Ճանաչի՛ր թշնամուդ

ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի խորհրդական Հրայր Գապայեանը՝ 9/11-ին հաջորդած հակաահաբեկչական պայքարի մասին


ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբում «Դոկ» անունով հայտնի դր. Հրայր Գապայեանի (Քաբայան) համար 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ը շրջադարձային էր։ Այն ժամանակ միջուկային զենքի ազդեցության, ռազմավարական պաշտպանական նախաձեռնությունների ու էներգետիկ ծրագրերի ոլորտում ավելի քան 20 տարվա փորձով՝ մասնագիտությամբ ֆիզիկոս դր. Գապայեանն արդեն մի քանի տարի աշխատում էր ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբում։ Երբ American Airlines ավիաընկերության թիվ 77 չվերթի առևանգված ինքնաթիռը բախվեց Պենտագոնի արևմտյան պատին, Գապայեանը կառույցի ներսում էր՝ վթարի վայրից բավականաչափ հեռու՝ անվտանգ լինելու համար, սակայն բավականաչափ մոտ՝ հետևանքներն անձամբ զգալու համար։

Գապայեանին այդ ժամանակ ցնցել էր կանխամտածված սպանությունների շարքը, հատկապես, երբ Պենտագոնում նրա հիմնական առաքելությունն էր դիմակայել Աֆղանստանից ի հայտ եկող ահաբեկչության մարտահրավերներին:

AGBU Magazine-ին տված հարցազրույցում Դր. Գապայեանը պատմում է կարիերայում իր ստանձնած դերերի փոխակերպումների մասին։

Որպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի գիտական գծով խորհրդական՝ դր. Գապայեանը ղեկավարել է տարբեր ոլորտներ ներկայացնող մի քանի հարյուր մասնագետներից բաղկացած թիմ՝ հասկանալու ահաբեկիչների և ահաբեկչական խմբերի, ինչպես նաև նրանց թիրախում հայտնված քաղաքացիական անձանց մտածելակերպը, մշակույթները, վարքագիծն ու շարժառիթները։ 20 տարիների անմնացորդ ծառայության համար Գապայեանը 2007, ապա 2009 թվականներին արժանացել է ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության կողմից քաղաքացիական անձանց շնորհվող բարձրագույն պարգևին՝ Meritorious Civilian Service Award-ին։

Նկար
Հրայր Գա­պա­յեա­նն աշ­խա­տան­քի ժա­մա­նակ: Նա սեպ­տեմ­բե­րի 11-ից հե­տո օգ­նեց ԱՄՆ զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բին վե­րա­սահ­մա­նել հա­կաա­հա­բեկ­չա­կան պայ­քա­րը միջ­գի­տա­կար­գա­յին մո­տեց­ման շնոր­հիվ։

Հրայր Գա­պա­յեա­նն աշ­խա­տան­քի ժա­մա­նակ: Նա սեպ­տեմ­բե­րի 11-ից հե­տո օգ­նեց ԱՄՆ զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բին վե­րա­սահ­մա­նել հա­կաա­հա­բեկ­չա­կան պայ­քա­րը միջ­գի­տա­կար­գա­յին մո­տեց­ման շնոր­հիվ։
Caption
Հրայր Գա­պա­յեա­նն աշ­խա­տան­քի ժա­մա­նակ: Նա սեպ­տեմ­բե­րի 11-ից հե­տո օգ­նեց ԱՄՆ զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բին վե­րա­սահ­մա­նել հա­կաա­հա­բեկ­չա­կան պայ­քա­րը միջ­գի­տա­կար­գա­յին մո­տեց­ման շնոր­հիվ։

Դր. Գապայեանը ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Բեյրութ, որտեղ  բակալավրի աստիճան է ստացել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Հետո տեղափոխվել է ԱՄՆ՝ Իլինոյսի համալսարանում ֆիզիկայի ոլորտում դոկտորական աստիճան ստանալու նպատակով: Ավարտելուց հետո դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտում և ՄաքԳիլի համալսարանում:

1977 թվականին դր. Գապայեանն աշխատանքի է անցնում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայում։ 20 տարի անց՝ 1997 թ.-ին, նա Կալիֆոռնիայից տեղափոխվում է Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաք՝ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության հետ աշխատելու համար։ Նա Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիա է վերադառնում 2019 թվականին՝ որպես հրավիրյալ գիտնական, իսկ արդեն 2020 թ.-ին անցնում է թոշակի։

Այսօր դր. Գապայեանը շարունակում է իր գործունեությունը՝ հեղինակելով հոդվածներ ու կատարելով վերլուծություններ։ Ի լրումն, նա ելույթներ է ունենում մասնագիտական ու քաղաքացիական լսարանի առջև՝ ռազմավարական պաշտպանության մասին իր բացառիկ տեսակետները ներկայացնելու համաշխարհային լսարանին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Այդ ժամանակ ահաբեկչության մասին համալսարաններում չէին սովորեցնում։ Ժամանակ էր պետք հասկանալու համար, որ ահաբեկչության դեմ պայքարում պետք է ձևավորել սեփական ցանցը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ահաբեկչի գլխում։


Հ. Մեծ պատիվ է զրուցել Ձեզ հետ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում անցկացրած Ձեր տարիների շուրջ: Ինչպե՞ս սկսեցիք աշխատել Պենտագոնում:

Պ. Այս հարցն ինձ հաճախ են տալիս։ Փորձեմ պարզ բացատրել։ 1990-ականների վերջն էր, Սառը պատերազմն ավարտվել էր, աշխարհը հարաբերականորեն խաղաղ էր, իսկ կյանքը՝ հանգիստ։ Ես Կալիֆոռնիայում աշխատում էի Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայում և զբաղվում էի միջուկային ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրություններ անելով։ Մասնագիտության բերումով հեռավար աշխատում էի նաև Պենտագոնի համար։

Գիտության ոլորտում քսան տարի աշխատելուց հետո գլխավոր շտաբի իմ ծանոթներից մեկը հայտնեց, որ իրենք գիտությամբ զբաղվող մասնագետի կարիք ունեն և հարցրեց՝ արդյոք դա կհետաքրքրի ինձ, թե ոչ։ Լաբորատորիայում ես աշխատում էի քաղաքացիական գիտնականների հետ, սակայն աշխատանքային այս նոր հնարավորությունն ինձ տանելու էր ռազմական ոլորտ։

Այստեղ հետախուզությունը, պաշտպանության քաղաքականությունն ու ռազմական գործողությունները գտնվում էին նույն հրամանատարության ներքո։ Սա գրավեց ինձ, քանի որ ռազմական գործողությունների ժամանակ ամեն բան շատ ավելի արագ է լինում՝ համեմատած գիտական լաբորատորիաների հետ։ Եվ այդպես որոշեցի, որ նոր բան փորձելու ժամանակն է։

Աշխատանքն ընդամենը երկու տարի ժամկետով էր և ենթադրում էր սերտ համագործակցություն ահաբեկչական մարտահրավերները կանխելու գործում. մի բան, որը Քլինթոնի վարչակազմի տարիներին արդեն իսկ մեր դիտակետում էր։ Ես հարցին մոտենում էի բացառապես գիտության ու տեխնոլոգիաների տեսանկյունից։ Հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Նախապես պայմանավորված երկամյա աշխատանքային պայմանագիրը վերածվեց քսանի, իսկ աշխատանքային գործունեությունն ամբողջովին այլ ընթացք ստացավ։

 

Հ. Պատմե՛ք, խնդրում եմ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի Ձեր փորձառության մասին, երբ American Airlines-ի թիվ 77 չվերթի ինքնաթիռը մխրճվեց Պենտագոնի մեջ։

Պ. Այդ առավոտյան ես Պենտագոնում էի։ Բարեբախտաբար, շենքի այն հատվածը, որտեղ ես էի, ավելի քիչ տուժեց հարվածից։ Այդուհանդերձ, ես խորապես ցնցվել էի ավերածությունների ծավալից ու գրանցված զոհերի թվից։ Ես նաև խորը շոկի մեջ էի. աշխատանքային գործունեությանս վերջին երկու տարիներն անց էի կացրել՝ փորձելով գտնել Ուսամա բեն Լադենին ու Աֆղանստանում նրա ահաբեկչական ցանցը։ Ու հանկարծ անսպասելի նա ռումբ է նետում հենց իմ գլխին։

Ինձ տանջող հիմնական միտքն այն էր, թե ինչպես կարող էինք այսպես ձախողել։ Եվ եթե անկեղծ, չեմ հիշում, թե ինչ եմ արել դրան հաջորդող օրերին։ Հիշում եմ, որ մեր մեքենաները չէինք կարողանում վարել, քանի որ հարվածը վնասել էր նաև Պենտագոնի ավտոկայանատեղին։ Բայց չեմ հիշում, թե ինչպես եմ տուն հասել, կամ ինչ եմ արել դրանից հետո. տրավմայի հետևանքով այդ ամենը երևի ջնջվել է ուղեղիցս։

 

Հ. Սեպտեմբերի 11-ից հետո ի՞նչ փոխվեց Ձեր ու Ձեր գործընկերների կյանքում։

Պ. Երբ վերադարձա գրասենյակ, ինձ ասացին, որ թողնեմ այն ամենը, ինչ անում էի և զբաղվեմ բացառապես ահաբեկչության դեմ պայքարով։ Դե, ես ֆիզիկոս եմ։ Այդ տարիներին գրեթե ամեն բան կապված էր տեխնոլոգիաների հետ։ Մտածեցի, որ տեխնոլոգիայի օգնությամբ կարող ենք ոչնչացնել նրանց և, հետևաբար, լայն ցանց ստեղծեցի, որի հիմնական ռազմավարությունը մնում էր զենքն ու զինամթերքը։ Առհասարակ այդ ժամանակ Պենտագոնում կարծում էին, թե ահաբեկչության հարցը կարելի էր լուծել տեխնոլոգիաների օգնությամբ։

Սակայն հետո հանդիպեցի հին ընկերներիցս մեկին, ով արդեն գեներալ էր ու նոր էր Բաղդադից վերադարձել։ Հանդիպման ժամանակ հարցրի, թե ինչի կարիք ունեն Բաղդադում։ Նայեց ինձ ու պատասխանեց. «Դո՛կ, ինչ զենք մտքովդ անցնում է, ունեմ, բայց գաղափար չունեմ, թե ինչ է կատարվում այնտեղ»։ Ու ես չէի հասկանում, թե ինչ է ասում. դեռ կառչած էի իրերի ֆիզիկական կողմին։ Աստիճանաբար սկսեցի հասկանալ, որ լրիվ սխալ ուղղությամբ ենք շարժվում։

Այդ ժամանակ ահաբեկչության մասին համալսարաններում չէին սովորեցնում։ Ժամանակ էր պետք հասկանալու համար, որ ահաբեկչության դեմ պայքարում պետք է ձևավորել սեփական ցանցը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ահաբեկչի գլխում։ Եվ ցանց ասելով՝ ես նկատի ունեմ ինչպես ֆիզիկոսների և քաղաքագետների, այնպես էլ մարդաբանների, սոցիոլոգների, նյարդաբանների և այլ մասնագետների։ Ահա թե ինչ է նշանակում կիրառել բազմագիտակարգային մոտեցում։ Այդ իրավիճակն ինձ հիշեցնում էր հին հունական մի ասացվածք. «Աղվեսը գիտի շատ գաղտնիքներ, իսկ ոզնին՝ ընդամենը մեկը, բայց՝ ամենագլխավորը»։ Այդ ժամանակ հասկացա, որ իրականում աղվես է պետք լինել։

Նախ, դիմեցի մի շատ հայտնի մարդաբանի, որը մանրամասն բացատրեց, որ ապստամբների դեմ պայքարում նախ պետք է հասկանալ նրանց ու նրանց ժողովրդի հոգեբանությունը։ Դա շրջադարձային բացահայտում էր ինձ համար։

Պետք է նշեմ, որ տեղեկատվության հոսքն այս գործընթացում ահռելի էր, սակայն չկար անհրաժեշտ խորությունը։ Հենց դրա համար էլ դիմեցի լավագույն մասնագետներին, որոնք անհապաղ մեզ միացան տարբեր ոլորտներից։ Ու մինչ օրս կապի մեջ եմ նրանց հետ։

Այս գործընթացում կարևոր էր նաև այն հանգամանքը, որ շտաբի ներկայացուցիչներին տեղեկացրի, որ նրանց հարյուր տոկոսանոց ճշգրիտ պատասխան տալ չեմ կարող և, եթե դա է նրանց ուզածը, ապա պետք է ուրիշին դիմեն։ Գիտեք, ի վերջո հանգել եմ այն եզրակացության, որ նման իրավիճակներում պետք է իշխանություններին հայտնել ողջ ճշմարտությունը՝ ընդունելով, որ ոչինչ երաշխավորված չէ։ Անորոշություններով լի աշխարհում ստիպված ես հաշտվել դրա հետ։
 

Հ. Ի՞նչ դասեր եք քաղել նման կարևոր որոշումներ կայացնելիս։

Պ. Նախ և առաջ, կարևոր որոշումներ կայացնելու համար կազմակերպված հանդիպումներին երբեք մի պարտադրեք ձեր տեսակետը։ Ես միշտ բանակցությունների սրահ եմ մտել բաց մտքով ու զրո էգոյով։ Այսպես սովորեցի լսել, լսել ու էլի լսել. լսել բոլորին։

Կարող եմ մի օրինակ բերել. մի անգամ գեներալներից մեկն ինձ հայտնեց իր մտահոգությունը, որ մի երկիր հակված է անկայունությունների։ Ցանկանում էր իմանալ՝ արդյոք իր մտահոգությունները տեղին են, թե ոչ։ Հարցն իսկապես կարևոր էր ու պատասխանելու համար ժամանակ խնդրեցի։ Հրավիրեցի այդ երկրի հանրային ցանցին ու այլ մանրամասներին քաջատեղյակ մի շարք մասնագետների, և մի քանի ամիս տևած քրտնաջան աշխատանքից հետո միասին եկանք այն եզրակացության, որ դա տեղի չի ունենա։

Երբ զեկուցեցի գեներալին, զգացի, որ իրականում ավելի շատ կուզեր, որ հաստատեինք իր կանխատեսումները, չնայած որ իրապես ուրախ էր լսել, որ խնդիրներ չեն լինի։ Ո՞րն էր այն դասը, որ քաղեցի այս դեպքից. երբեք ձեր վերադասներին մի՛ ասեք միայն այն, ինչ ցանկանում են լսել։ Դա ասես «մահվան համբույր» լինի ցանկացածի համար, ով կառավարությունում բարձր պաշտոն է ցանկանում զբաղեցնել։ Եթե իշխանություններին ճշմարտությունն ասելու բավարար քաջություն չունես, ապա աղետի ճանապարհին ես։ Անկախ նրանից քաղաքացիական, թե ռազմական գործի մեջ ես, պետք է միշտ և ուղիղ ասես ճշմարտությունը։ Եվ հիմա՝ ութ տարի անց, կարող եմ ասել՝ ժամանակը ցույց տվեց, որ գեներալին ճշմարտությունն էինք ասել։

 

Հ. Թեպետ Դուք նշեցիք, որ տեխնոլոգիաները չեն կարող լուծել զինյալ ապստամբների հարցը, սակայն ի՞նչ կասեք արհեստական բանականության մասին։ Արդյոք այն փոխու՞մ է իրավիճակը։

Պ. Ես արհեստական բանականության մասնագետ չեմ։ Իմ դպրոցական տարիներին մենք համակարգիչն օգտագործում էինք հաշվարկներ անելու համար։ Արհեստական բանականությունը մեծ աղմուկ է բարձրացրել, և մենք պետք է շատ զգույշ լինենք։

Սակայն նրանք, ովքեր պնդում են, թե արհեստական բանականությունն օգտակար կամ վստահելի չէ, ևս սխալվում են։ Արհեստական բանականությունը մի շարք առավելություններ ունի։ Վերջերս այն օգտակար եղավ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավին հետևելու գործում: Ես ցանկանում էի իմանալ, թե ինչպես է Հայաստանի կառավարությունն արձագանքում լրատվամիջոցների շուրջօրյա հարձակումներին, բայց չկարողացա շատ տեղեկատվություն հավաքել: Հետևաբար, միացա Օհայոյի համալսարանի մի քանի ուսանողների, որոնք, մի փայլուն հայ ուսանողի գլխավորությամբ, արհեստական բանականության միջոցով մշակեցին վերահսկման մի գործիք։ Դա ինձ իրապես տպավորեց։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ռազմավարական պաշտպանության համար արհեստական բանականությունը պետք է օգտագործել որպես միջգիտակարգային համակարգի հավելում, ոչ թե դրան փոխարինող գործիք։

 

Հ. Կառավարությունում աշխատելու համար ի՞նչ անձնական որակներ պետք է ունենան սկսնակները՝ հաջողության հասնելու համար։

Պ. Կան մարդիկ, որոնք ցանկանում են աշխատանքի ընդունվել խոշոր ընկերություններում ու մեծ գումարներ վաստակել մասնավոր հատվածում։ Մյուսները ցանկանում են նպաստել տեխնոլոգիական զարգացմանը։ Ես հարգում եմ այդ որոշումներն ու հաջողություն եմ մաղթում նրանց։ Բայց եթե ցանկանում ես ծառայել սեփական երկրիդ, պետք է սկսել ինքնավերլուծությունից. ո՞րն է քո ուժեղ կողմը, արդյոք աղվե՞ս ես, թե՞ ոզնի։ Եթե ոզնի ես, կառավարությունում շատ պաշտոններ կան, որոնք լիովին համապատասխանում են «մեկ մեծ գործ լավ անելու» տրամաբանությանը։ Կարող ես գնալ պաշտպանության նախարարություն և մշակել հաջորդ սերնդի լավագույն օդանավը կամ մեկ այլ բան։ Կարող ես գնալ պետդեպարտամենտ և մշակել ինչ-որ մի երկրի հետ հարաբերությունների հաջորդ ռազմավարությունը։ Իսկ եթե ավելի շատ աղվես ես և չես ցանկանում սահմանափակվել մեկ բան անելով, ու քեզ մոտ միանգամից մի քանի բան է լավ ստացվում, ապա կգտնես նաև այնպիսի հնարավորություններ, որտեղ այդ ճկունությունն անհրաժեշտություն է։ Դու պարտավոր չես ամեն ինչի վարպետը լինել։

Իմ պարագայում ես սկսեցի որպես «ոզնի» և հետո ստիպված դարձա «աղվես»։ Եվ ահա 20 տարի անց ես այստեղ եմ ու գոհ եմ իմ անցած ճանապարհից։ 

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի դեկտեմբերյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։