ չի կարդացել ու խնդրեց ամփոփ կերպով ներկայացնել դրա բովանդակությունը։ Ես ներկայացրի հիմնական կետերը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես վստահում եմ Ձեր դատողությանը, պարզապես զգույշ եղեք», - հիշում է Ճէրէճեանը։
Պաշտոնավարման ընթացքում Ճէ-րէճեանը հաջողությամբ կանխատեսեց տարածաշրջանում ի հայտ եկող սպառնալիքները և զեկուցեց թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ ծայրահեղականության աճի, ինչպես նաև այն խմբերի մասին, որոնք ձգտում էին իշխանության գալ ժողովրդավարության քողի ներքո, սակայն իրականում նպատակ ունեին տապալելու ժողովրդավարությունը։
Ճէրէճեանի ուղիղ, բայց չափավոր գնահատականը կոչ էր Միացյալ Նահանգներին տարածաշրջանում վարելու չափավոր քաղաքականություն և աջակցելու բարեփոխումներին ու կայուն ներգրավվածությանը՝ երկարաժամկետ կայունություն խթանելու համար: Միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության դասընթացներում հաճախ մեջբերվող այս ելույթն ամրապնդեց Ճէրէճեանի հեղինակությունը՝ որպես Մերձավոր Արևելքի հարցերում ամենաբանիմաց ու փորձառու ամերիկացի դիվանագետներից մեկի:
1991-1993 թթ.-ին պաշտոնավարելով որպես Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական և Իսրայելում ԱՄՆ դեսպան՝ նա կարևոր ներդրում է ունեցել արաբա-իսրայելական խաղաղության բանակցությունների գործընթացում։ Այդ զարգացումների շարքում էր Միացյալ Նահանգների հովանու ներքո Իսրայելի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջև Օսլոյի համաձայնագրերի պատմական ստորագրումը։
ԱՄՆ արտաքին ծառայությունում Ճէրէճեանի 32-ամյա ուշագրավ կարիերայի առանցքային դրվագները նկարագրված են 2008 թվականին լույս տեսած նրա «Վտանգ և հնարավորություն. ամերիկյան դեսպանի ճանապարհորդությունը Մերձավոր Արևելքով» hուշագրություն-քաղաքական տրակտատում։
Ծառայությունը թողնելուց հետո նա տեղափոխվեց ակադեմիական ոլորտ՝ շարունակելու քաղաքականության ձևավորումը հետազոտությունների, երկխոսության և հանրային ներգրավվածության միջոցով։
1994 թվականին նա դարձավ Հյուսթոնի Ռայսի համալսարանում Ջեյմս Ա. Բեյքեր III-ի Հանրային քաղաքականության ինստիտուտի հիմնադիր տնօրենը և այդ պաշտոնում մնաց մինչև 2022 թվականը։ Ճէրէճեանը մշտապես ունեցել է իր տիկնոջ՝ Ֆրանսուազ Անդրեե Լիլիան Մարի (Հեյլթերս) Ճէրէճեանի աջակցությունը։ Վերջինս բավականին հայտնի է դիվանագիտական ու ակադեմիական շրջանակներում և մեծ աջակցություն է ցուցաբերել Ճէրէճեանին ինստիտուտի ստեղծման գործում։ Ամուսինները նպաստեցին, որ կառույցը դառնա Միացյալ Նահանգներում հանրային քաղաքականության ոլորտի ամենաառաջատար վերլուծական կենտրոններից մեկը՝ ներգրավելով ազգային և համաշխարհային առաջնորդների և ինստիտուտում հյուրընկալելով հանրահռչակ առաջնորդների, այդ թվում՝ Նելսոն Մանդելային։
Ի նշան երախտագիտության՝ Ռայսի համալսարանը 2022 թվականի մայիսին Բեյքերի ինստիտուտի Մերձավոր Արևելքի հարցերով կենտրոնը վերանվանեց Էտուըրտ Ճէրէճեանի անունով, ինչպես նաև պատվեց նրան՝ շնորհելով Բեյքերի ինստիտուտի խորհրդատվական խմբի մշտական անդամակցություն։
Այսօր՝ կյանքի 86-րդ տարում, Ճէրէճեանը շարունակում է ներկայացնել իր դիվանագիտական հարուստ փորձը՝ մասնակցելով սեմինարների և խորհրդատվություն տրամադրելով ապագա քաղաքական գործիչներին Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի գիտության և միջազգային հարաբերությունների Բելֆեր կենտրոնում, որտեղ նա Մերձավոր Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող է։ Նա նաև Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է և շարունակում է գործել որպես դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մեկնաբան ու ռազմավարական խորհրդատու։
«Ես բախտավոր էի։ Ես ամենասկզբից էլ գիտեի, որ ցանկանում եմ աշխատել արտաքին ծառայության ոլորտում և դրանով իսկ վերադարձնել պարտքս այն երկրին, որը ապահով տուն դարձավ ընտանիքիս ու Ցեղասպանությունը վերապրած շատ անհատների համար»,- ասում է նա։
Եվ նա ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ողջ հայ համայնքին կարողացավ փոխհատուցել՝ մշակույթները կամրջելու, երկխոսությունը խթանելու և սեփական ինքնությունն ազդեցիկ և համարձակ դիվանագիտության, խորհրդատվության և առաջնորդության գործիքի վերածելու բնատուր կարողության շնորհիվ։